Իրանի որոշումների գաղտնի բանաձևը․ տեսություններ և իրականություն

Մաս երկրորդ

Որպեսզի ավելի պարզ և կոնկրետ հասկանանք, թե ինչպես են ծնվում քաղաքական որոշումներն Իրանում, ներկայացնենք, թե ինչպե՞ս ծնվեց Իրանի` միջուկային ծրագիր ունենալու որոշումը։

Իրանի միջուկային խաղաղ ծրագրի մասին նախնական որոշումները կայացել են նախկին ռեժիմի՝ Շահի օրոք։ Իսկ Իսլամական Հանրապետությունում առաջին փուլը ընդգրկում է 2000-ական թվականները, երբ Իրանում սկսվեց ձևավորվել այն գաղափարը, որ պետք է ունենալ միջուկային ներուժ՝ ջրային պաշարների

սակավության հարցի վերաբերյալ էներգետիկ վերահաս ճգնաժամը շրջանցելու համար, նաև բնական է, այս ընկալումը հիմնականում գալիս էր ԱՄՆ-ի ճնշումից,

Իսրայելի գործոնից, տարածաշրջանային սպառնալիքներից։

 

Երկրորդ փուլ։ Սկսեցին քննարկումներ ռազմական բլոկում՝ հիմնականում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, գիտական-միջուկային թիմերի և ազգային անվտանգության մարմինների կողմից։ Այս քննարկումների արդյունքում ձևավորվեց հիմնական ռազմավարությունը՝ «միջուկային կարողություն՝ առանց միջուկային զենք արտադրելու կամ ձեռք բերելու»։

Երրորդ փուլ։ Այն կարելի է բնութագրել որպես քաղաքական ճամբարների պայքար։ Իրանում առաջացան երկու հիմնական մոտեցումներ՝

  • «կոշտ գիծ»՝ արագ զարգացնել ծրագիրը
  • «պրագմատիկ գիծ»՝ բանակցել և թուլացնել ճնշումը։

 

Չորրորդ փուլ։ Սա գերագույն առաջնորդի սահմանած «կարմիր գծերի» փուլն է։ Ալի Խամենեիի կողմից սամանվեցին հիմնական մոտեցումները․

  • միջուկային զենք չարտադրել, բայց ստեղծել համապատասխան գիտա-տեխնոլոգիական հնարավորություններ
  • շարունակել ծրագիրը՝ վերահսկող ձևով։

Սա դարձավ ամբողջ ծրագիրը կազմող համակարգի ուղեցույցը։

 

Հինգերորդ փուլ։ Այս փուլը կարելի է կոչել բանակցությունների միասնական գործողությունների համապարփակ ծրագրի իրականացման որոշում (JCPOA–Joint Comprehensive Plan of Action)։ 2013–2015թթ․։ Որոշվեց գնալ համաձայնության և կառավարությունը սկսեց բանակցությունները, քանի որ թույլտվություն էր ստացել Գերագույն առաջնորդի կողմից։ Միջազգային մասշտաբով սկսված բանակցությունները շարունակվեցին մինչև Թրամփի առաջին շրջանի նախագահությունը։

 

Վեցերորդ փուլ։ Այս փուլը կարելի է բնորոշել որպես ԱՄՆ-ի համաձայնությունից դուրս գալու փուլ։ Այս փուլում առերեսվելով իրականությանը՝ Իրանը որոշեց աստիճանաբար խախտել սահմանափակումները և զարգացնել ուրանի հարստացման մակարդակը։

 

Այսպիսով, միջուկային զենքի հարցում Իրանի որոշում ընդունելը անցել է հետևյալ հանգրվանները՝

1․ անվտանգության սպառնալիքը հաշվի առնելով գործընթացի կարևորում,

2․ փակ քննարկում՝ էլիտայի մասնակցությամբ,

3․ կոմպրոմիս տարբեր խմբերի միջև,

4․ վերջնական հաստատում գերագույն առաջնորդի կողմից,

5․ Իրագործում։

 

Բնական է, Իրանի քաղաքական համակարգում որոշման կայացման այսքան բազմաշերտ իրավիճակը տեղիք է տվել բազմաթիվ տարբեր վերլուծությունների։ Հրապարակի վրա առկա են Իրանի քաղաքական որոշումների կայացման համակարգի վերաբերյալ հետևյալ հիմնական վերլուծություններն՝ իրենց ուժեղ և թույլ կողմերով։ Դրանք են.

