Խաղաղության դիմակով՝ կապիտուլյացիայի օրակարգ

Փետրվարի 13-15-ը Մյունխենում կայացավ անվտանգության 62-րդ ամենամյա համաժողովը, որին, ի տարբերություն Հայաստանի գործադիր իշխանության, մասնակցում էր Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևի մյունխենյան հայտարարությունները պետք է դիտարկել այդ պետության ոչ միայն քաղաքական հռետորաբանության, այլև աշխարհաքաղաքական ռազմավարության համատեքստում: 

Ադրբեջանի նախագահը, որը միջազգային անվտանգային լսարանի առաջ հայտարարում է, որ Հայաստանի հետ սկսվել է միջպետական հարաբերությունների և խաղաղաշինության գործընթաց, փորձեց ներկայացնել ստեղծված և ստեղծվելիք մի «նոր իրավիճակ», ինչը նշանակում է, որ ուժի կիրառմամբ ձևավորված իրավիճակը պետք է ընդունվի որպես անշրջելի փաստ։ «Ստեղծվել է ամբողջովին նոր իրավիճակ։ Մենք սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր պարտավորությունները խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- հայտարարեց Ալիևը՝ շեշտելով, որ «սահմանին խաղաղություն է» և ստեղծվել է «նոր իրավիճակ»։ Այս արտահայտությունը նշանակում է, որ պատերազմից հետո ուժերի հարաբերակցությունը փոխվել է, և դա պետք է ընդունվի։ Միջազգային հարաբերություններում «նոր իրավիճակը» իրավական կատեգորիա չէ, այլ ռազմական ուժի միջոցով ագրեսիայի հետևանքն օրինականացնող վիճակ, որը կդառնա  խաղաղ բանակցությունների հիմք։ 

Փաստենք՝ սա խաղաղաշինության գործընթացի իմիտացիա է, քանի որ ամրագրում է ագրեսիվ կողմի պարտադրած քաղաքական, կապիտուլյացիոն ռազմավարությունը, հստակ ճնշում բանեցնում Հայաստանի վրա, ինչին պաշտոնական Երևանը ոչ մի ձև չի արձագանքել։ 

Առանձնացնենք Ադրբեջանի նախագահի ուղերձի հիմնական դրույթները․

  • Արցախի հարցը փակված է,
  • տարածաշրջանային կոմունիկացիաները կբացվեն, եթե Հայաստանը մինչև վերջ կատարի պայմանավորվածությունները,
  • ուժի միջոցով ձեռք բերված արդյունքները ենթակա չեն վերանայման,
  • բանակցությունները պետք է ընթանան այդ արդյունքների և տրամաբանության շրջանակում, այլապես պայմանագիրը չի կնքվի․ այսինքն, Հայաստանի վրա քաղաքական ճնշումները շարունակվելու են։

Այսպիսով, Մյունխենում հնչած մտքերն ակնհայտ էին՝ «խաղաղության պայմանագիրը» Ադրբեջանի կողմից դիտարկվում է որպես միակողմանի թելադրված ակտ։ Ալիևը հայտարարեց, որ «հակամարտությունն ավարտված է», և որ այժմ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր, սակայն պայմանագրի կնքման համար նա ներկայացնում է հետևյալ նախապայմանները․

  • Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջության անվերապահ ճանաչում,
  • «Զանգեզուրի միջանցքի»  բացում հատուկ ռեժիմով,
  • սահմանների դելիմիտացիա ադրբեջանական քարտեզների հիմքով։

Ալիևը կատարեց նաև Արցախի թեման փակելու փորձ, նշելով՝ «Լեռնային Ղարաբաղը որպես քաղաքական միավոր այլևս գոյություն չունի»։ Նա հարցը ներկայացրեց որպես Ադրբեջանի ներքին գործ և մերժեց որևէ միջազգային միջամտություն։

Շանտաժային տրամաբանությունը հետևյալն է՝ հասնել Հայաստանի դե ֆակտո և ամբողջական կապիտուլյացիայի՝ դե յուրե  «խաղաղության» քողի ներքո։ Նման պայմաններում, երբ հակամարտող սուբյեկտներից մեկը հանդես է գալիս զրոյական արդյունքով խաղի տրամաբանությամբ, այն է՝ հաղթողը տանում է ամեն ինչ, իսկ մյուս կողմը՝ ոչինչ, խաղաղության հաստատումը դառնում է անկայուն, մանիպուլյատիվ, զրկված երաշխավորներից և միջազգային երաշխիքներից: Նման փաստաթղթերը միայն կարող են պատերազմի ռեէսկալացիայի հիմք հանդիսանալ։

 Հայաստանի գործող իշխանության բանակցային վարքաբանությունը, ադրբեջանական շարունակական ճնշումներին տրված «յուրովի» պատասխանները, դիրքային արդարացումները, պատմությունը վերանայելու Բաքվի փորձերն անպատասխան թողնելը, կենսունակություն են հաղորդում ռեվիզիոնիզմի և մարդկության դեմ հանցագործությունների օրինականացման համար: Պատմությունը նենգափոխելով՝ Ալիևը փորձում է ձեռքից բաց չթողնել Հայաստանի վրա ճնշման լծակները, օգտագործելով վերջինիս փաստացի ղեկավարության իշխանության երկարակեցությունը և ս.թ. հունիսին վերարտադրման հնարավորությունը։

 Բաքուն խաղաղության փաստաթղթի հիմք է համարում նաև Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, առանց որի խաղաղություն չի կարող հաստատվել, նշելով, որ «Հայաստանը պետք է փոփոխություն կատարի իր Սահմանադրության մեջ՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»։ Նախ, Ալիևը հույս է հայտնել, որ «խաղաղաության համաձայնագիրը կստորագրվի այս տարի», ապա նշել, որ «Խաղաղության համաձայնագիրը կստորագրվի Հայաստանի Սահմանադրության փոփոխության հաջորդ օրը»։ Փաստորեն՝ խաղաղության պայմանագրի շեշտադրումը ուղեկցվում է նախապայմանով, ինչը բանակցությունը դարձնում է ասիմետրիկ գործընթաց։ Ալիևի պնդմամբ, «Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի փոխըմբռնում։ Եվ այդ փոխըմբռնումը այն մասին է, թե ինչ պետք է արվի և ինչ հերթականությամբ»։ Եթե հիմք ընդունենք Բաքվի ղեկավարի հայտարարությունը, ինչին Հայաստանի ղեկավարությունը չի հակադարձել, ապա կստացվի, որ Հայաստանի իշխանությունը հետպատերազմյան ամբողջ ժամանակահատվածում մոլորության ու խաբկանքի մեջ է թողել հայ հանրությանը՝ պնդելով, որ Ադրբեջանի պահանջով չէ, որ փորձում է կատարել սահմանադրական փոփոխություն, և որ Սահմանադրության փոփոխության հարցում Ադրբեջանը որևէ ազդեցություն չունի, որ այդ քայլն անում է Հայաստանի «ինքնիշխան» ղեկավարությունը,  սակայն  պարզվում է, որ նույնիսկ փոփոխությունների հերթականությունն են համաձայնեցրել Ադրբեջանի հետ։ 

 

 «Միջանցքի» թեման նույնպես չի անտեսվել գագաթնաժողովում. Ադրբեջանի նախագահը միջազգային լսարանի առաջ խնդիրը դիտարկել է եվրասիական անվտանգության համատեքստում, հայտարարել, որ «միջանցքն անցնելու է Ադրբեջան-Հայաստան-Ադրբեջան (նկատի ունի Նախիջևանը)-Թուրքիա և հետո Եվրոպա» երթուղով։ Այսինքն, Ալիևը բացառում է, որ երկաթուղին Նախիջևանից մտնելու է Երասխ, այնտեղից հասնելու է Գյումրի և հետո Կարս։ Հետաքրքիր է, որ Հայաստանի գործադիր իշխանությունն իր դիվանագիտական ձախողումը փորձում է բարդել Ռուսաստանի վրա՝ հայտարարելով, որ երկաթուղին Երասխ չի մտնելու, քանի որ Հայաստանի երկաթուղին  կառավարում են ռուսները և դա որոշ երկրների համար խնդիր է։  Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ քարոզչական հնարք, որի նպատակը TRIPP-ի ուղու հարցում  ևս մեկ դիվանագիտական-քաղաքական ձախողումն իրենից հեռացնելը։ Չմոռանանք, որ Ալիևը մյունխենյան իր ուղերձում նման հայտարարություն չի անում և չի դիտարկում Նախիջևան-Երասխ-Կարս տարբերակն՝ անկախ նրանից, որ ռուսներն են կառավարում երկաթուղին, թե այլ պետության ներկայացուցիչներ։

 

 Մյունխենում Ադրբեջանի նախագահը անդրադարձել է նաև հայ ռազմագերիների հարցին։ Ալիևը հայ ռազմագերիների դատավարությունը Բաքվում համեմատել է «Նյուրենբերգի» դատավարության հետ, իսկ հայ ռազմագերիներին՝ «նացիստներից ավելի վտանգավոր հանցագործների» հետ։ Սրանով պաշտոնական Բաքուն Հայաստանին  վերագրում է կապիտուլացված Գերմանիայի կարգավիճակը  և փորձում միջազգային հանրության առջև սեփական հակաօրինական պահվածքը արդարացնել «դենացիֆիկացիայի» և «հակաահաբեկչական» գործողությունների տրամաբանությամբ։ 

 Ադրբեջանի նախագահը, իր երկրի դերը տարածաշրջանում բարձրացնելու նպատակով, հատուկ ընդգծել է իրականացված մի շարք էներգետիկ և տրանսպորտային նախագծեր՝ մասնավորապես, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։ Նա նշել է նաև, որ Ադրբեջանը կարող  է դառնալ «տարածաշրջանային տրանսպորտային հանգույց», որպես Եվրոպա և Ասիա կապող ռազմավարական հանգույց։ 

 Փաստորեն, Մյունխենում Ադրբեջանը հերթական անգամ ապացուցեց, որ ուժի քաղաքականության ցուցադրումը հանդիսանում է այդ երկրի արտաքին քաղաքականության հաջողության գործիքակազմերից մեկը։ Նման իրավիճակում Հայաստանն ունի՞ արդյոք բավարար ռեսուրսներ և դիմադրողականություն՝ կասեցնելու սեփական ինքնիշխանությանն ու միջազգային սուբյեկտայնությանն սպառնացող վտանգներն ու ռիսկերը։ Մյունխենում Ալիևի ելույթը ոչ թե հաշտեցման, այլ կայունացման միջոցով գերակայության ամրապնդման ելույթ էր։ Նրա ռազմավարությունը պարզ է․ արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ Հայաստանի վրա պահելով ճնշման լծակները, միջազգային հանրությանը ներկայանալ որպես կանխատեսելի գործընկեր, ցույց տալ, որ տարածաշրջանում կայունությունը կախված է Բաքվից, հեռացնել «պատերազմական պետության» իմիջը և փոխարինել այն խաղաղության ձգտող կերպարով: Իմիջային վերադասավորումների փուլով անցնող Ադրբեջանի համար գերակա խնդիր է միջազգային հարթակներում ներկայացնել, որ խաղաղության գործընթացին խոչընդոտում է Երևանը, ուստիև՝ ռեէսկալացիայի լեգիտիմացման պատասխանատվությունը դրվում է Հայաստանի վրա։

 Հայաստանի իշխանության ոչ նախաձեռնողական արտաքին քաղաքականության ու դիվանագիտական օրակարգի բացակայության պայմաններում մեր պետությունը դուրս է մնացել՝ ընդհուպ օրակարգային սրբագրումներ անողի կամ առաջարկողի դիրքից: Մյունխենում ականատես եղանք, որ Ադրբեջանը փորձում է՝ լեգալիզացնել հետպատերազմյան իրողություններն ու տարածքային զավթումները, խաղաղության հարցը շաղկապել իր անօրինական և անտրամաբանական պահանջների հետ, միջազգային լսարանին համոզել, որ գործընթացը «կառուցողական» է։ Սա դասական «փափուկ ձևակերպված կոշտ քաղաքականություն» է, որին չպատասխանելով՝ Հայաստանի իշխանությունը ոչ միայն թուլացնում է բանակցային սեղանի շուրջ սեփական դիվանագիտական դիրքերը, այլ նաև այս «խաղաքարտի» միջոցով փորձում միջազգային լոյալություն ապահովել՝ ընտրական Հայաստանում շարունակվող և սպասվող բռնաճնշումներին:

Կարդացեք նաև