«Եվրոպայի համար Ռուսաստանը միջոց է, որով պահում է իր անկախությունն Ամերիկայից»․ քաղաքագետ

«Ուկրաինան Ռուսաստանի դարպասն է, այն կարող էր դառնալ կապող օղակ Ռուսաստանի և Արևմուտքի միջև»․ Genesis Armenia ուղեղային կենտրոնում տեղի ունեցած «Ռուս-ուկրաինական ճգնաժամ․ տնտեսական և աշխարհաքաղաքական հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց եվրոպական հարցերի փորձագետ, Genesis Armenia-ի «Քաղաքականություն և արտաքին հարաբերություններ» ոլորտի նախագծերի պատասխանատու Աստղիկ Մնացականյանը։

«Ուկրաինան հնարավորինս պետք է չեզոք մնար ռազմաքաղաքական միավորումներին անդամակցելուց։ Այդ ամենի համատեքստում ակնհայտ էր, որ Ուկրաինայի՝ Ռուսաստանի դեմ որդեգրած  քաղաքականությունը հանգեցնելու էր այս խնդրին»,- նշեց Մնացականյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ սահմանված սանկցիաներին՝ Genesis Armenia-ի «Քաղաքականություն և արտաքին հարաբերություններ» ոլորտի ղեկավար Հարութ Առաքելյանն ընդգծեց, որ շատ է շրջանառվում կարծիքը, թե Ռուսաստանն առանց Եվրոպայի չի կարող գոյատևել, որովհետև իր մեծ շուկան հենց այնտեղ է, սակայն Եվրոպայի համար էլ Ռուսաստանը միջոց է, որով պահում է իր անկախությունն Ամերիկայից։

Աստղիկ Մնացականյանը համոզված է, որ Եվրոպայի սահմանած սանկցիաները երկսայր սուր են թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի համար։

«Փոխկապակցվածությունն այնքան մեծ է, որ այս սանկցիաները շատ մեծ խնդիր են ստեղծելու եվրոպական որոշ երկրների համար։ Այն հսկայական բեռ է դառնալու նրանց համար, ինչի տակից դուրս գալը հեշտ չի լինելու, հետևաբար սխալ է կարծել, թե դրանք ստիպելու են Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները»,- նշեց Մնացականյանը։

Ըստ փորձագետի՝ այս պատերազմը Եվրոպայի անվտանգային միջավայրի համար ջրբաժան է լինելու․«Անկախ հետևանքներից ու տևողությունից՝ այն անվտանգային կարգերը, որոնք կային Եվրոպայում, այլևս չեն լինելու»։