Թուրք-իսրայելական պարտիա. Սյունիք, Դավիթի միջանցք ու Սիրիա
08.08
2025
Ներկայիս աշխարհաքաղաքական իրադարձություններն այնքան ակնթարթային են փոխվում, որ հազիվ ես հասցնում կռահել հաջորդ իրադարձությունը։ Օրինակ` Ֆրանսիան շոկի մեջ է. Naval Group ընկերությունը, որը Ֆրանսիայի Ծովային ուժերի զինանոցի ամենամեծ ընկերությունն է և արտադրում է սուզանավեր, ավիակիրներ և ռազմանավեր, ենթարկվել է աննախադեպ կիբերհարձակման: Շեշտենք նաև, որ այդ ավիակիրները միջուկային զենք կրողներ են: Ելիսեյան պալատի հայտարարությունից ընդամենը 24 ժամ անց, որով պաշտոնական Փարիզը հայտարարում էր, որ այս աշնանը պատրաստվում է կողմ քվեարկել ՄԱԿ-ում Պաղեստին պետության ճանաչմանը, ֆրանսիական ծովային ուժերի գաղտնի շիֆրերը, արխիվները, աշխատակիցների խոսակցությունները, նամակագրությունները, այլ երկրների վերաբերյալ հետախուզական տվյալները՝ ընդհանուր 13 գիգաբայթ ծավալով էլեկտրոնային փաստաթղթեր ամբողջությամբ հեքինգի են ենթարկվել: Սա հիշեցնում է մի քանի օր առաջ ամբողջ Իսպանիայի հոսանքազրկումը, երբ էլեկտրական ցանցերը կիբերհարձակման հետևանքով ամբողջ երկրով մեկ անջատվեցին 12 ժամով նմանատիպ հայտարարությունից հետո, երբ հայտարարվեց, որ Մադրիդը պատրաստվում է ճանաչել Պաղեստին պետությունը:
Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունը, որն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, նույն ուղու վրա է, որովհետև արտաքին քաղաքականության վեկտորը գործում է հակադիր հարթություններում։ Այսպես, մի կողմից` Հայաստանը ճանաչել է հայկական Արցախը Ադրբեջանի կազմում՝ դեմ գնալով նրա անկախությանը, որը նոր պատերազմի հիմքն է, մյուս կողմից` մի օր առաջ հեռախոսազրույց ունենալով Էրդողանի հետ, 2024թ․ հունիսի 21-ին ճանաչեց Պաղեստինի անկախությունը միանալով ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին՝ հիմնավորելով որպես խաղախության հաստատման քայլ։ Ինչպես տեսնում ենք՝ խոսքերն ավելորդ են, ընդ որում եթե հաշվի առնենք, որ այնպես չէ, որ Երևանի քաղաքական կամքից է կախված Պաղեստին պետության հռչակումը. թեմային բազմիցս եմ անդրադարձել՝ նշելով, որ Նոր Մերձավոր Արևելքի տրամաբանության մեջ Պաղեստին պետությունը պիտի հռչակվի ինչ-որ կարգավիճակով, մասնավորապես, այս խառը ժամանակներում, երբ Վաշինգտոնը կարողացավ շիական գործոնը մեծ հաշվով չեզոքացնել Սիրիայում և Լիբանանում, ապագա Պաղեստին պետությունը ծնված օրվանից կլինի անատամ՝ սպառազինությունից զերծ և դեպի ծով ելքի սահմանափակ հնարավորություններով: Այսինքն, այս ամենը կլինի ինչ-որ ձև զինյալ պայքարը դադարեցնելուն ուղղված միջազգային քայլ, որը կհանդարտեցնի արաբների կրքերը, կվերահսկի հակաիսրայելական գործողությունները, Սաուդիան Արաբիային և Ծոցի արաբական երկրներին էլ կստիպի ներդրումներ անել, տնտեսություն զարգացնել և մարդիկ կապրեն բաց սահմաններով՝ ազատ առևտրի և երթևեկության հնարավորությամբ:
