ՀՀ իշխանությունը չի կարողանում չեզոքացնել հայկական պետությանն սպառնացող անվտանգային ռիսկերը. Genesis Armenia
09.11
2024
2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից 4 տարի անց, ՀՀ իշխանությունը չի կարողանում չեզոքացնել հայկական պետությանն սպառնացող անվտանգային ռիսկերը: Պատերազմական գործողությունները դադարեցնելու հայտարարությամբ ՀՀ իշխանությունը թղթով զիջեց Արցախի Հանրապետության տարածքների 75 տոկոսը, դրանով իսկ ոտնահարելով ՀՀ Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը և փաստացի հրաժարվելով ապահովել Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի սահմանադրորեն վերապահված իր պարտավորությունը։
Իշխանության վարած անհավասարակշիռ և արկածախնդիր դիվանագիտական կուրսի պատճառով ՀՀ և հայ ժողովրդի համար իրարահաջորդ քաղաքական և անվտանգային զիջումներն արդեն մոտեցել են գոյութենական սպառնալիքի շեմին: Իր ամբողջ կառավարման ժամանակահատվածում իշխանությունն ապացուցեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության հարցում, միակողմանի զիջումների քայլերով, ի վիճակի չէ ապահովել ՀՀ, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերը:
ՀՀ արտաքին մարտահրավերների չեզոքացման հարցում իշխանության դիմադրողականության, ներուժի և կարողականության սպառումը լրացուցիչ ճնշումների դուռ է բացել Ադրբեջանի համար, որը շարունակում է անվտանգային և ռազմաքաղաքական հավելյալ խոչընդոտներ ստեղծել ՀՀ դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքների վերացման, խաղաղ համագոյակցության ապահովման և ՀՀ տարածքային ամբողջությունը չոտնահարելու իր միջազգային պարտավորվածության իրականացման գործում:
Արցախի նկատմամբ 2023թ. սեպտեմբերի 19-ին սանձազերծված մեկօրյա պատերազմի հետևանքով հայրենազրկված ժողովրդի հավաքական տունդարձի իրավունքի անտեսումը, Արցախի պատմամշակութային ժառանգության վանդալիստական ոչնչացումը, Արցախի ու ՀՀ քաղաքացիների ապօրինի պատանդառությունն ու նրանց նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումը, ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ չընդհատվող պահանջները, ՀՀ-ում ռազմաստրատեգիական օկուպացված տարածքներից ևս մեկ անգամ ապացուցում են, որ Բաքուն անկեղծ ու հետևողական չէ պաշտոնական Երևանի հետ հարաբերություններ հաստատելու, կայուն, հուսալի, միջազգային մեխանիզմներով ամրագրված ու երաշխավորված խաղաղության գործընթացը երկարատև դարձնելու գործում:
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը հետամուտ է արդար և համապարփակ խաղաղության հասնելու գործում միջազգային հնարավոր ջանքերի գործադրմանը, Արցախի հայրենազրկված բնակչության հավաքական տունդարձի իրավունքի իրացմանը, ՀՀ սուբյեկտայնության վերականգնմանն ու հետագա պահպանմանը, նաև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված իրավունքների և հայանպաստ գործընթացների անաչառ իրավաքաղաքական գնահատական տալուն։