Հայրենիքը  սկսում է սահմանից. 2021-ին եղանք ՀՀ  4 մարզում  և Արցախի տարբեր բնակավայրերում

Հայրենիքը  սկսում է սահմանից, և որքան էլ անորոշ լինի  հիմա այդ սահմանը, մի բան հստակ է՝ այն չի սկսում և չի ավարտվում մայրաքաղաք Երևանում։  Հենց  այս գիտակցումով 2021-ին  Genesis Armenia-ն  նախաձեռնեց մարզային այցեր՝ շփվելու բնակիչների հետ, գույքագրելու խնդիրները, և  որ ամենակարևորն է՝  այդ խնդիրներին լուծումներ  տալու։

2021-ին եղանք ՀՀ  4 մարզում  և Արցախի տարբեր բնակավայրերում։

Մեր այցերն սկսեցինք  Կոտայքի մարզի  Զառ  գյուղից, որտեղ առաջնայինը  ոռոգման ջրի խնդիրն է։ Արագածոտնի մարզում արևահամ ծիրանի  բերքահավաքի օրերն էինք։ Սկզբում  ծանոթացանք  մարզի  խնդիրներին, որոնցից առաջնայինը  կրկին ոռոգման ջուրն է, ապա հնարավոր գործակցության եզրերը գծագրեցինք։  Վերջում էլ  վայելեցինք մարզի անուշաբույր բերք ու բարիքը։ 

Ամենահուզականն ու բազմաշերտը Տավուշի մարզ  մեր այցն էր, որը մեկնարկեց թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին հյուրընկալվելով։ Սրբազանն ամրապնդեց միտքը, որ հայրենիքից չեն  նեղանում, և հանուն գալիք հաղթանակի՝ պետք է շատ  աշխատել։ Տավուշում այցելեցինք գյուղական դպրոցներ, փոխանցեցինք մեր նվերները՝ գրքեր ու գրենական պիտույքներ, եղանք նախակրթարաններում, որոնք ճիշտ թշնամու նշանառության տակ են, խոսեցինք բնակիչների հետ, հանդիպեցինք համայնքապետերին։   

Գեղարքունիքով ամփոփեցինք 2021-ի մարզային այցերը։ Այնտեղ ևս խնդիրների պակաս չկա, որոնցից առաջնայինը դարձյալ ոռոգման համակարգի բացակայությունն ու բնակչության զբաղվածության հարցն է։ Բնության գողտրիկ անկյուններով հարուստ մարզում շատ են այն վայրերը, որոնց  ուշադրություն դարձնելու դեպքում  կարելի է դրանք զբոսաշրջության կենտրոն դարձնել։ Հենց  սրանով էլ կարելի է ակտիվացնել մարզի կյանքն ու  լուծել բնակչության մի մասի զբաղվածության խնդիրը։ 

2022-ին ևս ՀՀ մարզային բնակավայրերը մեր ուշադրության ու հոգածության ներքո են լինելու։  

Կարդացեք նաև