Երկակի խաղ․ ինչպե՞ս է Թուրքիան շահում Իրանի շուրջ ճգնաժամից

Իրանի շուրջ ընթացող գործընթացների ֆոնին Թուրքիայի դերակատարությունը դարձել է բազմաշերտ, որը ճշգրիտ հաշվարկ է պահանջում։ Անկարայի նպատակն է պահպանել իր դերակատարությունն Արևմուտքի համար, ազդեցությունը Մերձավոր Արևելքում, ընդլայնել դիրքերը Հարավային Կովկասում և ընդհանրապես թյուրքական աշխարհի վրա՝ օգտվելով ստեղծված աշխարհաքաղաքական լարված իրավիճակից։ Այդ նպատակով Թուրքիան հաճախ է փորձում հանդես գալ «միջնորդի» դերում, ինչպես ռուս-ուկրաինական, Սոմալիի և Եթովպիայի, այնպես էլ ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտություններում։

Այս լարվածության պայմաններում Անկարան առաջնահերթ է համարում պահպանել բարիդրացիական կապերն Իրանի, Ռուսաստանի նաև միաժամանակ հարաբերություններն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։ Երկակի այս խաղով Թուրքիան փորձում է մնալ անհրաժեշտ գործընկեր բոլոր կողմերի համար` դիտելով այն որպես հիմք միջնորդական առաքելության գործընթացում։

Գիտենք, որ Թուրքիան ճիշտ հաշվարկելով իր աշխարհագրական դիրքը, միշտ հավակնել է դառնալ տնտեսական տարբեր ուղղություններով յուրահատուկ հանգույց, և ներկայումս Իրանի նկատմամբ սանձազերծված պատերազմի պայմաններում առավել ևս Թուրքիան հավակնում է օգտվել ստեղծված իրավիճակից և վերածվել էներգետիկ ու տրանսպորտային  հանգույցի՝  դառնալով կարևոր էներգետիկ ուղի դեպի Եվրոպա՝ ամրապնդելով իր դիրքերը որպես տարանցիկ կենտրոն (գազ, նավթ, բեռնափոխադրումներ և այլն)։ Այս համատեքստում Անկարան փորձում է ուժեղացնել նաև իր դերակատարությունը Հարավային Կովկասում, առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների հարցում։

Ավելին, Թուրքիան նույնիսկ զորքեր մտցրեց հյուսիսային Սիրիա և Իրաք առանց միջազգային որոշումների և ինքն իր համար անվտանգության հիմնավորումներ «գտավ»։

Իրանի շուրջ տեղի ունեցող դեպքերի լույսի տակ Թուրքիայի ռազմավարությունը հետևյալն  է՝ Իրանի հնարավոր թուլացման պարագայում արմատապես փորձել փոխել ուժերի հարաբերակցությունը ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում։

Թուրքիան փորձում է ուժեղացնել իր ազդեցությունն առանձնապես Հարավային Կովկասում՝ օգտագործելով Ադրբեջանին և առաջ մղելով առաջին հերթին տրանսպորտային նախագծեր, մասնավորապես «Զանգեզուրի միջանցք» (TRIPP) գաղափարը։ Այդ նախագծի իրականացումով լուրջ կսահմանափակվի Իրանի դերակատարությունը տարածաշրջանում, անմիջական ազդեցություն կունենա նաև Ռուսաստանի, նաև Հայաստանի վրա և դրանով կփոխվի տարածաշրջանային հավասարակշռությունն ու միգուցե ավելի կուժեղանա Թուրքիայի դերակատարությունն Արևմուտքի և ՆԱՏՕ-ի համար։ Թուրքիան առավելագույնս է փորձում օգտվել TRIPP-ի նախագծից՝ լինելով Արևմուտքի և ՆԱՏՕ-ի գործընկեր, միաժամանակ ավելի ազատ գործելով Ադրբեջանի հետ, և «Զանգեզուրի միջանցքի» գաղափարն, անկախ դրսևորման ձևից, դարձնելով Հայաստանի նկատմամբ ճնշումը ուժեղացնելու յուրահատուկ գործիք։ Այս հարցում ուշագրավ է Genesis Armenia-ի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանի տեսակետը, որ TRIPP-ում ԱՄՆ նպատակներից մեկն էլ այն է, որ վերահսկի Թուրքիայի կողմից վարվող «քաղաքական սուննիզմը»։

Նշենք նաև, որ առայժմ վերլուծաբանները լուրջ քննարկումներ չեն ծավալում Հարավային Կովկասում երևան եկած նոր խաղացողի՝ Իսրայելի վրա, որն առայժմ իր հենակետ է ընտրել Թուրքիայի դաշնակից Ադրբեջանին, իսկ դա առանձին վերլուծության կարիք ունի։

Թուրքիան հաշվարկում է նաև, որ Իրանի թուլացումը՝  (օրինակ՝ Կենտրոնական Ասիայում) նշանակում է, որ

  • ավելի մեծ տարածք կառաջանա թուրքական տնտեսական և մշակութային ընդլայնման համար,
  • կհանգեցնի նոր տրանսպորտային միջանցքների բացմանը դեպի Չինաստան կամ Եվրոպա, ու դրանով Թուրքիան կդառնա ավելի պահանջված տարանցիկ հանգույց։

Սակայն Իրանն այս պատերազմից դուրս է գալիս արժանապատվորեն, և՛  ԱՄՆ-ի, և՛  Իսրայելի հիմնական պլաններն այս պահին ձախողվել են։

  • ԱՄն–ը և Իսրայելը չկարողացան իշխանափոխություն անել Իրանում
  • չկարողացան միջուկային հարստացման ուղղությամբ որևէ շոշափելի արդյունքի հասնել
  • չկարողացան վերահսկողություն սահմանել Հորմուզի նեղուցի վրա
  • չտիրեցին Իրանի նավթային հարստությանը
  • Իրանում հասարակության մեջ պառակտում չեղավ, հակառակը Իսրայելում և ԱՄՆ-ում եղան բազմահազարանոց ցույցեր կառավարության դեմ
  • ընդիմությունն ԱՄՆ-ում և Իսրայելում ստացավ լուրջ խաղաքարտեր ապագա ընտրության համար
  • ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև ծագեցին հակասություններ այն աստիճանի, որ ԱՄՆ-ի նախագահը խոսեց արդեն ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին
  • ավելի ամրապնդվեց Իրան, Ռուսաստան, Չինաստան ռազմավարական գործակցությունը։

Այսպիսով,  Իրանը, չնայած այս պատերազմում կրում է լուրջ նյութական և մարդկային կորուստներ, սակայն պատերազմից այս պահին դուրս է գալիս արժանապատվորեն, իսկ Իրանի ուժեղացումը Թուրքիայի համար նշանակում է՝

  • Թուրքիան չի դառնում տարածաշրջանային հեգեմոն, բայց կմնա առանցքային խաղացող
  • «ագրեսիվ ընդլայնումից» ստիպված կանցնի դեպի հաշվարկված բալանսավորման քաղաքականության,
  • այս ամենն ավելի բարենպաստ միջավայր կստեղծի Հայաստանի համար, որովհետև կնվազի Թուրքիայի միակողմանի ճնշման հավանակությունը և ամենակարևորը՝ կտա ավելի լայն դիվանագիտության հնարավորություն, որը, իհարկե, եթե օգտագործի Հայաստանը։

Թուրքիայի  այս  ռազմավարությունը պետք է հիմնված լինի նուրբ բալանսի վրա ու չափից ավելի ակտիվությունը  կպարունակի լուրջ ռիսկեր և վտանգներ, որն իր հետ կբերի համապատասծան  հակազդեցություն։

Իմ կարծիքով՝ Թուրքիայի համար երկու հիմնական ռիսկերն են․

  • Թուրքիայի ուժեղացումը Հարավային Կովկասում կբերի նաև Ռուսաստանի հակազդեցությանը, քանի որ Ռուսաստանը չի ցանկանա թուրքական գերակայության հաստատում, մասնավորապես Հարավային Կովկասում,
  • Միաժամանակ Իրանը հակադարձ քայլեր կկիրառի, այդ թվում պրոքսի ուժերով և կաճի Իրանի հետ լարվածությունը։

Հարց է ծագում․  իսկ Թուրքիայի այս քաղաքականության մի շարք դրսևորումներ ինչպե՞ս են ազդում Թուրքիա-ԱՄՆ-ՆԱՏՕ հարաբերությունների վրա. այս ամենը հաջորդիվ։

Կարդացեք նաև