Սահմանների բացման գինը․ տնտեսական խոստումներ և ռազմավարական ռիսկեր

Մաս առաջին

Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի քան երեք տասնամյակ շարունակվող հակամարտությունը հանգեցրել է երկու երկրների միջև բոլոր կապերի ամբողջական խզմանը։ Ներկայումս խաղաղության գործընթացի ֆոնին սահմանների հնարավոր բացումը տարածաշրջանում արտաքուստ կարող է ընկալվել որպես դրական զարգացում, սակայն միաժամանակ այն պարունակում է լուրջ ռիսկեր՝ կապված անվտանգության, տնտեսական հավասարակշռության և ներքին շուկայի պաշտպանության հետ։

Տեսականորեն, սահմանների բացման և կայուն խաղաղության հաստատման պայմաններում Հայաստանը կարող է ընդլայնել իր դերակատարությունը որպես տարանցիկ երկիր՝ ստանալով լրացուցիչ եկամուտներ, առաջին հերթին՝ բեռնափոխադրումներից և ճանապարհային հարկերից։ Սակայն եթե Սյունիքի այդ հատվածը վերածվի այսպես կոչված «Թրամփի ճանապարհի», ապա Հայաստանի դերը էականորեն կթուլանա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով։ Չնայած պետք է ընդգծել, որ գործող քաղաքական և անվտանգային իրադրության պայմաններում նման սցենարը դեռևս քիչ հավանական է։

Միաժամանակ անհրաժեշտ է շեշտել, որ Ադրբեջանի հետ ցանկացած ճանապարհային կամ էներգետիկ կապ կարող է վերածվել անվտանգության լուրջ ռիսկ պարունակող գործիքի՝ ճգնաժամային կամ ռազմական լարվածության իրավիճակներում։ Ճանապարհների բացման և տնտեսական ազատ գործունեության պայմաններում Ադրբեջանը պատերազմը ռազմական դաշտից կտեղափոխի տնտեսական դաշտ։ Տակտիկայի փոփոխությունը, սակայն, չի նշանակում ռազմավարության փոփոխություն․ Ադրբեջանի հիմնական նպատակը մնում է նույնը՝ Հայաստանին հասցնել վերջնական կախվածության և քաղաքական կապիտուլյացիայի։

 

  • Տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունների ընդլայնում

Սահմանների բացման դեպքում Հայաստանը տեսականորեն կարող է դուրս գալ դեպի Կասպից ծով և Միջին Ասիայի շուկաներ, ինչը կկրճատի բեռնափոխադրումների ժամանակը դեպի Կենտրոնական և Արևելյան Ասիա՝ նվազեցնելով լոգիստիկ ծախսերը մոտ 15–25 տոկոսով։ Սակայն այստեղ խոսքը նոր շուկաների բացման մասին չէ, քանի որ այդ ուղղությունները ներկայումս արդեն հասանելի են՝ հյուսիսից՝ Ռուսաստանի միջոցով (որտեղով վերջերս Ղազախստանից իրականացվել է ցորենի փոխադրում), հարավից՝ Իրանի տարածքով։ Իրական փոփոխությունը կարող է լինել միայն առևտրային ծախսերի որոշակի նվազումը։

  Ադրբեջանի հետ սահմանների բացումը կարող է նաև ապահովել տարանցիկ հնարավորություններ՝ երկաթուղային և ավտոմոբիլային ուղիներով դեպի Ռուսաստան (Վրաստանից բացի կձևավորվի այլընտրանքային երկրորդ ճանապարհ), դեպի Կասպից ծովի ավազան և Կենտրոնական Ասիա։ Սակայն այս հնարավորությունների հետ մեկտեղ առաջանում են նաև լուրջ ռիսկեր, քանի որ Հայաստանը և Ադրբեջանը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական մրցակիցներ են։ Ճանապարհների բացումը զգալիորեն կուժեղացնի Ադրբեջանի դիրքը որպես տարանցիկ երկրի։ Դա կարող է ծառայել Հայաստանին միայն այն դեպքում, եթե չվերածվի կախվածության, այլ մնա բազմավեկտոր քաղաքականության սահմանափակ բաղադրիչ։ Այստեղ հարցն ակնհայտ է․ տնտեսապես հնարավո՞ր շահը գերազանցում է քաղաքական կորուստները, թե՞ հակառակը։

  • Տարածաշրջանային առևտրի սահմանափակ աշխուժացում

Ադրբեջանական շուկան՝ իր ավելի քան 10 միլիոն բնակչությամբ, տեսականորեն կարող է դառնալ սպառման նոր ուղղություն հայկական որոշ արտադրանքների համար։ Սակայն սա դժվար է անվանել տարածաշրջանային առևտրի իրական աշխուժացում, ինչպես փորձում են ներկայացնել իշխանամետ շրջանակները։ Ավելի շուտ խոսքը կարող է լինել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև որոշակի առևտրի ավելացման մասին։

Ադրբեջանն ունի զգալի էներգետիկ պաշարներ՝ նավթ և գազ։ Թեև Հայաստանը կարիք ունի էներգակիրների ներմուծման, սակայն մեր կարծիքով առկա են ռազմավարական գործընկերներ՝ Իրանը և Ռուսաստանը, և սխալ կլինի էներգետիկ առումով կախվածություն ձևավորել քաղաքական հակառակորդ Ադրբեջանից։ Այս ոլորտում հնարավոր ցանկացած համագործակցություն պետք է ունենա հստակ պայմանագրային և անվտանգության երաշխիքներ՝ բացառելու համար տնտեսական կախվածության ստեղծումը, քանի որ հենց դա է Ադրբեջանի ռազմավարական նպատակներից մեկը։

  • Ներդրումային միջավայրի բարելավում․ 

Սահմանների բացումը կարող է հանդես գալ որպես կայունության ազդանշան և որոշ չափով ամրապնդել միջազգային վստահությունը, ինչը ժամանակի ընթացքում կարող է մեծացնել արտասահմանյան ներդրողների հետաքրքրությունը։ Ավելի կանխատեսելի տարածաշրջանային միջավայրը կարող է դրական ազդեցություն ունենալ ներդրումային հոսքերի վրա։

Խաղաղության հեռանկարը կարող է խթանել նաև զբոսաշրջությունը, հատկապես՝ սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը։ Սակայն այստեղ ևս առկա են լուրջ ռիսկեր՝ հատկապես ժողովրդագրական տեսանկյունից։

Լրացուցիչ նկատառումներ

ա) կարող են թուլանալ Իրանի հետ տնտեսական հարաբերությունները, այդ թվում՝ Կասպից ծովի ավազան դուրս գալու հարցում,
բ) Ադրբեջանը կստանա էական տրանզիտային առավելություններ և լրացուցիչ ֆինանսական հոսքեր,
գ) մինչ օրս Հայաստանը լիարժեք չի օգտվել դեպի Միջին Ասիա ուղղված Իրանի հնարավորություններից, քանի որ Հայաստանի տնտեսությունը ներկայումս ի վիճակի չէ իրականացնել զգալի արտահանում այդ ուղղությամբ, իսկ ներմուծվող անհրաժեշտ ապրանքների մեծ մասը՝ հատկապես գյուղատնտեսական, արդեն իսկ ներկրվում է Իրանից։

Genesis Armenia-ի փորձնակ, տնտեսագետ Սասուն Դավիդյան,


պատմաբան Արմեն Սարգսյան                       

Կարդացեք նաև