Մանկական խնամքի պարագաներ՝ մինչև մեկ տարեկան երեխաների համար. Genesis Armenia-ն իրականացրել է Արցախում ժողովրդագրական աճը խթանող իր առաջին մեծամասշտաբ ծրագիրը

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, Genesis Armenia-ն մայիսի 30-ից հունիսի 1-ը իրականացրեց Արցախում ժողովրդագրական աճը խթանող առաջին մեծամասշտաբ ծրագիրը։

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ ժողովրդագրական աճի խնդիրը լուծելով՝  լուծելու ենք նաև պետության անվտանգության խնդիրը։

«Պետք է դնել նպատակ՝ մինչև 2035 թվականը Արցախում բնակչության թիվը հասցնել 200 հազարի։ Այս հարցում պետք է իր ներդրումն ունենա նաև պետությունը։ Հարկավոր է մշակել ռազմավարություն. Genesis Armenia-ն պատրաստ է տրամադրել իր ամբողջ գիտամտավոր ներուժը»,-ասում է Աբրահամ Գասպարյանը։

Ծրագրի շրջանակում Genesis Armenia-ի թիմը եղել է  Մարտունիում, Մարտակերտում, Ստեփանակերտում, Աղավնոյում, հանդիպել մինչև 1 տարեկան երեխաների ծնողներին, ծանոթացել նրանց խնդիրներին ու հանձնել հունիսմեկյան նվերները։

«Մենք հասկանում ենք՝ պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ հաղթելու համար պետք է շատանանք։ Արթուրն իմ առաջին բալիկն է, բայց էլի երեխաներ ենք ունենալու»,-ասում է մարտունեցի Արթուրի մայրիկը։

Ծրագիրն իրականացվում է «Ապագան հիմա է» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ, իսկ կազմակերպական աշխատանքներին աջակցել են Արցախի առողջապահության, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունները, ՏԻՄ-երը:

Արցախում վերջին մեկ տարում ծնված (2021թ․ հունիսի 1-ից ս․թ․ մայիսի 31-ը) բոլոր երեխաներին տրամադրվել են մանկական խնամքի պարագաների փաթեթներ՝ սրբիչներ, կաթի շշեր, ծծակներ:

Սրբիչներն ու պայուսակները կարել են Մարտունու կարի նորաբաց ֆաբրիկայում, որը հիմնել են Genesis Armenia և UMCOR Armenia հիմնադրամները:

Ծրագրի բյուջեն 28 մլն դրամ է:

 

 

Կարդացեք նաև