Թուրքիայի կողմից Հայոց անկախ պետության ճանաչման շարժառիթներն ու նպատակները

Մաս երրորդ                                                                                                                                            

Բաթումի դաշնագրի պատճառները, կնքման անհրաժեշտությունը և նշանակությունը խորապես իմանալու համար անհրաժեշտ է իմանալ դաշնագրին նախորդած դեպքերը և դրանց խոր վերլուծությունները։ Դեպքերը դիվանագիտական ասպարեզում զարգացան սրընթաց։ Շեշտենք  Տրապիզոնի (1918թփետրվարի 27- ապրիլի 10), Անդրկովկասյան կառավարության հետ Բաթումի (առաջին փուլ՝ մայիսի 11-26) բանակցությունները մինչև վերջինիս լուծարումը, երկրորդ փուլ՝ Անդրկովկասյան երեք անկախ հանրապետությունների հետ՝ առանձին-առանձին (մայիսի 30-ից մինչև հունիսի 4-ը) բանակցությունները։ Փաստ էր, որ  Թուրքիայի և Հայաստանի դիվանագիտական հարաբերություններում նոր փուլ էր սկսվում։ Շեշտվեց, որ չնայած մայիսյան հերոսամարտերին՝  ռազմական ճնշումը Թուրքիայի կողմից շարունակվում էր, և անհրաժեշտություն էր առաջացել օգտագործել բանակցային գործընթացը։

 

Մայիսի 30-ին  բանակցություններ սկսվեցին հայկական պատվիրաակության  և թուրքական պատվիրակության նախագահ Հալիլ բեյի ու ռազմական ներկայացուցիչ, հիմնական բանակցող Վեհիբ փաշայի միջև՝ բանակցային ֆրանսերեն լեզվով։ Պետք է շեշտել, որ բանակցություններին զուգահեռ ընթանում էր թուրքական դիվանագիտությանը հատուկ՝ թուրքական բանակի զավթողական առաջխաղացումը Անդրկովկասում։

Հայկական պատվիրակությունը պատրաստվել էր  բանակցել վերջնագրի վերաբերյալ  ունենալով երեք տարբերակ՝ 

ա վերջնագրի վերապահումով ընդունում՝ մերժելով որոշ կետեր, 

բ անվերապահ ընդունում, 

գ մեղմված տարբերակ։

Շուրջ մեկ ժամ տևած բանակցությունների ընթացքում հայկական պատվիրակությունը սկզբում փորձեց վերադառնալ Բրեստ-Լիտովսկի պայմանագրին և որոշ այլ զիջումներ անել, սակայն թուրքերը ներկայացրած վերջնագրից ոչ մի քայլ հետ չնահանջեցին։ Ավելին, Թուրքական պատվիրակությունը միաժամանակ պահանջում էր նաև, որպեսզի հայերը  հայկական զորամասերն անհապաղ դուրս բերեն Խորհրդային Բաքվից ու նրա արվարձաններից։ Վերստին փաստվեց, որ Թուրքիան ոչ մի անգամ Ադրբեջանի շահերի պաշտպանից չի հրաժարվել, որը չես ասի ՀՀ ներկա իշխանությունների մասին՝ Արցախի հարցով։

 Հայ պատվիրակները առարկեցին՝ նշելով, որ դա Խորհրդային Բաքվի ներքին գործն է, բայց թուրքերը հայտարարեցին, որ այլ պարագայում հարցը կլուծվի ռազմական ուժով։ Այնուամենայնիվ, թուրքական կողմը հայ պատվիրակներին հասկացրեց, որ հետագա բանակցությունները շարունակելու և դաշնագրի նախագծում հնարավոր որոշ տարածքային զիջումներ կատարելու համար ավելի լավ է ընդունել վերջնագիրը, քանի որ վերջնաժամկետին մնացել է   մեկ ժամ։ Նույն օրը՝ մայիսի 30-ի ժամը 19-ին, Ալ. Խատիսյանը ստորագրեց թուրքական վերջնագիրը։

