Պարենի դիֆիցիտ լինելու է․ գյուղոլորտի փորձագետ Հարություն Մնացականյան

«Գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ որոշումներն արագ պետք է կայացնել, որովհետև մեկ օրը կարող է տարի կերակրել»,- Genesis Armenia ուղեղային կենտրոնում տեղի ունեցած «Ռուս-ուկրաինական ճգնաժամ․ տնտեսական և աշխարհաքաղաքական հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Genesis Armenia-ի «Գյուղատնտեսություն» ոլորտի ղեկավար Հարություն Մնացականյանը։

Ըստ նրա՝ որքան ձգվի ռուս-ուկրաինական պատերազմը, այնքան մեծանալու է պարենի համաշխարհային դեֆիցիտը։ «Օրինակ՝ Ուկրաինան բուսական յուղի խոշոր մատակարար է։ Պատերազմի պայմանում այդ երկիրը չի կարողանում

գարնանացան անել, արդյունքում՝ ամիսներ հետո ունենալու ենք առաջին

անհրաժեշտության ապրանք համարվող ձեթի դեֆիցիտ։ Նույն վիճակն է նաև ցորենի, գարու, եգիպտացորենի շուկայում։ Իսկ Ռուսաստանը հատիկեղենն ամբարում է՝ արգելելով դրա արտահանումը»,- ասաց Մնացականյանը։

Փորձագետի համոզմամբ՝ օգոստոսի 31-ից հետո Ռուսատանը, հաշվարկելով իր պաշարները, այն օգտագործելու է որպես խաղաթուղթ։

Հայաստանի վերաբերյալ էլ կանխատեսումները հուսադրող չեն։ Ռուսաստանից հատիկեղենի ներմուծման արգելքը, ըստ Մնացականյանի, անմիջական ազդեցություն կունենա անասնապահության վրա։

«Եթե պարզվի, որ Հայաստանը չունի անասնակերի պաշար, սկսվելու է

գլխաքանակի համատարած մորթ։ Հայաստանն ունի նաև պարատանյութի խնդիր։ Ճիշտ կլինի ասել, որ պարարտանյութ պարզապես չկա։ Երկու տարի առաջ 7000 դրամ արժեքով պարատանյութն այսօր 22 000 դրամ է, ինչը գյուղացու համար ծանր բեռ է։ Դրան զուգահեռ գյուղատնտեսական նշանակության հողերի 45%-ը չի մշակվում, իսկ մնացածը դեգրադացված է, հետևաբար ցածր է բերքատվությունը»,-նշեց Մնացականյանը։

Փորձագետի խոսքով՝ բոլոր խնդիրների պատճառը սխալ կառավարումն ու գյուղատնտեսությանն առնչվող անհասկանալի քաղաքականությունն է։

Մանրամասները` տեսանյութում

Կարդացեք նաև