Ճանապարհ դեպի աղետ․ պետականության կորուստ` խաղաղության դիմաց
17.07
2025
Մաս երկրորդ
Իրանի հետ ճանապարհի հայկական վերահսկողությունը խլելու համար՝ Բաքուն Փաշինյանի հետ բանակցություններում հասնելու է հետևյալ քայլերի իրականացմանը.
1․ ՀՀ պիտի Ադրբեջանին «վերադարձնի» Տիգրանաշենը, իսկ հյուսիս-արևելքում՝ Տավուշում՝ ևս 3 գյուղ, կամ, այսպես ասած, բոլոր «անկլավները»: Չեմ բացառում, որ գործընթացը տեղի կունենա հնարավորինս շուտ՝ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:
- Այս տարվա դեկտեմբերին կայանալու է ԵԱՀԿ Նախարարների խորհուրդի նիստ, որն այս կառույցի ամենաբարձր գործադիր մարմինն է և տարին մեկ՝ դեկտեմբերին՝ գագաթաժողով է անցկացնում: Չեմ բացառում, որ ԵԱՀԿ ՄԽ լուծարման վերաբերյալ Երևան-Բաքու համատեղ դիմում մուտք արվի ԵԱՀԿ Քարտուղարություն: (Կհիշեք, մի քանի ամիս առաջ առանձին վերլուծականով անդրադարձել եմ այս թեմային և հիմնավորել, թե ինչու և ինչպես կարող է խափանվել նման գործընթացը): Նիկոլն ու Ալիևը սա անելու են, որպեսզի մեկընդմիշտ փակեն Արցախի հարցը՝ հայտարարելով, որ հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններն ավարտվել են և կողմերը կնքելու են խաղաղության պայմանագիր:
- Ամենավտանգավոր սպասելիքն այն է, որ Նիկոլը փոխելու է Սահմանադրությունը և այն դնելու է հանրաքվեի՝ 2026-ին սպասվող Խորհրդարանի հերթական ընտրության ժամանակ: Նոր Սահմանադրության նախաբանից վերացվելու է Անկախության հռչակագրին հղումը. սա գաղտնիք չէ, ինչ որ ձևակերպմամբ նշվելու է, որ ՀՀ որևէ տարածքային պահանջ չունի որևէ պետության նկատմամբ: Այնպես չէ, որ գործող Սահմանադրության մեջ կա նման պահանջ։ Նիկոլը նման հիմար տեքստ է ավելացնելու Հայաստանի Մայր օրենքում: Չեմ բացառում, որ Սահմանադրության նոր տարբերակում փորձեն փոխել նաև կառավարման խորհրդարանական մոդելը: Համոզված եմ նաև, որ կառավարման նախագահական մոդելն ավելի բնորոշ է մեր հոգեկերտվածքին, չեմ ասում այն ավելի լավն է, որովհետև կառավարման բոլոր երեք ձևերն էլ ունեն առավելություններ և թերություններ։ Խնդիրն արդյունավետ համակարգային կառավարումն է, բայց դա քննարկման այլ թեմա է: Կառավարման ձևի փոփոխությամբ Նիկոլն ու իր անմեղսունակների խունտան կշարունակեն կառավարել նվազագույնը 10 տարի ևս՝ մինչև Երևանի բանալիները դե ֆակտո վերջնականապես կհանձնեն Թուրքիային ու Ադրբեջանին: Բնականաբար, նման ծրագրի իրականացման խոչընդոտող բոլոր գործոնները պետք է վերացվեն, ինչպես նշել եմ` Հայ եկեղեցին, Դաշնակցությունն ու ազգային մնացած ուժերը: Նիկոլ Փաշինյանի նպատակը Սահմանադրության փոփոխությունը ոչ թե ծառայացնելն է երկրին, այլ սեփական իշխանության երկարաձգելուն ու ամրապնդմանը։ Այդ գործընթացում նա ու իր թիմակիցները Հայաստանում ՀՅԴ գործունեությունը կասեցնելու պարտավորություն են վերցրել:
Այս ամենի վերջը լինելու է ամենաաղետալին՝ Նիկոլին շնորհելու են Նոբելյան մրցանակ հայրենադավ գործունեության համար։ Չեմ բացառում, որ նա իր ոտքով գնա Անկարա, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ունենա ելույթ և փորձի Անվար Սադաթ խաղա։ Սա էլ եմ ասել 5 տարի առաջ և համոզված եմ, որ իր հայակործան էությունը փրկելու միակ տարբերակն է՝ դառնալ խաղաղության նոբելյան մրցանակակիր, որպեսզի մնա միջազգային անվտանգ հսկողության տակ։ Թուրքիան էլ Արևմուտքի ճնշմամբ, կիսախուբ բերանով հայտարարելու է, որ՝ այո՛, եղել է Եղեռն, ինչի համար ներողություն ենք խնդրում, բայց Հայաստանը որևէ պահանջ չունի և չպիտի ունենա՝ ոչ հատուցում, ոչ նյութական, ոչ բարոյական ու տարածքային որևէ պահանջ: Ավելին՝ մի քանի տարի անց Նիկոլին կհամոզեն, որ ճիշտը Կարսի պայմանագիրն է, որը պետք է կրկնակի վավերացվի և Թուրքիայի ու Հայաստանի միջև նոր պայմանագիր կնքվի: Սա է մեզ սպասվում, այս խեղված ճակատագիրը խեղված իշխանության հետ: Վերոհիշյալ նախատեսվող ծրագրի կնքահայրը Արևմուտքն է, որը նույնպես պիտք է կիսի Նոբելյան մրցանակը փոքր խաղացողների հետ՝ Ալիևի ու Փաշինյանի: Արևմուտքին անհրաժեշտ է արտաքին հաղթանակ սեփական քաղաքացիներին կերակրելու համար. Ուկրաինայում չի հաջողվում՝ ռուսները պինդ պահում են իրենց շահերը, Մերձավոր Արևելքում վիճակը մխիթարական չէ, և հնարավոր է մի քանի պետության մասնատում ու քայքայում՝ նոր Սայքես-Պիկոյի պայմանագիր. Իրաքը, Սիրիան և Լիբանանը մասնատման վտանգի մեջ են։ Այս ռեգիոնում բանալին, ինչպես հազար անգամ եմ ասել, շարունակում է մնալ Քրդական հարցը և նրանց Սիրիայում տալու են սահմանափակ ինքնավարություն և դրանով զսպելու են Թուրքիայի մեծ ախորժակը: Թուրքիան մասնատելու է Սիրիան և ազդեցությունը տարածելու է Հալեպի և Իդլիբի վրա: Ավելին․ Լիբանանի Տրիպոլի քաղաքն ու շրջանը, որը թուրքամետ է, և Անկարան վերջին 15 տարում լրջագույն ներդրումներ է ունեցել այնտեղ և իրենով արել սուննիաբնակ այս քաղաքը, հնարավոր է պոկվի Լիբանանից և միանա սիրիական մեկ այլ շրջանի, որի վրա էլ կտարածվի թուրքական ազդեցությունը:
Այժմ քննարկենք, թե ինչ կապ ունի այս ամենը Սյունիքի հետ:
Վաշինգտոնյան միջանցքներում նոր դժոխային ծրագիր է շրջանառվում, որի նպատակը Մեծ Մերձավոր Արևելքի քարտեզի վերախմբագրումն է, ինչի մասին ամերիկյան որոշումների կենտրոնները խոսում են դեռ 2003 թ-ից՝ Իրաք ներխուժումից հետո։ Խոսում էին նաև և՛ Պետերսոնը, և՛ Կոնդոլիզա Ռայսը, և´ ուրիշներ։ Ռեգիոնը վերաքարտեզագրելու ծրագրերը պարբերաբար թարմացվում են և հասանելի դարձվում մարդկանց ականջներին: ԱՄՆ-ը ցանկանում է փոխել պետությունների կառավարման փիլիսոփայությունը և ոչ թե` վարչակարգը կամ վարչակազմը: Ավելի պարզ, եթե Սիրիայում կան ալավիներ, դրուզներ, սուննիներ, շիաներ, քրդեր, թուրքոմաններ, քրիստոնեաներ և իրար հետ լեզու չեն գտնում, ուրեմն Դամասկոսում գտնվող վարչախմբին պետք է օգնել և թեթևացնել բեռը՝ գնալ ֆերելազիզացիայի: Արտաքուստ՝ պետությունը կմնա նույն տարածքով, բոլորը կունենան մեկ դրոշ՝ պետության դրոշը, բայց զուգահեռ՝ իրենց էթնիկ կամ կրոնական խորհրդանիշները, պարզ ասած` Չեչնիա, Ինգուշետիա, Կալմիկիա, Կալիֆորնիա, Նեվադա և այլ ֆեդերալ միավորումներ: Բայց եթե ԱՄՆ-ի դեպքում ֆեդերալ այս միավորների անկախությունն անհնար է, ապա Սիրիայի նման թույլ պետության դեպքում՝ կարճ ժամանակի հարց է։ Ֆրանսիան և Բրիտանիան, որպես նախկին գաղութատերեր, իսկ վերջին կես դարում նաև Ամերիկան, ցանկացած պահի կարող են բորբոքել միջկրոնական կամ միջէթնիկ բախումներ, դավանաբանական կռիվներ, և դիցուք, Լիբանանում կամ Սիրիայում մարոնիտներին, քրիստոնեաներին կամ շիաներին հրահրել՝ սեփական գոյությունը պահելու համար զենք վերցնել և ըմբոստանալ Կենտրոնի դեմ՝ պահանջելով անկախություն: Լիբանանի քաղաքացիական պատերազմի 15 տարիները՝ 1975-90թթ․, լավագույն օրինակներն են, դեռ չեմ նշում դրան հաջորդած տասնամյակների բուռն իրադարձությունների մասին: Իսկ որտե՞ղ է Թուրքիան այս բանաձևում: ԱՄՆ-ում խոսում են Նեոօսմանյան նահանգների ստեղծման մասին: Թուրքիան այժմ ունի 81 նահանգ կամ մարզ։ Նոր առաջարկով դառնալու է 9 կամ 10 խոշորացված մարզ, որոնցից նվազագույնը երկուսում քրդական մեծամասնություն է: Իրականում, նման գաղափար ունեցել էր թուրքական պետության հենասյուներից մեկը՝ 1980-ի ռազմական հեղաշրջման առաջնորդ և հետագայում Թուրքիայի նախագահ՝ Քենան Էվրենը, և դեռ անցած դարի 80-ականներից Թուրքիայում մտածում էին կյանքի կոչել նման գաղափար, որն ուներ ամերիկյան աջակցություն, քանի որ անձամբ Էվրենն ու թուրքական զինված ուժերը գտնվում էին ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ուղիղ պրոտեժեի կամ հովանավորության տակ: Հիմա կարծես ծրագիրը թարմացվում է նույն տրամաբանությամբ, բայց այլ մեթոդաբանությամբ: Սիրիայում և Լիբանանում սուննիական կոնտորայի վերահսկողությունը ցանկանում են տալ Թուրքիային, ու երբ նման բանի մասին խոսում է Անկարայում Վաշինգտոնի դեսպանը՝ ուրեմն խնդրին չպետք է մոտենալ մակերեսային: Սա պատահական խոսք չէ, այլ համակարգային աշխարհաքաղաքական ուղերձ։ Եվ եթե Հայաստանը ճիշտ չի ըմբռնում այդ մեսիջը, ապա կարող է հայտնվել գործընթացի օբյեկտի և ոչ թե սուբյեկտի դիրքում։
Այսպես, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը խոսում է «նոր տարածաշրջանային միավորների» ձևավորման անհրաժեշտության մասին՝ մասնավորապես Սիրիայի հյուսիսում։ Ակնարկում է Լիբանանի սահմանները վերաձևելու, Թուրքիան նոր, ժամանակակից միավորումների՝ արդի նահանգային մոդելների վերածելու մասին։ Նշել էի, որ 2003-ից ամերիկացիները շրջանառում էին «Նոր Մերձավոր Արևելք» նախագիծը, և այդ ժամանակ խոսվում էր նաև Իրաքի ֆեդերալացման, Քրդստանի ձևավորման, Սիրիայի մասնատման, և նույնիսկ՝ Հայաստանի տարածքային փոփոխությունների հնարավորության մասին։ Այսօր, նույն դոկտրինը վերադառնում է փոփոխված ֆորմուլայով․
- քրդական հարցը լուծել ոչ թե պետության հռչակմամբ, այլ «վերահսկելի ինքնավարություններով»,
- Թուրքիայի ազդեցությունը հաստատել՝ որպես տարածքային գործոն, ոչ թե դիվանագիտական,
- խաղաղություն պարտադրել այն երկրներին, որոնք չունեն հենարաններ։
