Ծրագրեր

Հայի սեղանից հացը չպիտի պակասի. Երևանի Արտաշիսյան 58 հասցեում բացվեց «Հացեկաց» արտադրամասը, որտեղ այսուհետև արցախյան թոնրի հաց՝ թուռնավ հաց է թխվելու:
Genesis Armenia-ի աջակցությամբ կառուցված արտադրամասն աշխատանքով կապահովի նվազագույնը 6 արցախցու: Արտադրամասի տնօրենը սեպտեմբերյան դեպքերի ժամանակ Արցախում երրորդ անգամ հայրացած Լևոն Սարգսյանն է։ Ասում է՝ հանուն իր երեք որդիների՝ պետք է աշխատի և արցախյան ավանդույթները փոխանցի սերունդներին։ Թուռնավ հացից բացի, «Հացեկաց»-ում արցախցի կանայք նաև ժենգյալով հաց, թոնրի գաթա ու փախլավա են թխելու:
Արտադրամասն ու հացն ունեն ապրանքանիշ, անվանումն էլ ի պատիվ Տարոն գավառի Հացեկաց գյուղի է, որտեղից սերել է Մաշտոցը։ Հացեկացի առաջին հացը, փախլավան ու գաթան համտեսել են բակի բնակիչները. հյուրասիրություն էր։