ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պետական գաղափարի պահպանման պատասխանատվությունը

Հուլիսի 5-ը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը, ոչ միայն պետական տոն է, այլև հիշեցում հայկական պետականության իրավական հիմքերի մասին։

Սահմանադրության նախաբանն ու դրանում արված հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին սահմանադրական կարգի գաղափարական և արժեքային առանցքային հենասյուներն են, ինչը փաստում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը չի կարող դիտարկվել անջատ Անկախության հռչակագրով ամրագրված հիմնարար սկզբունքներից։

Այսօր, երբ Սահմանադրության փոփոխության թեման շարունակում է լինել հանրային ու քաղաքական քննարկումների առանցքում, անհրաժեշտ է հատկապես ընդգծել, որ այդ քննարկումներն անմիջականորեն առնչվում են առաջին հերթին Անկախության հռչակագրին և այնտեղ ամրագրված հիմնարար դրույթներին, որոնց թվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը, ինչպես նաև Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ՀՀ սատար կանգնելու պատրաստակամությունը։

Մեր առաջ դրված է ոչ միայն Սահմանադրության տեքստի, այլև նրա հիմքում ընկած պետական գաղափարի պահպանման պատասխանատվությունը։ Այդ պատասխանատվությունը պահանջում է սկզբունքայնություն և անշեղ հավատարմություն այն արժեքներին, որոնց վրա ծնվել և ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունը։