Խաղաղություն առանց ուժի. ո՞ւմ են ծառայում խաղաղության պոպուլիստական կոչերը

Ինչու՞ են պետությունները զինվում՝ հակառակ խաղաղության կոչերին, կամ ինչու՞ չպետք է տուրք տանք Հայաստանի իշխանության թույլ, էժան, մանիպուլյատիվ, սնանկ և հակագիտական պնդումներին, թե պաշտպանական բյուջեն պետք է կրճատվի և այդ գումարն ուղղվի սոցիալական ոլորտներին:  Նախընտրական տարում փարիսեցիները միշտ էլ ակտիվանում են, ասֆալտ են փռում, ինչը լավ բան է, և ոչ ոք չի կարող ժխտել, որ այսօրվա Հայաստանում միջպետական ճանապարհների որակն էականորեն բարելավվել է, որը ճշմարտություն է։ Բայց դրա կողքին առկա է  նաև  հայրենիքի ու ռազմավարական կենսական դիրքերի կորուստ, և այդ  պատճառով ասֆալտի որակը կորցնում է  հետաքրքրությունը, որովհետև   պետության առաջնահերթ խնդիրն այս  փոփոխվող աշխարհում առաջին հերթին անվտանգությունն է։ Շեշտենք, որ  Նիկոլ Փաշինյանի բոլոր ասպարեզներում իրականացվող քաղաքականությունը զուտ պոպուլիստական են՝ նույնիսկ խաղաղության մասին, որոնք մտացածին են և ոչ իրական։ Ոչ իրական են նաև  «իրական Հայաստանի» ծիծաղելի գաղափարից մինչև խաղաղության իմիտացիան: Պարզ է, որ մարդկության պատմության ամենախորքային հակասություններից մեկը խաղաղության ձգտումն է և ինքնապաշտպանությունը։ Միջազգային կազմակերպություններն ու խաղաղության տեսաբանները մշտապես քարոզել են ուժի սպառնալիքից հրաժարվելու ցանկությունը, բայց  զուգահեռաբար պետությունները շարունակում են իրենց բյուջեների զգալի մասը հատկացնել բանակին, զինտեխնիկային ու անվտանգության ապահովմանը։ 

Այս երևույթը առաջին հայացքից թվում է հակասական, որ մի կողմից  պետությունները խաղաղության են ձգտում, բայց մյուս կողմից  զգալիորեն  ավելացնում են ռազմական բյուջեն,  սակայն  իրականում, այս տրամաբանությունը բխում է պետության գոյության բնույթից և միջազգային հարաբերությունների կառուցվածքից։ Նախ՝ պետության գլխավոր առաքելությունն է սեփական ժողովրդի և տարածքի պաշտպանությունը և սա չի կարող հենվել միայն բարոյական կոչերի վրա։ Միջազգային համակարգը անարխիկ է գոյություն չունի որևէ  կենտրոն, որը կարող է երաշխավորել համընդհանուր անվտանգություն։ ՄԱԿ-ը և այլ կազմակերպություններն ունեն միջնորդական և հաշտեցնողի դեր, բայց չունեն այն ուժը, որ պարտադրեն խաղաղություն ամենուրեք, հետևաբար, յուրաքանչյուր պետություն իր գոյությունը պայմանավորում է առաջին հերթին սեփական ուժով։ 

Երկրորդ. պատմական փորձը բազմիցս ապացուցել է, որ միակողմանի զինաթափումն անխուսափելիորեն առաջացնում է վտանգավոր խոցելիություն: Քանի դեռ աշխարհում կան ագրեսիվ ռեժիմներ, դիկտատորներ, ծավալապաշտական քաղաքականության կրողներ, տնտեսական մեծ շահերի համար պայքարող պետություններ, ապա անպաշտպան պետությունը միշտ դառնում է նրանց  զոհը։ Եվ եթե որևէ մեկին թվում է, թե Ադրբեջանի նման ագրեսոր պետությանն ուղղված խաղաղության կոչերը կարող են զսպել նրան, որպեսզի հրաժարվի Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններից, ապա աններելի մոլորության մեջ է, որովհետև երկրի անվտանգությունը պաշտպանում են ոչ թե պոպուլիզմով, այլ՝ ուժերի բալանսի և շահի հաշվարկով։

Երրորդ. զինված ուժերը միայն պատերազմի գործիք չեն, այլ   նաև զսպման միջոց են։ Երբ պետությունը ցուցադրում է իր պաշտպանունակությունը, այն նվազեցնում է հակառակորդի գայթակղությունը՝ հարձակվելու կամ ճնշում գործադրելու։ Ասինքն` ուժի հավասարակշռությունը՝  խաղաղության լավագույն երաշխիքն է։

Բացի այդ ամենից, բանակն ու ռազմական ոլորտը կատարում են նաև ներքին նշանակության դեր։ Դրանք նպաստում են տեխնոլոգիական առաջընթացին, հայրենասիրության ամրապնդմանը, համազգային համախմբմանը և պետական ինստիտուտների կայունությանը։ Բազմաթիվ նորարարություններ ծնվել են ռազմական հետազոտություններից, իսկ հասարակության մեջ բանակը մնում է ինքնության ու պետության պաշտպանության կարևորագույն օղակը։ Այսինքն,  խաղաղության կոչերն ու խաղաղասիրական ծրագրերը կարևոր են, բայց դրանց կենսունակությունը պայմանավորված է ուժով։ Այն պետությունը, որն անտեսում է  անվտանգության պահանջները, վտանգի տակ է դնում իր ժողովրդի գոյությունն ու ապագան։ Ուստի՝ զինվելն իրականում խաղաղության պահպանման միջոց է, և իզուր չի ասված՝  «Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի»։

 Պետության առաջնային գործառույթը ինքնիշխանության ու տարածքային ամբողջության պաշտպանությունն է։ Եթե նույնիսկ առաջնային է   խաղաղության մասին ռազմավարությունը, ապա պատմական բազում փորձերը ցույց են  տալիս, որ միակողմանի ցանկությունը գրեփե միշտ ձախողվում է, որովհետև  հակառակորդը կամ թշնամին չի կիսում նույն արժեքները։ Ցավալի է, բայց ներկայիս ՀՀ իշխանություններն առաջնորդվում են վերոհիշյալ սկզբունքով, նույնիսկ  անձնագրի կնիքից Արարատ լեռան պատկերը հանելով ու շեշտելով, որ  եթե մենք դա չանենք,  ապա  թուրքերն ու ադրբեջանցիներն էլ Արագած լեռը կարող են դնել. ինչպիսի միաբջիջ դատողություն այն դեպքում, երբ  բոլորս  գիտենք,  որ տարիներ շարունակ Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվում է, օրինակ, այնպիսի քարտեզների ցուցադրումը, որտեղ Հայաստանի շատ տարածքներ, եթե ոչ ամբողջ Հայաստանը,  ներառվում են  Ադրբեջանի կազմում:  

Ամփոփենք․ միջազգային հարաբերություններում չկա համաշխարհային կառավարություն, որը պարտադրի խաղաղություն։ Յուրաքանչյուր պետություն գործում է «անարխիկ համակարգում», որտեղ չկա երաշխավորված պաշտպանություն։ Հետևաբար՝ անվտանգության ապահովումը դրվում է հենց պետության վրա,  նույնիսկ եթե այսօր չկա պատերազմ, ապա անորոշ ապագան ստիպում է պետություններին պատրաստ լինել ցանկացած զարգացման։ Ներքին և արտաքին քաղաքական գործոնները կարող են արագ փոխվել դաշնակիցը կարող է դառնալ հակառակորդ, իսկ խաղաղ միջավայրը՝ թեժ հակամարտություն։ 

Փորձեմ մեկ ցայտուն օրինակ բերել.  Քաթարը, որը Աբրահամյան արձանագրությունները կնքեց ու վավերացրեց 5 տարի առաջ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ավարտին, Իսրայելի հետ վաղուց էր գաղտնի բանակցուններ վարում։ Այս պետությունը դարձել էր և շարունակում է մնալ իսլամիստ ծայրահեղականների ու Արևմուտքի, այդ թվում Իսրայելի միջև բանակցային ամենահարմար հարթակը: Միլիարդներ ծախսվեց, որպեսզի դառնան փափուկ ուժի ամենաանվտանգ մայրաքաղաքը, բայց անցած շաբաթ ականատես եղանք  Քաթարի մայրաքաղաք Դոհայի կենտրոնում Իսրայելի իրականացրած հերթական անհավատալի օպերացիային, որը ևս մեկ  անգամ   ապացուցեց, որ խաղաղության ընկալումները, մեղմ ասած, անհեթեթ են, երբ երերում է  պետության անվտանգությունը: Ի դեպ, ոչ ոք չէր սպասում Քաթարում տեղի ունեցածին, քանի որ ԱՄՆ-ի տարածքից դուրս աշխարհի ամենամեծ ամերիկյան ռազմաբազան գտնվում է հենց Քաթարում, բայց այս ռազմաբազայի գոյությամբ հանդերձ՝ Վաշինգտոնը, փաստորեն, չցանկացավ կամ աբսուրդ է կարծել, որ չկարողացավ պաշտպանել իր ամենադաշնակցի անվտանգությունը:  Այսուհանդերձ, Քաթարը մնաց անպաշտպան, և  օրը ցերեկով Դոհայի կենտրոնում ռմբակոծվեց մի ամբողջ շենք, որին հաջորդեց ընդամենը ափսոսանքի և կարեկցանքի խոսքեր: Ընդ որում, փորձագիտական և վերլուծական շրջանակների համար դեռևս հանելուկ է մնում, թե ինչպե՞ս են իսրայելական հրթիռները հասել Դոհա, ի՞նչ ճանապարհով և ո՞ր երկրների օդային տարածքն են հատել: 

Նշեմ նաև, որ ՆԱՏՕ-ի հրամանատարական կենտրոնական շտաբը Օկլահոմայում է, ամենամեծն է և ամենաարդիականը: Քաթարի Ալ-Ոդայդ ռազմաբազան երկրորն է աշխարհում՝ դերակատարությամբ և ազդեցությամբ, նույնիսկ Թուրքիայի Ինջիռլիքի ռազմաբազայից ավելի հզոր ու գերհագեցած: Այստեղ տեղակայված ռադարները  հնարավորություն ունեն որսալու յուրաքանչյուր հրթիռի, անօդաչու, կործանիչ Եմենից մինչև Պակիստան: Հետևաբար աբսուրդ է մտածել, թե Քաթարում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն համակարգերը չեն նկատել,  կամ չեն կարողացել որսալ   Իսրայելից դուրս եկած կործանիչները, հիմնականում՝ F 15-ները և F 35-ները, գումարած՝ օդում նրանց վառելիքով լիցքավորող հսկա օդանավերը, որովհետև ամերիկյան տեխնիկական զինանոցն ամենաարդիականն է, և որից էլ Իսրայելն օգտվում է, ասինքն   Իսրայելի գործածած տեխնոլոգիան  նույն ամերիկյանն է՝ ավելի թույլ կարողություններով։ Մնում է ավելացնել, որ ռմբակոծված շենքը, որում գտնվում էր ՀԱՄԱՍ շարժման ռազմաքաղաքական էլիտան, Ալ-Ուդայդի ռազմաբազայից գտնվում էր ընդամենը 32 կմ հեռավորության վրա, իսկ  նախագահ Թրամփն  արտահայտվեց այնպես, կարծես տեղյակ չի եղել Իսրայելի ռազմական օպերացիայից, որն   անհավատալի է:  Շեշտենք նաև, որ  Քաթարի էմիրը 4 ամիս առաջ նախագահ Թրամփին նվիրել էր կես միլիարդ դոլար արժողությամբ քաղաքացիական օդանավ՝ հարմարեցված գերժամանակակից սարքավորումներով և հարմարավետությամբ, 3 միլիարդ դոլարից ավելի գործարք էր կնքել ԱՄՆ-ի հետ՝ գազային գործակցության պայմանագրերով։ Իմ տարբեր վերլուծականներում հաճախ ներկայացրել եմ ամերիկյան ու համաշխարհային որոշումների ընդունման կենտրոնների հետաքրքիր ու բանալի անձնավորությունների, որոնք էական դերակատարում ունեն դիվանագիտական ու քաղաքական գործընթացներում՝ հույս ունենալով, որ այդ ամբողջ վերլուծությունն ու գիտելիքը կօգնի մեր երկրի ռազմավարությունը մշակողներին, եթե իհարկե այդպիսիք կան, ընդունել ճիշտ որոշումներ: 

Դրանցից մեկը Ռոն Դերմերն է՝ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը, նախագահ Թրամփի և վերջին 15 տարում ամերիկյան բոլոր վարչակազմերի մտերիմ բարեկամը, Իսրայելի մի քանի վարչապետի, հիմնականում՝ Նաթանյահուի, գլխավոր խորհրդականը: Դերմերը 3 ամիս առաջ հանդիպել էր Սիրիայի արտգործնախարարի հետ, և հենց նա էր կազմակերպել Սիրիայի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես Սիրիայի անցումային նախագահ Ահմադ Ալ Շարայի և Մոսադի տնօրենի հանդիպումը Բաքվում: Ես այս թեմային մանրամասն անդրադարձել եմ և նշել Ադրբեջանի հակաիրանական գլխավոր բաստիոն լինելու հանգամանքը, նաև այն փաստը, որ կա Սիրիա-Իսրայել-Ադրբեջան կոնսենսուս՝ Սիրիայում տեռորիստական խմբավորումների հազարավոր զինյալների օկուպացված Արցախ տեղափոխելու հարցում: Այսպես,  Իսրայելի հակաիրանական բոլոր գործողություններում Ադրբեջանն ունի ակտիվ մասնակցություն, նվազագույնը՝ տարածքի և լոգիստիկ հնարավորությունների տրամադրման, հետախուզական տվյալների հայթայթման և հակաիրանական ճակատն ակտիվ պահելու առումով: Նշենք նաև, որ Ռոն Դերմերը իսրայելցի է, որն ունի սերտ կապեր թե՛ Ադրբեջանում, թե՛ ԱՄՆ-ի Զինված ուժերի ինստիտուտում:  Հիշեցնեմ նաև ՀԱՄԱՍ շարժման Քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյայի սպանությունը Թեհրանում և Մոսադի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների սերտ գործակցությունը։ Այսօր արդեն եգիպտոսյան հետախուզական շրջանակները բացահայտորեն խոսում են այն մասին, որ Քաթարում հրթիռակոծության հարցում հետախուզական կարևորագույն դերակատարում է ունեցել նաև Ադրբեջանը, հակառակ այն փաստին, որ Բաքվի արտգործնախարարությունը շտապեց հերքել նման տեղեկությունները: Այն ինչ անում է Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ, Ադրբեջանը նույնությամբ փորձում է անել Հայաստանի հետ: Եթե Իսրայելը բանակցողներին չի սպանում, այլ սպանում է բանակցությունը, ապա  ճիշտ այդպես,  Ադրբեջանը սպանում է խաղաղության տեսլականը՝ անդրդվելի մնալով Հայաստանի նկատմամբ տարածքային ու ժողովրդագրական պահանջներում:

Հստակ է, որ խաղաղության պայմանագրերը հաճախ չեն գործում առանց ուժային հավասարակշռության, և  եթե պետությունը չունի բաղձալի խաղաղությունը պահող, զսպող գործոն՝ զոհ կդառնա։ 20-րդ դարի երկու համաշխարհային պատերազմները, նաև փոքր պետությունների վերացումը կամ օկուպացիան (օր.՝ Լեհաստանը, Բալթյան երկրները, Հայաստանը տարբեր դարաշրջաններում) ցույց են տվել, որ անպաշտպան մնացած պետությունները հեշտությամբ դառնում են ագրեսիայի զոհ, և եթե ուզում ենք իրական խաղաղություն, իրական անկախ Հայաստան, ապա պետք է շպրտենք ինքնախաբեության շղարշը, և  քաջություն ունենանք խոստովանելու, որ  լռությամբ՝ շարունակում ենք խորտակել մեր երեխաների ու հայրենիքի ապագան, որ ստի ու կեղծիքի այս միջավայրը մեզ պարտադրել են, և մենք դա կամավոր չենք որդեգրել։ Հայրենիքի այս ավազակների դեմ պայքարի մի քանի ձև կա, որոնք փորձել ենք, քիչ թե շատ արդյունք գրանցել ենք, բայց մեծ հաշվով՝ հաջողության չենք հասել: Մենք ազատվելու ենք չարիքի իշխանության պարտադրած կապանքներից, փշրելու ենք դրանք,  բայց դրա համար պիտի հավատանք, որ մեր փրկությունը գալիս է հոգևոր Հայաստանի գաղափարաբանությունից: Նիկոլը հիմար չէ, որ չհասկանա թե  որտեղ է թաքնված իր թշնամին․ Նիկոլի թշնամին միայն իրեն ընդդիմացողը չէ, Նիկոլի թշնամին  հոգևոր հայն է, որը ժողովրդին դարձնում է ազգ, իսկ Նիկոլը չի ուզում, որ մենք ազգ դառնանք, որովհետև այդտեղ իր անփառունակ մայրամուտի վտանգն է տեսնում: Նիկոլի ու իր հարճերի համար  կենցաղային մտածողությամբ բեռնված հայ ժողովուրդ է պետք, տեսլական ու հեռանկար չունեցող, ամորձատված մի ցեղատեսակ, որը թեև խոսում է հայերեն, բայց միջին վիճակագրական գլոբալիստի նման՝ թքած ունի հավատքի, մշակույթի, սահմանների վրա, հրաշալի սպառող է և ունի մեկ նպատակ՝ ուտել-խմել-քեֆ անել, այսինքն՝ որտեղ հաց, այնտեղ կաց, իսկ այդ դեպքում  նա կխոսի  բացառապես ստամոքսի լեզվով։ Այդ իրավիճակում Նիկոլը հեշտ կհամոզի,  որ  ճիշտը  թշնամու բոլոր պայմաններն ընդունելն է՝ հանուն  «իրական»  անկախության ու ազատության:

Հայաստանի անվտանգությունն ու հայության միասնականությունը ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր-մշակութային հիմքեր ունի: Հայի ուժը միայն ՀՀ-ում  չէ, այլ նաև հոգևոր հայրենիքում։ Երբ մեր ֆիզիկական հայրենիքի մեծ մասը կորած է, երբ մեր ազգային-պետական կենսական շահերը վտանգված են, մեր փրկությունը՝ արմատներին վերադառնալու մեջ է, որից մենք շատ ենք հեռացել։ Ազատության, արդարության և դեպի արև նայելու մեր ընկալումներն ու ունակությունները զիջել ենք չարին, ծուլությանն ու ինքնախաբեությանը, և  հենց այստեղ է Նիկոլը կարողանում խաղալ, հենց այստեղ է նա մեզ մանիպուլյացնում՝ օգտվելով մեր ժողովրդի զավակների, գուցե, միամտությունից, գուցե, դյուրահավատությունից: Էլ բան չմնաց, որ բերի մեր գլխին. ես անհույս լավատես չեմ, շատ իրատեսորեն եմ ասում՝ ձերբազատվելու ենք սրանցից և դառնալու ենք այն ազգն ու պետությունը, որը գործառույթներ ունի, որը անելիք ունի աշխարհի համար: Եղել ենք քաղաքակրթությունների բախման ու համագոյակցության խաչմերուկ, եղել ենք՝ հիմա չենք, որովհետև չենք ուզում առերեսվել իրականությանը։ Մեզ փորձում են համոզել, որ հարմարավետ կյանքը թողած պետք չէ հոգնել ու ընկնել ինչ-որ արժեքների ու ստեղծարար մտքի հետևից, բայց մենք գիտենք  մեր  ազգի պատմությունը, ուժեղ և թույլ կողմերը և հավատում ենք, որ հաղթահարելու ենք մեր ինքնության ու զարգացման զարկերակին թառած այս քաղծկեղային մետաստազը և կրկին դառնալու  ենք արարող, ստեղծագործ հանճարով, հայրենիքի ամբողջականությանը հավատացող այն ազգը, որին հարվածելուց առաջ՝ թշնամին շատ երկար կմտածի: Նիկոլը ազգից  ուզում է խլել այս նպատակը և դարձնել հավակնություն չունեցող զանգված։ Նիկոլ Փաշինյանը թուրքական պետության անվտանգային կոմպլեքսների բալասանն է, որի տեղը ոչ թե կառավարության շենքն է, այլ՝ իրական անկախ Հայաստանի բանտը՝ ցմահ ազատազրկման արդար վճռով:

Կարդացեք նաև