«Արևմտյան Ադրբեջան» քարոզչական խոսույթի մասին

Ամփոփում: Հոդվածում անդրադարձ է կատարվում Ադրբեջանի քարոզչական հարձակումներից մեկին՝ Հայաստանի Հանրապետության տարածքը «Արևմտյան Ադրբեջան» հորջորջելու և դրանով ռազմական ագրեսիա սանձազերծելու համար նախապայմաններ ստեղծելու խնդրին:

Հեյդար և Իլհամ Ալիևների հայտարարություններում «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթի առնչությամբ ստորև ներկայացված թեզերից կարելի է հետևություն անել, որ Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով Արցախի Հանրապետության՝ իր տարածքում գոյության դադարեցումը, թերևս, ադրբեջանական պետության կողմից հայկականության դեմ ուղղված հերթական, բայց ոչ վերջին արարն է եղել. ներկա պահին առնվազն քարոզչական դաշտում որպես հաջորդ խնդիր է նախանշվում՝ Հայաստանի Հանրապետության ադրբեջանականացման գործընթացը:

Հ. Ալիևի ելույթներում այս առնչությամբ արծարծվող հիմնական թեզերը.

ա) Հայաստանի տարածքը պատմական ադրբեջանական տարածք է, սակայն Ադրբեջանը Հայաստանի տարածքների վրա «աչք չի դրել» [23.02.1994]:

բ) Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես՝ Իրևանը (Երևան), Գյոյչեն (Գեղարքունիք), Զանգիբասարը, Զանգեզուրը, Արևմտյան Ադրբեջան են [10.12.1998; ի դեպ՝ Հ. Ալիևը, այս ելույթով է հիմք դրել «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին]:

գ) 1988թ. սկսած Հայաստան-Ադրբեջան հակամարտության արդյունքում Հայաստանում ապրող ադրբեջանցիները բռնագաղթի են ենթարկվել, բայցևայնպես աշխարհում ու տարածաշրջանում տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, այդ թվում՝ Ադրբեջան պետության կարողությունների հզորացումը, որն անպայմանորեն հանգեցնելու է, որ այդ բռնագաղթյալները վերադառնան իրենց ծննդավայր [13.09.2002]:

Ի. Ալիևի ելույթներում այս առնչությամբ արծարծվող թեզերը.

ա) Հայաստանի տարածքները պատմական թյուրքական, ադրբեջանական հողեր են, բայց մենք տարածքային պահանջներ չենք ներկայացնում՝ չնայած կարող ենք և ներկայացնել [09.03.2007]:

բ) Արևմտյան Զանգեզուրի (Սյունիք) միջոցով Նախիջևանի և Թուրքիայի հետ միավորվելը պետք է լինի մեր հերթական պատմական ձեռքբերումը [10.05.2021]:

գ) Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է, որտեղից ադրբեջանցիները բռնագաղթի են ենթարկվել, ընդ ուրում՝ այդ արևմտյանադրբեջանցիները, անկասկած, վերադառնալու են իրենց ծննդավայր [30.09.2024]:

Թե՛ Հ. Ալիևի, թե՛ Ի. Ալիևի խոսույթներն աներկբայորեն միտված են Հայաստանի Հանրապետության պետականության քայքայմանը ինչպես ժողովրդագրական, այնպես էլ պատմաքաղաքական հարթություններում: Անկասկած, տարածքային ամբողջականության մասին ձևակերպումները սոսկ դիվանագիտական տակտիկա են, իսկ «Խաղաղության պայմանագրի» բանակցություններում ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակեցման հարցը՝ այդ գործընթացն ի սկզբանե տապալելուն միտված նախապայման:

«Qərbi Azərbaycan» («Արևմտյան Ադրբեջան») տելեգրամյան ալիքում (վերբեռնված) հրապարակված տեսանյութում ուղղակի և անուղղակի սպառնալիքներ կան ՀՀ-ի նկատմամբ, ՀՀ-ում ադրբեջանական ՏԻՄ մարմիններ, պառլամենտական ֆրակցիա և դպրոցներ չհիմնելու և Հայկական ԽՍՀ-ում բնակված ադրբեջանական ինքնությամբ անձանց՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձը չապահովելու պարագայում ՀՀ տարածքում ստեղծել Արևմտյան Ադրբեջան պետություն:

Անկասկած, սա օգտագործվում է որպես պահեստային խաղաթուղթ՝ միգուցեև casus belli, ՀՀ-ի դեմ հնարավոր ռազմական ինտերվենցիան «լեգիտիմացնելու» համար: Ընդ որում՝ սպառնալիքի ակնարկներ են առկա նաև «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ղեկավար Ա.Ալաքբերլիի արտահայտություններում [02.10.2024]. «Եթե Հայաստանը շարունակի իր ապակառուցողական գործողությունները, և եթե հրաժարվի մեզ հետ բանակցել Արևմտյան Ադրբեջան վերադարձի շուրջ, ապա մենք կանցնենք մեր հետագա քայլերին»:

Այսպիսով՝ կարելի է նշել, որ «Արևմտյան Ադրբեջան» քարոզչական խոսույթը դեռևս առկա է լինելու Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ, քանի դեռ ռազմաքաղաքական բալանսը վերականգնված չէ այնպես, որ պսևդոպատմագրական երազանքները հանրային դիսկուրսում այլևս տեղ չունենան:

Գևորգ Գալտակյան



Կարդացեք նաև