Սաուդյան Արաբիայի ռեգիոնալ դերի ու նշանակության մասին շատ եմ խոսել և ընդգծել այն անհրաժեշտության մասին, որ պաշտոնական Երևանը նախաձեռնողական արտաքին քաղաքականություն ցուցաբերի և տնտեսական դիվանագիտության միջոցով հասնի առավելագույնին: Ամերիկացիները սաուդների հետ սիրախաղ հենց այնպես չեն անում: Մի կողմ թողելով անցած 30 տարում սաուդական նավթային ռեսուրսի նկատմամբ ամերիկյան հետաքրքրություններն ու շահերը, նշենք, որ Սաուդյան Արաբիան սուննիական աշխարհի յուրովի կենտրոնն է և այդ էստաֆետը չի ցանկանում զիջել Վաշինգտոնի դաշնակից Թուրքիային: Բայց սա քաղաքականություն է և յուրաքանչյուրը փորձում է իր կողմը քաշել «վերմակը»: Եթե ԱՄՆ-ը, թեկուզև մասնակիորեն, չբավարարի Սաուդյան Արաբիայի, այսինքն սուննիների գլխավոր ներկայացուցչի պահանջները, ապա իր տեղն ու դերը կզիջի համաշխարհային տնտեսական նոր քարտեզի վրա:
ԱՄՆ-ը Չինաստանի ախոյանն է, և տրամաբանական է, որ Նոր Մետաքսի ճանապարհին, կամ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի պայմաններում Վաշինգտոնը պիտի փորձի ուժեղացնել տարածաշրջանում Պեկինի մրցակիցներին, տվյալ դեպքում՝ Հնդկաստանին: Դա պարզ երևաց Հնդկաստան-Պակիստան վերջին պատերազմի ընթացքում, երբ Չինաստանն անխնա օգնում էր Հնդկաստանի թշնամի Պակիստանին, իսկ ԱՄՆ-ը՝ ակամա աջակցում էր Դելիին: Ի դեպ, արդեն Հնդկաստան է ուղարկվել «Ապաչի» ուղղաթիռների խմբաքանակ, որն ԱՄՆ-ը հազվադեպ է վաճառում այլ պետության, բայց Հնդկաստանին այդ արսենալը տրամադրեց 600 մլն դոլար գործարքի շրջանակում: Խնդիրն այստեղ բազմաշերտ է, որովհետև պակիստանյան մի շարք որոշումների ընդունումը չի կարող շրջանցել երկրի Զինված ուժերի ինստիտուտը, իսկ պակիստանյան բանակը, մեծ հաշվով, գտնվում է ամերիկյան հակակշռի տակ. ասել կուզի՝ ԱՄՆ-ն այս ռեգիոնում, բացի Չինաստանից, հետևում է ու հսկում ուժերի բալանսը: Ուրեմն, համաշխարհային առևտրի այլընտրանքային ճանապարհների ստեղծումը ԱՄՆ-ի առաջնահերթություններից է, ընդհուպ` ուկրաինական ճահճից ավելի: Որպեսզի չինական ճանապարհի այլընտրանք լինի, խաղի մեջ պետք է մտնի Չինաստանի տրամաչափի ռեգիոնալ պետություն՝ Հնդկաստանը, և ճանապարհը Հնդկաստանից պիտք է անցնի Մերձավոր Արևելքով, որտեղից էլ՝ Եվրոպա: Հետևաբար, այսօր Մերձավոր Արևելքում առանցքային դեր է վերապահված Սաուդյան Արաբիային: Դեռ 7 ամիս առաջ, երբ Դոնալդ Թրամփը ստանձնեց Սպիտակ տան ղեկը, հատուկ վերլուծականով անդրադարձա այս թեմային և կանխատեսեցի, որ հակաչինաստանյան արշավի շրջանակում ԱՄՆ-ը կարիք ունի Մերձավոր Արելքում հին դաշնակցի նոր որակավորման, և նշեցի Գազայում պատերազմական գործողությունների օբյեկտիվ դադարեցումը, ինչն էլ արդեն դառնում է իրականություն: ԱՄՆ-ը Հնդկաստանից պիտի հասնի Սաուդյան Արաբիա, որն, ինչպես նշեցի, իսլամական աշխարհի առանցքային դերակատար է՝ նավթային անմրցելի հսկա: Եվ ամենևին պատահական չէ, որ Թրամփն ընդառաջեց Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի կոչին և վերացրեց ամերիկյան պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ՝ դրանով դիվանագիտական և տնտեսական, քաղաքական դաշտն ազատելով Սիրիայում սաուդների առաջ, որոնք իրենց հերթին էլ պիտք է նվազեցնեն Թուրքիայի դերը Սիրիայում: Խաղը մեծ է և շախմատային քարերի դասավորությունն ամեն վայրկյան կարող է փոխվել:
