Վստահ ենք՝ արագ կշտկենք մեր մեջքը, և երբեմնի հայոց բանակի հաղթական փառքը նորից կթևածի. Genesis Armenia

Անկախ պետականության երաշխիքը հանդիսացող մեր բանակը կազմավորվեց բնականորեն, պատերազմի բովում, մի քանի անգամ իրեն գերազանցող թշնամու դեմ պայքարի տարիներին՝ ինքնապաշտպանական կամավորական ջոկատների միաձուլումից։ Ջոկատներ, որոնք կրում էին «Արաբո», «Չաուշ», «Տիգրան Մեծ», «Վրեժ» և այլ անուններ, իսկ դիրքերը կոչվում էին Արևմտյան Հայաստան խորհրդանշող անուններով՝ Մուշ, Սիփան և այլն:

Սա այն բանակն է, որը հաղթանակի պատկառելի հաշվեկշռով է ամփոփել թշնամու սանձազերծած առաջին՝ 1992-94 թթ. և 2016 թ. չորսօրյա պատերազմներն ու 2020 թ. 44 օր մարտական բարձր ոգով դիմադրել թշնամական մի քանի պետության զորքին ու ահաբեկիչներին՝ ռազմի դաշտի վերածված Արցախում և ՀՀ սահմաններին:
Մեր բանակն այսօր ունի գաղափարական, կարգապահական, հոգեբանական և ռազմատեխնիկական ամրապնդման կարիք:

Բանակը մենք ենք, որտեղ ծառայում են մեր որդիները. պարտավոր ենք այն պահել աչքի լույսի պես, աջակցել նրան, չհարվածել մեր անվտանգության պահպանման միակ կայացած ինստիտուտը, որքան էլ վիճարկելի լինեն նրա ու երկրի ղեկին թյուրիմացաբար հայտնված ղեկավարները: Այսօրվա ստեղծված վիճակը միայն քաղաքական խարդավանքների արդյունք է: Վստահ ենք՝ արագ կշտկենք մեր մեջքը, և երբեմնի հայոց բանակի հաղթական փառքը նորից կթևածի:

Կեցցե՛ Հայկական բանակը, խունկ և աղոթք՝ հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված հազարավոր հայորդիների հիշատակին:

Կարդացեք նաև