Հաճախ մոռանում են շեշտել, որ  վերջնագիր էր  ներկայացված ոչ միայն Հայաստանին, այլև  Անդրկովկասյան երեք հանրապետություններին։ Շեշտենք, որ   վերջնագիրն առանց վերապահումների ստորագրեց նաև ադրբեջանական պատվիրակությունը։ Վրացական պատվիրակությունը, թիկունքում ունենալով Գերմանիային, զարմանալիորեն լռում էր և ուշացումով` հունիսի 1-ին` գիշերը ժամը 1-ին գրավոր տեղեկացրեց, որ իրենք համաձայն են երկաթուղային համաձայնագրին, բայց տարածքային հարցերում՝ ոչ։ Նրանք  փորձում էին հիմք ընդունել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, բայց թուրքերի ճնշման տակ (Վեհիբ փաշան հրամայեց երեք ուղղություններով՝ Բաթումիի, Նոթանեբիի և Վորոնցովկայի,  հարձակման անցնել Թիֆլիսի ուղղությամբ)՝ ընդունեցին վերջնագիրը և դրանից հետո Վեհիբ փաշան չեղարկեց հարձակման հրամանագիրը։  Ալ Խատիսյանը հետագայում իր հուշերում գրում է. «Վեհիբ փաշան և Խալիլը ասում էին՝ միթե վրացիները իսկապես կարծում են, որ Վրաստանի պատճառով գերմանացիները կկռվեն Թուրքիայի դեմ։ Դրա համար պետք է խելագար լինել։ Մենք նրանց հետ միլիոնավոր անքակտելի կապեր ունենք»։ Ափսոս, որ մինչև հիմա մեր երկրի ղեկավարությունը դա չի հասկանում։ Ինչևիցե, վրացիները համաձայնվեցին՝ զիջելու Ախալքալաքի ու Ախալցխայի բացառապես հայաբնակ գավառները, բացի Ախղուրիի ու Զեքարի շրջաններից։ 

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, թուրքական վերջնագրին այլընտրանք չկար։ Դա հետևանք էր Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական զարգացումների։ Հետևապես, ստեղծված իրավիճակում արևելահայության փրկության միակ ելքը թուրքական վերջնագրի ընդունումն էր և հաշտություն կնքելը, որքան էլ որ այն ծանր լիներ, որովհետև շահում էինք մեր երազանքը՝ պետականությունը։ Շեշտենք նաև, որ, ինչպես միշտ, վրացիները և ադրբեջանցիները, օգտվելով Հայաստանի ծանր վիճակից,  փորձում էին հանդես գալ տարածքային և սահմանային պահանջներով՝ Հայաստանի նկատմամբ։

Վերջնագրի ստորագրումից հետո՝ հաջորդ օրը՝ մայիսի 31-ին, սկսվեցին հայ-թուրքական դիվանագիտական բանակցությունները։ Հայկական պատվիրակությունը շարունակեց ներկայացնել  իր առարկությունները տարածքային և սահմանային հարցերի վերաբերյալ։  Հալիլ բեյը ներկայացրեց իր կառավարության փոփոխված տարբերակը՝ հաշվի առնելով հայերի որոշ առաջարկներ։ Թուրքերը որոշ փոփոխություններ և տարածքային զիջումներ կատարեցին՝ հօգուտ հայերի։ Բնական է ազդեցություն գործեցին մայիսյան հերոսամարտերը։ Ոշադրություն դարձնենք մի կարևոր պահի, որը շատ հաճախ դուրս է մնում պատմաբանների ուշադրությունից։ Բանակցությունների ընթացքում թուրքերը փորձում էին խուսանավել հայ-ադրբեջանական և հայ-վրացական տարածքային ու սահմանային հարցերից՝ այն թողնելով Թիֆլիսում կայանալիք բանակցությունների որոշմանը (ինչպես առաջարկեց Ի․Ալիևը վերջին տարիներին)։ Շեշտենք, որ վրացիները պահանջում էին տարածքներ մինչև Ղարաքիլիսա, իսկ ադրբեջանցիները՝ մինչև Երևան (հիմա դա ադրբեջանցիների մինիմում ծրագիրն է, իսկ մաքսիմումը՝ Երևանն էլ հետը)։ 

Հունիսի 1-ին հայկական պատվիրակությունը նախաստորագրեց դաշնագրի նախօրինակը։ Փաստորեն, Վեհիբ փաշան, Օսմանյան պետության կառավարության անունից ստորագրելով դաշնագրի նախօրինակը, ճանաչեց Հայաստանի Հանրապետությունն ու անկախությունը։ Հետաքրքիր է, որ ստորագրելուց հետո, ինչպես վկայում է Ալ Խատիսյանը, Վեհիբ փաշան գրպանից հանում է մի սպիտակ կտոր՝ վրան կարմիր խաչ, և ասում «Ահա հայկական դրօշակի իմ նախագիծը։ Դուք Հայոց ազգային քրիստոնեաներ եք եւ կը պարծենաք այս խորհրդանշով. ես կը կարծեմ, թէ խաչը պետք է ըլլա ձեր խորհրդանիշը»։ 

Հայոց ազգային կենտրոնական խորհրդի հետ հեռախոսազրույցում Ալ. Խատիսյանը ամփոփեց իրավիճակը՝ ասելով. «Հզոր է հայոց հողի ոգին։ Մենք կբերենք վատ հաշտության դաշնագիր, սակայն կբերենք նաև անկախ Հայաստան՝ տուն, բույն, որտեղ կթրծվի ժողովրդի միտքը։ Այդ ամենը կկապի, կմիավորի, կբարձրացնի ոգին, իսկ դա կարևոր է։ Ես հավատում եմ մեր Պետությանը»։ Մեր կարծիքով` այս տողերը ամենադիպուկ և ամենալակոնիկ բնութագրումն են Բաթումի պայմանագրի։

Բանակցությունների վերջնական արդյունքում Հայաստանին լրացուցիչ տրվում էր 1300 քառ. կմ. տարածք՝ Համամլու-Աշտարակ խճուղին, և Երևանի նահանգի հարավային մասից մի փոքրիկ հողակտոր։ Բացի դրանից, հայկական պատվիրակության դիվանագիտական ջանքերի շնորհիվ հաջողվեց նաև մեղմել նվաստացնող դաշնագիրը և նախօրինակից հանել՝ 

  1. իրավունքը՝ միջամտելու Հայաստանի ներքին գործերին, 
  2. բռնազավթած նահանգների հայ բնակչությունը ներկա պատերազմի ընթացքում ազատվում է զինապարտությունից,
  3. Բաքուն բոլշևիկներից ազատելու հայերի պարտավորությունը,
  4. իրավունքը՝ սեփական ուժերով վերականգնելու Հայաստանի երկաթգծերը և շարժակազմը։

 Կային նաև բանավոր այլ պայմանավորվածություններ հօգուտ Հայաստանի, սակայն երկու օր անց թուրքերը հրաժարվեցին մի քանի պայմանավորվածություններից՝ հավատարիմ մնալով մաքսիմալիստական իրենց քաղաքականությանը։ 

1918 թ. մայիսի 30-ից հունիսի 4-ը՝ մինչև Բաթումի պայմանագրի կնքումը, մեր կարծիքով, իրական դիվանագիտական ճակատամարտ էր ընթանում հայերի և թուրքերի միջև, հայեր, որոնք չունեին իրենց թիկունքում որևէ գերտերություն, թուրքերը գտնվում էին Երևանից ոչ շատ հեռու, չնայած մայիսյան հաղթանակներին, և թուրքեր, որոնք վայելում էին հաջողության դափնիները։ Այդ օրերին հստակ ընդգծվեց թուրքերի քաղաքականության ռազմավարությունը, որը շատ արդիական է այսօր, և որից պետք է լուրջ դասեր քաղել։ 