Առանց հարաբերականորեն անվտանգ Մերձավոր Արևելքի հնարավոր չէ այլընտրանքային առևտրատնտեսական մեգա ճանապարհ ստեղծելը: Այդ նպատակով, հընթացս իրանամետ զինյալ խմբավորումները չեզոքացվեցին, Իսրայելի անվտանգությունն ամրապնվեց, որովհետև բոլոր խաղացող դերակատարների համար էլ հասկանալի էր, որ եթե Իրանը միաժամանակ ակտիվացնի Շիական կիսալուսնի երկրներում՝ Սիրիայում, Լիբանանում, Եմենում, Իրաքում, Պաղեստինում իր պրոքսի հավատարիմ ուժերը Հըզբոլլահից մինչև ՀԱՄԱՍ, Հուսիներ, Ժողովրդական միավորումներ, Ֆաթիմիներ, Զահրայաններ, եթե այս բոլորը միաժամանակ անցնեն գործի, ապա Իսրայել պետության գոյությունը 24 ժամում կլինի հարցականի տակ: Իսկ Իսրայելի կանխարգելիչ հարվածը և դրանում ԱՄՆ-ի մասնակցության ապահովումը հենց այս նպատակն էր հետապնդում, որպեսզի Իրանը դառնա հնազանդ և հարմար պահին չխանգարի ռեգիոնալ գործակցություններին կամ տնտեսական մեծ նախագծերին:
Միաժամանակ առաջանում է տրամաբանական հարց․ ո՞վ պետք է սպասարկի այսքան մեծ ու երկար ճանապարհը՝ ենթակառուցվածքներից մինչև ծառայություններ։ Պատասխանը տրամաբանական է՝ Հնդկաստանի բնակչությունը, որը դառնալու է ասիական տարածաշրջանում չինական աշխատուժի մրցակիցը: Հնդիկներն աշխատում են մրցունակ և ցածր աշխատավարձով, ուստիև կարող են լրացնել այդ դաշտը: Այսպիսով, Հնդկաստանը դառնալու է գեոպոլիտիկ բարդ ցանցի առանցքային դերակատարր՝ իր ցամաքային ճանապարհի հնարավորությամբ, Պակիստանի նկատմամբ ռազմական առավելությամբ, Չինական տնտեսական հսկային մրցակից՝ համաշխարհային առևտրական հնարավորությունների առումով: Սակայն այս ամենը հենց այնպես՝ խաղաղ ու անվտանգ չենք կանխատեսում, որովհետև ճանապարհին առկա են բազմաթիվ խոչընդոտներ, որոնք ԱՄՆ-ն ու Իսրայելը պետք է հաղթահարեն։ Առաջին, մեծ մարտահրավերը նոր միջանցքների ստեղծումն է՝ իր անվտանգային ռիսկերով։ Խոսքը Սիրիայի և Իրաքի բաժանման, Դավիթի միջանցքի ստեղծման մասին է, որին վերջին 6 ամսում հավանաբար 4-5 անգամ անդրադարձել եմ, ընդհուպ՝ ներկայացրել Սիրիային սպառնացող մասնատման վտանգն ու դրա անդրադարձը Հայաստանի վրա, մասնավորապես՝ Սյունիքով այսպես կոչված միջանցք ստեղծելու խնդրին:
Հիմա փորձենք տեսնել, թե զուգահեաբար ի՞նչ է կատարվում Հարավային Կովկասի և մեզ հետ։
Մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Շոտլանդիայում՝ Թրամփի գոլֆ ակումբում, հանդիպեցին և ձեռք բերեցին շրջադարձային պայմանավորվածություն: Սովորաբար՝ նման հանդիպումների ուշադրություն չենք դարձնում, ընդամենն ասում ենք՝ հերթական արարողակարգային կամ ստացիոնար հանդիպումներն են, բայց իրականում փորձենք աչալրջորեն հետևել աշխարհի մեծ պետությունների ղեկավարների ամեն հայտարարությանը կամ քայլին: Եվրահանձնաժողովի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպմանն ընդունվեց չափազանց կարևոր, ինչպես