Սա նշանակում է՝ եթե Թուրքիան Սիրիայում ամրապնդում է իր վերահսկողությունը «անվտանգության գոտիների» տեսքով, ապա նույն մոդելը կարող է կիրառվել նաև Հայաստանի հանդեպ՝ օրինակ՝ Սյունիքի միջանցքի պահանջով, Ջերմուկին վերաբերվող ռազմավարական ճնշումներով, Տավուշի ուղղությամբ ճակատ բացելով։ Սա նշանակում է՝ թուրք-ադրբեջանական երկբևեռ ճնշում՝ խաղաղության շղարշի տակ: Փաշինյանական իշխանությունը խաղաղության օրակարգով խոստանում է սահմանների բացում, տարածաշրջանային ինտեգրում, տնտեսական զարգացում։ Բայց դիվանագիտական փաստաթղթերից անդին՝ իրական դաշտում մենք տեսնում ենք՝
- Ադրբեջանը շարունակաբար խոսում է «Արևմտյան Ադրբեջան» հասկացության մասին,
- Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների «նորմալացումը» կապում է Արցախի հարցի ամբողջական փակման հետ,
- Իրանի միակողմանի աջակցության պայմաններում՝ Հայաստանի միջազգային դիրքերը շարունակում են թուլանալ։
Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանը չունի արտաքին քաղաքական նախաձեռնություն։ Քեմփ Դեյվիդում՝ 1978-79 թթ-ին, Եգիպտոսը նախաձեռնեց գործընթացը՝ հանուն պետության վերակառուցման։ Այստեղ գործընթացը պարտադրվում է Հայաստանին՝ հանուն տարածաշրջանային մեծ խաղացողների շահերի, մասնավորապես՝ Թուրքիայի: Ադրբեջանը ժամանակ չունի և Ռուսաստանի հետ իր հարաբերությունների վատթարացման այլընտրանքը Սյունիքով անարգել ճանապարհ կորզելու քաղաքականությունն է, որպես Իրանին և Ռուսաստանին այլընտրանք: Եթե Քեմփ Դեյվիդը դասական օրինակ էր «տարածքներ՝ խաղաղության դիմաց» մոդելի կիրառման, ապա այստեղ մենք ունենք գրեթե հակառակ գործընթացը՝ զիջում առանց անվտանգության՝ իբր խաղաղության դիմաց։ Եվ Հայաստանը դարձյալ հայտնվում է աշխարհաքաղաքական կռվախնձորի խաչմերուկում․
- Արևմուտքը ցանկանում է «բացել» Կովկասը՝ Իրանի սահմանները վերահսկելու համար,
- Թուրքիան ձգտում է միավորել «թյուրքական աշխարհը»՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծովը,
- Ռուսաստանը դեռ լուռ է և շարունակում է կուլ տալ գեոքաղաքական նվաստացումը,
- Իրանը նախազգուշացնում է, բայց Երևանը հրաժարվում է իրանական գործնական անվտանգության մեխանիզմներից։
Եվ այս համատեքստում՝ Հայաստանը խաղաղության է գնում առանց անվտանգության, առանց սեփական օրակարգի, առանց ուժային հաշվեկշռի։ Հայաստանին առաջարկվող «խաղաղության» մոդելը չունի ոչ հավասարակշռություն, ոչ շահերի բալանս։ Կա միայն պարտադրանք՝ միակողմանի զիջումների դիմաց մշուշոտ խոստումներ։ Ու սա առանց անվտանգության մեխանիզմների, առանց խաղաղության երաշխիքների, առանց միջազգային պարտավորությունների վերահսկման մեխանիզմների։ Սա այն ամենն է, ինչին գնում է Հայաստանի հակահայ իշխանությունը, և որպեսզի այս ամենն իրականություն դառնա՝ պիտի ճզմեն ու փակի տակ պահեն բոլոր ազգային ուժերին ու դերակատարներին:
Ի՞նչ անել՝ սա է գլխավոր հարցը։ Բազմիցս նշել եմ` համազգային զարթոնք՝ առանց մեկ կաթիլ արյան՝ ի հակշիռ Նիկոլի, որի ամիսները հաշված են, իսկ երկրում՝ նրա բռնատիրական վարքը հենց դա է ապացուցում: Հարմար ժամին, իր իսկ ղեկավարած կուսակցության դեռ մի կաթիլ հայրենասիրություն ունեցող ազնիվներն ու արագ կողմնորոշվող մանկլավիկները Հուդային համբույրով հանձնելու են Ֆյուրերին, իսկ համազգային ցասումն ու իշխանափոխությունը դառնալու է իրականություն: