Երբ պետությունը կանգնում է երկընտրանքի առաջ․ դեկտեմբերի 2-ի դասերը՝ 105 տարի անց

105 տարի առաջ՝ 1920թ․ դեկտեմբերի 2-ին, Երևանում և Ալեքսանդրապոլում (Գյումրիում) մի քանի ժամվա տարբերությամբ կնքվեց ճակատագրական երկու պայմանագիր, որոնցով որոշվեցին հայության և նրա նորանկախ պետության քաղաքական ճակատագիրը: Խոսքը Երևանի հայ-ռուսական, իսկ դեկտեմբերի 3-ին՝ Ալեքսանդրապոլի հայ-թուրքական պայմանագրերի մասին է, որոնք ստորագրվեցին 1918 թ-ին հռչակված Հայաստանի դեմոկրատական հանրապետության քաղաքական մայրամուտի ամենաբարդ շրջանում։ Հատկանշական է, որ Ալեքպոլի պայմանագրի դրույթների քննադատության շուրջ կոնսենսուս է ձևավորվել թե՛ պրոթուրքական պատմական թեզերը խրախուսողների, թե՛ խորհրդային պատմագիտական մտքի ներկայացուցիչների շրջանում: Եթե առաջին խմբի ներկայացուցիչների պնդում-հիմնավորումն այն է, որ Հայաստանի առաջին հանրապետությունը կործանվեց «հայկական պետության շահերը ռուսական շահերի մեջ տեղավորելու համար», ապա խորհրդային պատմագրության ներկայացուցիչները համարում են, որ Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքական գլխավոր սայթաքումը դեռևս 1920թ. մայիսին էր, երբ պաշտոնական Երևանը հրաժարվեց խորհրդայնացվել և հույսը դրեց Անտանտի դաշնակից պետությունների դիվանագիտական խոստումների վրա: 105 տարի անց ՀՀ կանգնած է դիվանագիտական երկընտրանքի առաջ և ցանկացած չհաշվարկված քայլ կամ կողմնորոշում կարող է ճակատագրական լինել հայ ժողովրդի և հայկական պետականության ինքնիշխանության համար։ Իսկ ի՞նչ է եղել 105 տարի առաջ։

1920թ. սեպտեմբերի 28-ին սկսված (գրեթե նույն օրը, ինչ Արցախի 44-օրյա պատերազմը) ռուս և հայ բոլշևիկների, նույն տարվա ապրիլից բոլշևիկյան դարձած Ադրբեջանի ու քեմալական Թուրքիայի համատեղ հարվածների տակ, հայկական բանակը պարտություն կրեց Թուրքիայի հետ պատերազմում: Չնայած հայկական բանակը մարտնչում էր չորս ուժերի դեմ, սակայն պարտության պատճառները միայն ռազմական-ռազմավարական և մարտավարական չեն: Տարածքային կորուստների, գաղթականության և բարոյալքված զորամասերի առկայության, տնտեսական ու ֆինանսական ծանր վիճակի հետևանքով երկիրը կանգնեց նաև քաղաքական աղետի առաջ: Իրավիճակը հրամայաբար թելադրում էր պատերազմում պարտված կառավարության հրաժարականը՝ անկախ պարտության պատճառներից, և քաղաքական նոր ուժերի կողմից երկրի ապագայի համար պատասխանատվության ստանձնում: Հետևաբար, նոյեմբերի 23-ին Հ. Օհանջանյանի կառավարությունը հրաժարական տվեց, և նրան փոխարինեց Ս. Վրացյանի «ռուսամետ» կառավարությունը, որը գոյատևեց ընդամենը 10 օր։ Բոլշևիզմի ահագնացող վտանգը հաշվի առնելով՝ թուրքական զորքերի առաջխաղացումը կանգնեցնելու և երկիրը փրկելու նպատակով, Ս․Վրացյանի կառավարությունը սկսեց բանակցություններ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի հետ:

1920թ. նոյեմբերի 25-ին Ալեքսանդրապոլում բանակցություններ սկսվեցին Թուրքիայի հետ: Հայկական կողմը չցանկացավ թուրքերի հետ անմիջապես բանակցություններ վարել և որպես միջնորդ՝ առաջարկեցին վրացիներին (եթե հայկական կողմը ցանկանար իրական բանակցություններ վարել թուրքերի հետ, ինչպես փորձում են պնդել շատերը, ինչու՞ դիմեցին վրացական միջնորդությանը՝ անմիջականի փոխարեն): Սակայն թուրքերը վճռաբար մերժեցին Մդիվանու միջնորդական մասնակցությունը՝ կտրուկ պահանջելով, որ բանակցություններն ընթանան դեմ առ դեմ, միայն հայերի և թուրքերի միջև: Ստեղծված վիճակում այլընտրանք չկար և հայկական կողմը ստիպված էր համաձայնվել Թուրքիայի առաջարկ-պահանջին: Չնայած Ալեքսանդրապոլում սկսված բանակցություններին՝ գործունեության առանցքը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն էր: Ռուսաստանը հստակ խնդիր դրեց՝

ա․ Հայաստանի խորհրդայնացումը,

բ․ Կարմիր բանակի երկու գնդի Հայաստան մտցնելու հարցը:

Բոլշեվիկյան Ռուսաստանը բանակցություններին հայտագրել էր հայազգի Բ. Լեգրանին, որը Երևանում բանակցում էր ՀՀ 4-րդ և վերջին վարչապետ Ս. Վրացյանի հետ: Ընթացող բանակցություններում ակնհայտ դարձավ, որ նույնիսկ Հայաստանի սոցիալիստական ռուսամետ կառավարությունը չի կարող դառնալ սոցիալիստական Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը և ապահովել ՀՀ անկախության պահպանումը: Բ. Լեգրանը պահանջում էր մեկընդմիշտ հրաժարվել Սևրի պայմանագրից և հույսեր կապել միայն Խորհրդային Ռուսաստանի հետ: Շատ ծանր վիճակ էր, որովհետև Բ. Լեգրանը առաջարկում էր նաև թույլ տալ Հայաստանի երկաթուղիներով խորհրդային զորքեր ու զինամթերք փոխադրել Թուրքիա, հարևան պետությունների հետ սահմանային վեճերի լուծման հարցը հանձնել Ռուսաստանի իրավարարությանը, Ալեքսանդրապոլից հետ կանչել թուրքերի հետ բանակցող Ա․ Խատիսյանի պատվիրակությանը և ռուսական զորք մտցնել Հայաստան: ՀՀ կառավարությունը վճռականորեն մերժեց առաջին պահանջը՝ համաձայնվելով մյուսների հետ։ Բանակցությունների ընթացքում կազմվեց 17 հոդվածներից բաղկացած պայմանագրի նախագիծ։ Հայկական կողմն այդ ամենի դիմաց պահանջում էր երաշխիքներ, սակայն զարմանալին այն էր, որ նույնիսկ այդ ամենի դիմաց Բ․Լեգրանը որևէ երաշխիք չէր տալիս, որ նման քայլի դեպքում թուրքերը հաշվի կնստեն ռուսների հետ և Ալեքսանդրապոլից չեն շարժվի դեպի Երևան ու չեն գրավի երկրի այլ տարածքներ: Իրավիճակը Հայաստանի կառավարությանը հարկադրեց շարունակել բանակցություններն Ալեքսանդրապոլում՝ փորձելով կանգնեցնել թուրքերի առաջխաղացումը: Թուրքերն էլ իրենց հերթին լավ հասկանալով իրավիճակը, խիստ անզիջող կեցվածք ընդունեցին և խոսում էին վերջնագրերի լեզվով: Հայաստանի արևմուտքում ունենալով այս պատկերը՝ Արևելքում էլ Ռուսաստանն անցավ բացահայտ դիվանագիտական ճնշման՝ խոսելով դարձյալ վերջնագրերի տեսքով: Քաղաքական իրավիճակն առանձնապես անտանելի դարձավ, երբ նոյեմբերի 29-ին Լեգրանը վերջնագիր ներկայացրեց Հայաստանին, որում հայտարարեց, որ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեն որոշել է Հայաստանում հաստատել խորհրդային կարգեր, և ներկայացրեց գրավոր պահանջ:

Մինչև այդ պահանջը բոլշևիկյան Ռուսաստանը նախապատրաստվել էր, և նոյեմբերի կեսերին հայ բոլշևիկներից Բաքվում ստեղծել էր Հայաստանի ՀեղԿոմ (Հեղափոխական կոմիտե)՝ Սարգիս Կասյանի գլխավորությամբ, որը գնդակահարվեց 1937թ. իր իսկ կուսակցության՝ բոլշևիկների կողմից: Բաքվում ստեղծված Հեղկոմի գլխավորությամբ նոյեմբերի 29-ին հայ բոլշևիկները Կարմիր բանակի մի զորամասի ուղեկցությամբ արևելքից հարձակվեցին Հայաստանի վրա և Ադրբեջանից մտան Իջևան գյուղ, որտեղ նույն օրը հրապարակած հռչակագրով տեղի չունեցած բանվորագյուղացիական ապստամբության անունից հայտարարվեց, որ «Դաշնակցականների կառավարությունը» տապալված է, և Հայաստանը հռչակեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն: Հաջորդ օրը Ադրբեջանի բոլշևիկյան հեղկոմը Ն․ Նարիմանովի գլխավորությամբ հանդես եկավ հայտարարությամբ՝ պաշտպանելով Խորհրդային Հայաստանին, միաժամանակ հայտարարելով, որ հօգուտ Խորհրդային Հայաստանի՝ հրաժարվում է Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ ունեցած հավակնություններից:

Հայտնվելով մի կողմից՝ թուրքական բացահայտ ռազմական ճնշման, մյուս կողմից՝ խորհրդայնացման անխուսափելիության առաջ՝ Հայաստանի կառավարությունը ստեղծված իրավիճակում պետք էր կողմնորոշվեր կամ դեպի Ռուսաստան կամ դեպի Թուրքիա։ Գերապատվությունը տրվեց Ռուսաստանին և որոշվեց ընդունել ռուսական առաջարկը, ու մինչև ռուսների Երևան հասնելը՝ թուրքերի առաջխաղացումը Ալեքսադրապոլից կանգնեցնելու նպատակով, հայկական պավիրակությունը Խատիսյանի գլխավորությամբ սկսեց հաշտության բանակցությունները Հայաստանի և Թուրքիայի միջև՝ ժամանակ շահելու առումով:

Նոյեմբերի 30-ին Լեգրանի և Հայաստանի կառավարության ռուսամետ կողմնորոշում ունեցող դաշնակցական ներկայացուցիչներ Դրոյի ու Հ. Տերտերյանի միջև Երևանում սկսած բանակցությունները ավարտվեցին դեկտեմբերի 2-ին ժամը 12-ին 17 հոդվածից բաղկացած համաձայնագրի ստորագրմամբ: Ըստ համաձայնագրի հիմնական կետերի՝

● Հայաստանը հռչակվում էր անկախ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն:

● Խորհրդային Ռուսաստանը Խորհրդային Հայաստանի անվիճելի տարածքներ էր ճանաչում Երևանի նահանգն ամբողջությամբ, Կարսի նահանգի մի մասը, Զանգեզուրը, Ղազախի գավառի մի մասը և Թիֆլիսի նահանգի այն տարածքները, որոնք 1920թ. սեպտեմբերի 28-ին գտնվում էին Հայաստանի կազմում:

● Համաձայնագրով նաև նախատեսվում էր սահմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը պետք էր որոշվեր նրանց ներկայացուցիչների կոնֆերանսում՝ ՌԽՖՍՀ ներկայացուցչի մասնակցությամբ։ Համաձայնության չգալու դեպքում հարցը լուծվելու էր հանրաքվեի միջոցով։

● Ռուսաստանը պարտավորվում էր ռազմական ուժեր կենտրոնացնել ՀՍԽՀ-ի պաշտպանության համար:

● Խորհրդային կողմը պարտավորվում էր նախկին գործունեության համար պատասխանատվության չենթարկել հայկական բանակի հրամանատարական կազմին, նաև չհալածել Դաշնակցության և սոցիալիստական մյուս կուսակցությունների անդամներին (ԷՍԷՌ, սոցիալ-դեմոկրատներ և այլն):

● ՀեղԿոմի կազմի մեջ պետք է մտնեն 5 բոլշևիկ և 2 ձախ դաշնակցական:

Մինչև ՀեղԿոմի ժամանումը Երևան (Իջևանից Երևան հասավ դեկտեմբերի 4-ին, քանի որ ՀՀ կառավարությունը դիմադրություն ցույց չտվեց) իշխանությունը անցնում էր Կարմիր բանակի հրամանատարությանը՝ Դրոյի գլխավորությամբ: Նրան կից ՌԽՖՍՀ կոմիսար նշանակվեց Օ. Սիլինը:

Այսպիսով, Հայաստանի խաղաղ խորհրդայնացումն արդյունք էր ոչ թե բանվորագյուղացիական ապստամբության, այլ ՀՀ իշխանության կողմից պայմանավորվածության՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու համար։ Կնքվեց պայմանագիր, և Հայաստանի կառավարությունը խաղաղ ձևով իշխանությունը զիջեց բոլշևիկներին: Սակայն պայմանագրի «թանաքը դեռ չչորացած» բոլշևիկներն այն խախտեցին։ Ժամանելով Երևան՝ ՀեղԿոմը չհամաձայնվեց ՌՀԿ կազմում ձախ դաշնակցականների ներկայացուցիչներ ունենալու հետ։ Շուտով սկսվեցին նաև բռնությունները հայկական բանակի նախկին սպաների նկատմամբ։

Կարդացեք նաև