Հայկական պատվիրակությունը դժգոհեց, որ թուրքերը անզիջում են բանակցություններում։ Ի պատասխան հայ պատվիրակների՝ Վեհիբ փաշան իր պատասխանի մեջ նշել է թուրքական կառավարության ռազմավարությունը, որն իրականացվում է՝ քայլ առ քայլ օգտագործելով պատմականորեն ստեղծված ցանկացած նպաստավոր պայման։  Այդ քաղաքականության շարունակությունն իրականացվում է նաև հիմա, որը, ցավոք, հաշվի չի  առնվում դարձյալ  Հայաստանի ներկայիս իշխանության կողմից, քանի որ Հայաստանի երրորդ հանրապետությունն անկախացումից հետո չունի թեկուզ գաղտնի մշակված ազգային ռազմավարական ծրագիր։

Հետաքրքիր է մեջ բերել Վեհիբ փաշայի խոսքերը․  Վեհիբ փաշան, ցույց տալով քարտեզը, ասել է «Դուք կը տեսնեք, որ ճակատագիրը կը քաշե Թուրքիան արևմուտքեն արևելք. մենք հեռացանք Պալքաններեն, կը հեռանանք նաև Ափրիկէէն, բայց պետք է տարածւինք դեպի արևելք. հոն է մեր արիւնը, մեր լեզուն։ Եւ ասիկա տարերային ձգողություն ունի. մեր եղբայրները Պաքու, Տաղստան, Թուրքիստան և Ատրբէջան են։ Մենք պէտք է ճամբայ ունենանք դեպի հոն։ Եւ դուք՝ հայերդ, կանգնած եք մեր այդ ճամբուն վրայ։ Պահանջելով Վանը՝ դուք կը փակեք մեր ճամբան դեպի Պարսկաստան։ Պահանջելով Նախիջեւանն ու Զանգեզուրը՝ դուք արգելք կը դառնաք մեզ ՝ իջնելու Կուրի հովիտը և երթալու Պաքու։ Կարսն ու Ախալքալաքը կը փակեն մեր ճամբան դեպի Ղազախ ու Գանձակ։ Դուք պէտք է մեկ կողմ քաշւիք և մեզ ճամբայ տաք։ Ահա թէ ուր է մեր հիմնական վէճը։ Մեզ պետք են երկու լայն ճամբաներ, որոնք հնարավորութիւն կտան մեր բանակներուն՝ առաջ շարժւելու և պաշտպանւելու։ Մէկ ճամբան՝ Կարս-Ախալքալաք-Բորչալու-Ղազախն է, որ կը տանի դեպի Գանձակմիւսը կերթայ Շարուր-Նախիջեւան-Զանգեզուրով Քուրի հովիտը։ Դուք կարող էք մնալ անոնց մէջտեղը, այսինքն Նոր Պայազետի եւ Էջմիածնի շուրջը»։ Ինչպիսի՜ դիպուկ բնութագրում թուրքական դիվանագիտության ռազմավարությանը։

Հայկական   պատվիրակությունը, մեր կարծիքով, տվեց դիվանագիտական պրոֆեսիոնալ պատասխան՝ նշելով, որ՝ 

ա հայերին թողած հողամասը չափազանց փոքր է հայ ժողովրդին գոհացում տալու համար նվազագույն չափով, 

բ հայկական հարցը միջազգային խնդիր է և չի կարող այդ ձևով լուծվել,

գ թուրքերի կողմից Հայաստանի համար գծված այս սահմանները հիմք պիտի դառնան հավիտենական թշնամության հայերի և թուրքերի միջև:

Վեհիբ փաշան պատասխանեց, որ իրենք շատ լավ գիտեն Հայկական հարցի միջազգային լինելը, և որ իրենք առաջինն են, որ ընդունում են անկախ Հայաստանի գոյությունը, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի տարածքի փոքր լինելուն, բոլոր պետություններն էլ սկսում են քչով և աստիճանաբար ընդարձակվում, և որ թուրքերին պետք է հայերի նպաստավոր քարոզչությունը արտասահմանում։

Այդ դաշնագրով թուրքերը մեծ հնարավորություն են ստանում՝ արագ թափանցելու Բաքու, Կովկաս, Միջին Ասիա և ավելի հեռուներ, իսկ Հայաստանը դառնում է տնտեսապես թույլ, ոչ կենսունակ, ծովից կտրված, չորս կողմից շրջափակված և Թուրքիայի համար վտանգ չներկայացնող պետություն։ Միաժամանակ, ինչպես նշում է Ալեքսանդր Խատիսյանը, նրանք վախենում էին Հայկական հարցի քննարկումից ապագա միջազգային խորհրդաժողովի ժամանակ, ուստի փորձում են մինչև այդ լուծել «Հայկական հարցը»։

Քանի որ մոտենում էր Առաջին աշխարհամարտում Օսմանյան Թուրքիայի պարտությունը, ուստի Թուրքիան  հարկադրված էր հաշտվել անկախ Հայաստանի գոյության փաստի հետ մի պայմանով, որ այն լիներ Հարավային Կովկասի սահմաններում և ոչ թե Արևմտյան Հայաստանում։ Միաժամանակ, Թուրքիան ամեն ինչ անում էր, որպեսզի թույլ չտա ցեղասպանության պատճառով հայրենազրկված արևմտահայ փախստականների վերադարձը իրենց հայրենի օջախները և հիմնովին փոխելու Արևմտյան Հայաստանի ժողովրդագրական կազմը (ինչպես այժմ Ադրբեջանն է անում արցախահայության նկատմամբ)։

Հետաքրքիր է, որ Բաթումի դիվանագիտական բանակցությունների ընթացքում Վեհիբ փաշան շատ բարձր գնահատական տվեց Սարդարապատի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայերի հերոսական գործողություններին և խնդրանքով դիմեց հայկական պատվիրակությանը՝ ստեղծելու հայ-թուրքական ռազմական դաշինք՝ նպատակ ունենալով 10 հազար հայ զինվոր ընդգրկելու իրենց զորքերի կազմում Անտանտի տերությունների դեմ կռվելու համար։ Այս առաջարկի իրական հեղինակը Էնվեր փաշան էր։ Արդեն նկատելի էր Քառյակ միության պարտությունը, և հայկական պատվիրակությունը դիվանագիտորեն խուսանավեց այդ առաջարկից՝ նշելով «Մեր ժողովրդի ծայրայեղ յոգնածութիւնը»։

Միաժամանակ նշենք, որ Օսմանյան Թուրքիան երեք անկախ պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի գոյությունը դիտում է իբրև պատնեշ, բուֆեր՝ Ռուսաստանից պաշտպանվելու համար։ Մի առիթով Թալեաթ փաշան ասել է, որ իրենք երաշխավորել են այդ անկախ պետությունների գոյությունը՝ նպատակ ունենալով նաև, որ Թուրքիան այլևս Հյուսիսային հարևան Ռուսաստանի հետ չունենա ընդհանուր սահման. նշենք, որ նույն տեսակետը պաշտպանում էր նաև Էրդողանի հակառակորդ թեկնածուն՝ Քեմալ Քըլըչդարօղլին։ 

Մի առիթով Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Բահաեդդին Շաքիր Բեյը, ասել է, որ Թուրքիան «ստիպուած է ճանաչել ներկա Հայաստանի անկախութիւնը ու պիտի ձգտի այդ փոքրիկ պետությունից պատուար ստեղծել Ռուսաստանի դեմ»։ 

Կարդացեք նաև