Թուրքիայում առկա գնաճի և լիրայի արժեզրկման մասին

Ամփոփում: Հոդվածում քննության է առնվում Թուրքիայում առկա տնտեսական ճգնաժամային իրավիճակը, որը հատկապես խորացել է Ռ.Թ. Էրդողանի իշխանության վերջին տարիներին: Գնաճը և լիրայի արժեզրկումը, նաև ցածր աշխատավարձերը հանգեցրել են այդ երկրում սոցիալական խնդիրների խորացման, և ըստ հայազգի նոբելյան մրցանակակիր Տ.Աջեմօղլուի՝ «Թուրքիան ունի 15-20 տարի ժամանակ` փոխելու իր դատական, կրթական և տեխնոլոգիական համակարգերը, հակառակ դեպքում՝ հետ է մնալու աշխարհից և այնուհետև շատ դժվար է լինելու օգտագործել առկա պոտենցիալը»:

Տարադրամի արժեզրկումը և գնաճը, իհարկե, իրար հետ բարդ օրինաչափություններով փոխկապակցված գործընթացներ են, իսկ այդ օրինաչափություններն էլ տնտեսական հարթությունից զատ ունեն նաև աշխարհաքաղաքական, ռազմական, սոցիալ-հոգեբանական և այլ բաղադրիչներ:

Թուրքական լիրայի արժեզրկումը. Ներքոնշյալ գրաֆիկի համաձայն` վերջին 10 տարվա ընթացքում 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը 2,2 ԹՀ լիրայից դարձել է 34,7 ԹՀ լիրա: Այս մակրոտնտեսական ցուցանիշը, որն ամեն պահ ազդում է Թուրքիայի հասարակության կենցաղի և կյանքի որակի վրա, հոգեբանական հարթությունում արդենիսկ հանգեցրել է լրջագույն դեպրեսիայի:

Թուրքական լիրայի արժեզրկման սկիզբը. Դոնալդ Թրամփի 2018թ. հայտնի թվիթից հետո, որով Թրամփը հայտարարում էր Թուրքիայից ԱՄՆ ներկրվող պողպատի (50%) և ալյումինի (20%) մաքսատուրքերի բարձրացման մասին (ընդ որում՝ բացահայտ նշելով, որ սա հենց արվում է թուրքական լիրայի արժեզրկման գործընթացը բորբոքելու համար) սկսում է թուրքական տարադրամի սրընթաց անկումը: Թուրքիայի իշխանության փորձերը կանգնեցնելու լիրայի արժեզրկումը մինչ օրս անհաջողության են մատնվում և, ամենայն հավանականությամբ, Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելը միայն խորացնելու է թուրքական լիրայի վայրէջքը: Ընդ որում՝ ԱՄՆ-ն փորձելու է ամրապնդել Թուրքիայի վրա իր ունեցած տնտեսական (և ոչ միայն) լծակները:

ԹՀ լիրայի արժեզրկումը լրջորեն ազդում է նաև այդ երկրի ներքին և արտաքին քաղաքականությունների վրա: Զորօրինակ՝ ԹՀ լիրան կայունացնելու համար Ռ.Թ.Էրդողանը քաղաքական գործարքների է գնում՝ Սաուդյան Արաբիայից, Քաթարից, ԱՄԷ-ից և Ադրբեջանից միլիարդավոր դոլարների ներհոսք ապահովելով դեպի Թուրքիա: Հատկանշական է, որ բավական բարդ է իմանալ այդ ֆինանսական հոսքերի իրական չափերը, քանի որ անբացառելի է զարտուղի փոխանցումների առկայությունը:

Գնաճը Թուրքիայում. ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի արժեզրկման փաստը, ըստ սահմանման, գնաճ է առաջացնում ԱՄՆ դոլարից կախված ապրանքների և ծառայությունների համար՝ այսինքն՝ գրեթե ամենուր: Պարադոքսալ կերպով գնաճը հաճախ հանգեցնում է ավելի շատ գնաճի. արատավոր շղթաներից մեկը պարզ ներկայացված հետևյալն է՝ գնաճի արդյունքում գործատուները ստիպված են լինում դրա բացասական սոցիալական ազդեցությունը մեղմելու համար բարձրացնել աշխատավարձերը, իսկ բարձր աշխատավարձեր տալու համար էլ ավելի են բարձրացնում ապրանքների և ծառայությունների գները:

Թուրքիա-BRICS հարաբերությունները. Վերոգրյալով պայմանավորված՝ Թուրքիան մակրոտնտեսական ցուցանիշները բարելավելու և առկա տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար, նաև տնտեսության դիվերսիֆիկացիայի նկատառումներով փորձ է կատարել մոտ գտնվել այդ կառույցին (Ռ.Թ.Էրդողանի ելույթը 2018թ. Յոհանեսբուրգում BRICS գագաթնաժողովում): Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը օրեր առաջ մեկնաբանել է այս գործընթացը, որ Թուրքիային կարող է ունենալ «գործընկեր երկրի» կարգավիճակ, որից հետո միայն կարող է դառնալ անդամ երկիր: Սակայն ինչպես նշում է նախարարը, BRICS-ը ստեղծված լինելով Արևելք-Արևմուտք համաշխարհային բևեռացման ֆոնին, եթե անգամ ցանկանա Թուրքիային հնարավորինս ներգրավել, մեկ է ԱՄՆ-ն, Թուրքիայի տնտեսության և քաղաքականության վրա ունենալով լրջագույն լծակներ, չի կարող թույլ տալ նմանատիպ սցենարային զարգացում: Այսինքն՝ կարելի է ասել, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից նույնպես Թուրքիան գտնվում է բավական անելանելի վիճակում:

Տարոն Աճեմօղլուի մեկնաբանությունները. Թուրքիայի տնտեսության ներկա վիճակի մասին օրեր առաջ իր գնահատականներն է ներկայացրել տնտեսագիտության նոբելյան մրցանակակիր հայազգի Տարոն Աջեմօղլուն ի պատասխան թուրք լրագրողի հարցերին: Ըստ Աջեմօղլուի՝ «15-20 տարի հետո Թուրքիան շատ ավելի ծերացած և տեխնոլոգիապես հետ մնացած կլինի, և դրանից հետո իր մեծ պոտենցիալը օգտագործելը շատ ավելի դժվար կլինի»:

Հայազգի տնտեսագետը թուրքական գնաճը հաղթահարելու հետ կապված լուծման ուղիներ է առաջարկել՝ նշելով, որ անհրաժեշտ է ամեն կերպ բարձրացնել սակավ եկամուտներ ունեցող քաղաքացիների աշխատանքի արդյունավետությունը, մասնավորապես ասելով՝ «Ի վերջո, գնաճը ախտանիշ (սիմպտոմ) է: Թուրքիայի տնտեսական խնդիրների պատճառներից մեկն աղքատությունն է, այդտեղ աշխատավարձերը չեն աճում, և դրանք բարձրացնելու ձևը նվազագույն աշխատավարձը բարձրացնելն է: Ինչո՞ւ: Որովհետև արդյունավետությունն է ցածր: Այսինքն՝ աշխատավարձերը երկրում այսքան ցածր են, բայց 50%-ը նվազագույն աշխատավարձով է աշխատում: Անհամապատասխանություն կա: Սա կարգավորելու համար մեզ անհրաժեշտ է ավելացնել աշխատողների [աշխատանքի] արդյունավետությունը այնպես, որ նրանց պահանջարկը մեծանա, գործարարների արտադրանքն ու համապատասխանաբար եկամուտներն աճեն, ցանկանան այդ աշխատողներին օգտագործել և ստիպված լինեն ավելի շատ աշխատավարձ վճարել, ուրախ կերպով ընդունեն, որ ավելի շատ աշխատավարձ են վճարելու»:

Աջեմօղուն առաջ է քաշում այն հիպոթեզը, որ աշխատողների արդյունավետությունը բարձրացնելը հանգեցնելու է աշխատավարձերի բարձրացման և գործազրկության նվազման, ինչն էլ դրական է ազդելու այն գործոնների վրա, որոնք հանգեցնում են գնաճի: Թուրքական լրատվադաշտում սա խիստ քննադատությունների է արժանացել, քանի որ պրակտիկայում աշխատավարձերը միանշանակ և ուղիղ կերպով չէ, որ կախված են աշխատողի արդյունավետությունից, ընդ որում՝ Թուրքիայում աշխատողների շահագործումը, ըստ Թուրքիայում բնակվող աղբյուրների, տարածված պրակտիկա է:

Հիշեցնեմ, որ ներկայումս նվազագույն «մաքուր» աշխատավարձը Թուրքիայում մոտավորապես համարժեք է 190 000 ՀՀ դրամի, սակայն հաշվի առնելով գրեթե բոլոր տեսակի ապրանքների, և հատկապես ներկրվող ապրանքների թանկացումը, բնակարանային վարձավճարների աճը և ընդհանրապես կյանքի թանկությունը, կարելի է միանշանակ ասել՝ այդ երկրում Էրդողանի կառավարման օրոք մարդկանց կյանքի որակն ընկել է և գնալով ավելի է անկում ապրում:

Կարելի է ամփոփ արձանագրել, որ Թուրքիայում աղքատությունն ահագնանալու միտում ունի, իսկ տնտեսական կախվածությունն օտարերկրյա պետություններից, հատկապես՝ ԱՄՆ-ից անխուսափելիորեն աճում է: Եվ եթե տնտեսական իրավիճակը այս կերպ շարունակվի, ապա կարող է հանգեցնել նաև լրջագույն քաղաքական կատակլիզմների:

Հայաստանի համար նկարագրված իրավիճակը միայն նշանակում է, որ Թուրքիան, այդ թվում՝ Ադրբեջանի ձեռքով քաղաքական ճնշումներ է գործադրելու Հայաստանի վրա՝ նրանից կորզելու «Զանգեզուրի միջանցք»:

Գևորգ Գալտակյան



Կարդացեք նաև