 

1․ Թեոկրատական վերահսկվող պետություն։ Այս տեսության կողմնակիցների համաձայն՝

  • Իրանը առաջին հերթին կրոնական պետություն է,
  • Գլխավոր դերակատարը՝ Խամեյնեին է,
  • Մնացած ինստիտուտները (նախագահ, խորհրդարան) երկրորդական են,
  • որոշումները բխում են իսլամական գաղափարախոսությունից և ոչ թե հանրային պահանջից,
  • բացատրվում է «կարմիր գծերի» գոյությունը, օրինակ՝ Իսրայելի հարցում։ Հստակ նշվում է գաղափարախոսության ազդեցությունը։ Վերոհիշյալ կարծիքը հիմնականում արտահայտում են արևմտյան վերլուծաբանները։

 

2․ Խորքային պետություն (Deep State)։ Այս վերլուծությունը կենտրոնանում է ոչ ֆորմալ ուժերի վրա, որտեղ գլխավոր դեր ունի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և գերագույն հոգևոր առաջնորդը։

Կա նաև փակ ցանց՝ բանակ+հետախուզություն+տնտեսություն։ Իրական քաղաքական որոշումները հաճախ ընդունվում են

ստվերային մակարդակում։

 

3․ Էլիտաների մրցակցություն։ Ըստ այս մոտեցման Իրանում քաղաքական որոշում ընդունելու համար չկա մեկ կենտրոն, այլ կան տարբեր խմբեր՝

  • պահպանողականներ
  • ռեֆորմիստներ
  • ռազմական էլիտա
  • հոգևորական էլիտա։

Որոշումներն արդյունք են ներքին պայքարի և կոմպրոմիսի։

 

4․ Ռացիոնալ–պետական շահերի մոդել։ Ըստ վերոհիշյալ մոտեցման՝

  • Իրանը գործում է որպես սառը հաշվարկող պետություն,
  • Անկախ գաղափարախոսությունից՝ որոշումները հիմնված են անվտանգության տարածաշրջանային ազդեցության ռեսուրսների վրա։ Օրինակ՝ միջուկային ծրագիրը դիտվում է որպես զսպման գործիք։ Այս տեսությունը հաճախ օգտագործվում է միջազգային հարաբերությյունների տեսաբանների կողմից։

 

5․ Հեղափոխական պետության շարունակություն։ Ըստ այս տեսակետի ամեն ինչ կապվում է Իրանական հեղափոխության հետ։ Մասնավորապես, որ համակարգը կառուցված է հեղափոխությունը պահպանելու համար, ինստիտուտները ստեղծված են «արտաքին և ներքին սպառնալիքների» դեմ, դրա համար քաղաքական

որոշումները հաճախ ունեն հեղափոխական տրամաբանություն։

 

Ամփոփենք։ Իրանը չի կարելի բացատրել մեկ տեսությամբ։ Իմ կարծիքով ավելի ճիշտ պատկերը հետևյալն է՝ խորքային պետություն + ներէլիտաների մրցակցություն +ռացիոնալ–պետական շահերի մոդել, և ամենակարևորը՝ Իրանի որոշումների ընդունման համակարգը պետք է դիտել ոչ թե որպես մեկ մեխանիզմ, այլ որպես միաժամանակ աշխատող մի քանի ուժային կենտրոնների հավասարակշռություն։ Ահա այսպիսինն է մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական որոշումների ընդունման մեխանիզմը, որը, ինստիտուցիոնալ բնույթ և առաջնորդվում է պետական շահերով։

Կարդացեք նաև