նշեցի, շրջադարձային որոշում՝ Եվրոպան 750 միլիարդ դոլարի էներգակիրներ է ներմուծելու ԱՄՆ-ից առաջիկա 3 տարվա համար, Եվրամիությունը պարտավորվում է նաև 600 մլրդ դոլարի հավելյալ ներդրում կատարել ԱՄՆ-ում: Հարց է ծագում․ ի՞նչն է տարօրինակ այստեղ, սովորական կամ հերթական տնտեսական գործարք է: Իսկ ես կասեմ, որ սա ճակատագրական համաձայնություն է, որը կարող է լրջորեն վերափոխել ինչպես Եվրոպայի՝ ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունները, այնպես էլ ազդել էներգետիկ աշխարհաքաղաքականության վրա՝ հատկապես Արբեջանի նման երկրների համար, որոնք էներգիա են մատակարարում ԵՄ-ին։ Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի՝ 750 մլրդ դոլարի էներգիայի գնումն ԱՄՆ-ից:
Այս քայլը ենթադրում է, որ՝
- ԵՄ-ն էներգետիկ օրակարգում ավելի հստակ կախվածություն է ձևավորում ԱՄՆ-ից, հատկապես հեղուկ բնական գազի, նավթի և բարձր էներգիայի տեխնոլոգիաների ոլորտում։
- ԵՄ-ն հեռանում է էներգետիկ դիվերսիֆիկացիայի դասական ռազմավարությունից, որը հիմնված էր մի քանի կայուն մատակարարների՝ Նորվեգիայի, Ադրբեջանի, Ալժիրի և մասամբ՝ Կասպյան տարածաշրջանի վրա։
- Սա ամրապնդում է ԱՄՆ-ի՝ որպես Եվրոպայի էներգետիկ հեգեմոնիայի հավակնորդի դիրքը։
Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի՝ 600 մլրդ դոլար ներդրումը ԱՄՆ-ում
- Խոսքը հիմնականում վերաբերում է ԵՄ տեխնոլոգիական, ֆինանսական և արդյունաբերական բիզնեսների՝ ԱՄՆ մուտքին, ինչն ամրապնդում է երկու կողմերի կապերը ռազմավարական ոլորտներում։
- ԵՄ-ի արդյունաբերական կապիտալը դուրս է բերվում Ասիայից (Չինաստանից, Հնդկաստանից) և կենտրոնացվում է ԱՄՆ-ում՝ որպես աշխարհաքաղաքական ավելի հուսալի գործընկերոջ մոտ։
- Այս քայլը թույլ է տալիս ԵՄ-ին ավելի փափուկ գործարքի դիմաց ներգրավվել ԱՄՆ-ի ներքին շուկաներում, ընդլայնել արտահանումը և փոխհատուցել էներգետիկ ներմուծման ծախսերը։
Ինչ կարող է սա նշանակել Ադրբեջանի համար
1․ ԵՄ-ն կրճատում է Ադրբեջանի նկատմամբ էներգետիկ կախվածությունը:
2․ Այս համաձայնությունից հետո ԵՄ-ն իր էներգետիկ ռազմավարական պլանում նոր առաջնահերթություն կտա ԱՄՆ-ին, ինչը նշանակում է՝
ա․ Ադրբեջանը մնում է երկրորդական մատակարար՝ հնարավոր տեղային ճգնաժամերի համար։
բ․ Էներգետիկ շուկայում Ադրբեջանի դերը նվազում է
գ․ ԵՄ-ԱՄՆ համաձայնությունը թույլ է տալիս ԵՄ-ին չվերածվել ադրբեջանական մենաշնորհի զոհի, ինչպես եղավ 2022-2023 թթ:
դ․ Ադրբեջանի էներգետիկ մոդելը՝ որպես քաղաքական լծակ ԵՄ-ի նկատմամբ, լրջորեն խաթարվում է։
- Ադրբեջանը կորցնում է «միջանցքային գերտերության» ռազմավարական առավելությունը՝
ա․ եթե ԵՄ-ն սկսում է զանգվածաբար էներգիա ներկրել ԱՄՆ-ից՝ մատակարարման ծավալով ու անվտանգության երաշխիքներով, ապա խճճված և անկայուն կովկասյան ուղիները (Կասպից ծով-Վրաստան-Թուրքիա) այլևս առաջնահերթ չեն լինում։
բ․ Սա թուլացնում է «Զանգեզուրի միջանցքի» միջազգային խթանման փաստարկները։ Պատահական չէ, որ ամենաշահագրգիռ կողմն այս հարցում Անկարան է, Բաքուն և Հայաստանի իշխանությունը:
Այս համաձայնությունը հստակ ազդակ է աշխարհին, որ՝
ա․ ԵՄ-ն իր ռազմավարական էներգետիկ ապագան կկառուցի ԱՄՆ-ի հետ,
բ․ միջանկյալ մատակարարները, ինչպիսին է նաև Ադրբեջանը, կդառնան ոչ թե ռազմավարական հենասյուներ, այլ կիսագործնական դերակատարներ։
Այս ամբողջի համատեքստում հետաքրքիր է Բաքվում Անկարայի դեսպանի հայտարարությունը, որն շատ պարզություն ու հստակություն է մտցնում։
Փաստորեն, Ադրբեջանին Սյունիքով ճանապարհ տալու համար կուրծք են ծեծում Անկարայում, Բաքվում և Երևանում՝ նրանց դրածո իշխանությունը: Այս հարցում Նիկոլ Փաշինյանի և իր թիմի դիրքորոշումը վաղուց պարզ է՝ անունը դրել են «Խաղաղության խաչմերուկ», բայց իրականում պետք է ծառայեն բրիտանաթուրքական թուրանական միջանցքի գաղափարի իրականացմանը: Այդ ճանապարհով է քայլում նաև Նիկոլի մոտ նախագահ աշխատող, միայն պետությունների դեսպանների հավատարմագրեր ընդունող, ժողովրդի հարկերի հաշվին պետական ինստիտուտի տարածք ու աթոռ զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, որը վերջերս Սյունիքի միջանցքի հաշվով ապշեցուցիչ, հակահայկական հայտարարություն արեց։
Ի պատասխան իրեն նախագահ համարողին ընդամենը մի պարզ ճշմարտություն կասեմ՝ եթե ճանապարհը հանձնվի միջազգային կառավարման կամ որևէ օտար կառույցի, ապա Հայաստանի ենթադրյալ ինքնիշխանությունը կդառնա երազանք՝ սպառնալով հայկական էքզիստենցիալ գոյությանն այս տարածաշրջանում: Այնպես որ պետք չէ անիմաստ ճառեր կարդալ, թե սահմանը բացվելու դեպքում կզարգանանք։ Զարգանալու ունակ իշխանությունը յոթ տարվա մեջ գոնե մի ուղղությունում զարգացում կապահովեր։ Սրանք նույնիսկ պետական գործն ամբողջությամբ, դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը պատկերացնում են միմիայն իրենց տերերի ասածով, և ոչ ավելին:
Հայաստանի իշխանությունը մեզ մտցրել է ահավոր դժոխային և գերվտանգավոր խաղի մեջ. նա երկրում ուզում է պարալիզացնել էներգետիկ համակարգը, դուրս բերել ռուսական կապիտալը և մեզ նորից սովորեցնել մութ հեռանկարին: Շեշտենք նաև, որ այնպես չէ, որ այդ ամբողջը հիմա է լինելու, որովհետև նախընտրական տարի է և ընտրազանգված հավաքելու, վերախմբագրելու, նոր զոմբիների հավաքագրելու շրջան է։ Այդ ամբողջն իրականացվելու է քայլ առ քայլ: Հիշենք, դեմոկրատների ղեկավարման վերջին ժամանակաշրջանում ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն ասում էին․ Հայաստանը պիտի սովորի մի քանի ցուրտ ձմռան, որպեսզի դառնա ինքնիշխան։ Հիմա ՀԷՑ-ը կհայտնվի ոչ դյուրին վիճակում, հովհարային անջատումներին արդեն սովորում ենք, հետո էլ կասեն ատոմակայանը վտանգ է և պետք է փակել ու նմանատիպ բաներ։ Շատ եմ անդրադարձել այս թեմաներին և տվել հստակ գնահատականներ, և լուծումներն էլ պատկերացնում եմ հստակ։ Ընդամենը մեկ բան շեշտեմ՝ սրանց քշելու ենք, սրանց ազգակործան և Հայաստանակործան քաղաքականությանը պիտի վերջ տանք: Գիտեմ նաև, որ բոլորն սպասում են կոնկրետ լուծումների և ժամանակը մեր օգտին չի աշխատում, բայց վերածնված Հայաստանի շունչն արդեն զգացվում է։