Սահմանների բացում՝ առանց խաղաղության. ռիսկերի քարտեզ
23.01
2026
Մաս երկրորդ
Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը Արցախի շուրջ չի ավարտվել խաղաղության պայմանագրով, իսկ Արցախի հարցը՝ որպես հակամարտության առանցքային բաղադրիչ, մնում է չկարգավորված։ Այս պահին առկա է ընդամենը բանավոր պայմանավորվածության վրա հիմնված խախուտ զինադադար։ Իրավական առումով կողմերը շարունակում են մնալ հակամարտող պետություններ, և նման պայմաններում սահմանների բացումը, եթե ներկայացվում է որպես «խաղաղության նշան», պարունակում է մի շարք լրջագույն վտանգներ։Մեր կարծիքով դրանք են՝
- Հետախուզական և դիվերսիոն ներթափանցումների վտանգ․ Հայաստանի սահմանը կդարձնի բաց, առանձնապես սահմանամերձ տարածքները՝ խոցելի։
- Տրանսպորտային ենթակառուցվածքների վերահսկման խնդիր․ Ադրբեջանը կարող է փորձել ստանալ մուտքի վերահսկողություն դեպի Հայաստան՝ մասնավորապես Սյունիքի և Տավուշի տարածքներով անցնող ճանապարհների վրա։
- Էներգետիկ և հաղորդակցային կախվածություն․ եթե տարանցիկ գծերը վերահսկվեն ադրբեջանական կողմից, Հայաստանը կկորցնի ռազմավարական անկախության կարևոր բաղադրիչներից մեկը, ընդ որում, երբ ՀՀ ԱԺ–ում վարչապետը զարմանալիորեն հայտարարեց, որ Ադրբեջանի հետ ստեղծում ենք միասնական էներգետիկ համակարգ, այն դեպքում, երբ Հայաստանը էլեկտրաեներգիա է արտահանում։
- Իրանի դուրս մղում Նախիջևանից. դա կհանդիսանա հզոր հարված ՀՀ անվտանգային համակարգին։ Ներկայումս Իրանը ապահովում է Նախիջևանի գազի և էլեկտրաէներգիայի ավելի քան 85 տոկոսը՝ բնամթերքների առյուծի բաժինը, իսկ բնակչության շուրջ 40-45 տոկոսն ունի պրոիրանական կողմնորոշում։ Սահմանների բացման դեպքում այս դերակատարումը գրեթե ամբողջությամբ կստանձնի Ադրբեջանը՝ Իրանին դուրս մղելով տարածաշրջանից։ Ցավոք, էլեկտրաեներգիայի առումով առաջին քայլերը տեսնում ենք։
Ադրբեջանը վերջին տարիներին բազմիցս ցույց է տվել, որ տնտեսությունն ու ենթակառուցվածքները օգտագործում է որպես քաղաքական ճնշման գործիք՝ էներգակիրների մատակարարման դադարեցում, սահմանային սադրանքներ և այլ մեթոդներ։ Հետևաբար, առանց հստակ միջազգային երաշխիքների, սահմանների բացումը կարող է վերածվել անվտանգության լուրջ խոցելիության։
Տարածքային ամբողջականության վտանգ։ Հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները դեռևս հեռու են ամբողջական լուծումից։ Ադրբեջանը շարունակում է առաջադրել տարածքային պահանջներ՝ օգտագործելով «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, անկլավների թեման։
Եթե սահմանները բացվեն առանց հստակ սահմանազատման, իրավական ամրագրումների և առանց Արցախի հարցի քննարկման՝ այսպիսի նվաստացուցիչ պայմաններում, ապա Հայաստանը, գտնվելով փաստացի ճնշման տակ, կարող է ստիպված լինել ընդունել ոչ նպաստավոր սահմանային պայմաններ։
Այս պարագայում «սահմանների բացման» գործընթացը ավելի շուտ կդառնա ոչ թե խաղաղության նախադրյալ, այլ տարածքային զիջումների պարտադրման գործիք։ Ռիսկը հատկապես բարձր է Սյունիքի մարզում, որն Ադրբեջանի համար ունի ռազմավարական նշանակություն՝ որպես կամուրջ Թուրքիայի և Մերձավոր Արևելքի հետ կապի համար։
Տնտեսական շուկայի և կապիտալի վերահսկման ռիսկեր։ Ադրբեջանի տնտեսությունը մի քանի անգամ մեծ է Հայաստանի տնտեսությունից, իսկ պետական համակարգը խիստ կենտրոնացված է։ Սահմանների բացման դեպքում կձևավորվի հետևյալ իրավիճակը․
Ադրբեջանի կապիտալը պետական կամ կիսապետական ընկերությունների միջոցով, կներթափանցի հայկական շուկա և կհեղեղի էժան և զանգվածային օգտագործման ադրբեջանական ապրանքներով, հատկապես գյուղատնտեսական և սննդի ոլորտներում։ Սա լուրջ վտանգ է տեղական արտադրողների համար և կարող է հանգեցնել մի շարք տեղական արտադրությունների փակման և աշխատատեղերի կորստին։
Ուրեմն, անհրաժեշտ է պետական պաշտպանական քաղաքականություն, առանձնապես մաքսային և սուբսիդային մեխանիզմների միջոցով։ Եթե Հայաստանը տնտեսական կախման մեջ ընկնի Ադրբեջանից, ապա կօգտագործվի քաղաքական նպատակներով՝ սահմանափակելով Հայաստանի ինքնիշխան որոշումները։ Հետևաբար, տնտեսական հարաբերությունների ազատականացումը պետք է ընթանա հստակ անվտանգության և հավասարակշռության սկզբունքով։ Սահմանների բացումը իր հետ բերելու է նաև սոցիալ-հոգեբանական գործոններ։ Տասնամյակների հակամարտությունը փոխադարձ անվստահություն է ձևավորել հասարակությունների միջև։ Անհրաժեշտ է, որ տնտեսական գործընթացները չհակասեն ազգային անվտանգության և ներքին կայունության շահերին։
Այսպիսով, տեղական բիզնեսի մի մասը կհայտնվի ադրբեջանական ազդեցության տակ՝ վարկերի, ներդրումների կամ ապագայում համատեղ ձեռնարկությունների միջոցով։ Տնտեսական մրցակցության գրեթե բացակայությունը կբերի հայկական ձեռնարկությունների աստիճանական անկման։ Այս ամենը կավելացնի տնտեսական կախվածությունը, ինչը հետագայում կդառնա քաղաքական լուրջ լծակ՝ Ադրբեջանի ձեռքին։
Տեղահանված և պատերազմից տուժած բնակչության հարց։ Հայ-ադրբեջանական սահմանների բացումը` առանց քաղաքական, հումանիտար և սոցիալական հիմնախնդիրների կարգավորման, կարող է առաջացնել ներքին լուրջ ճգնաժամ։
Տասնյակ հազարավոր տեղահանված անձինք դեռ չունեն իրենց իրավական կարգավիճակի վերջնական լուծումը։ Եթե սահմանը բացվի առանց վերոհիշյալ հարցերի լուծման երաշխիքների, կարող է ընկալվել որպես պարտված կողմի պարտադրված քայլ, ինչը խորացնելու է ազգային արժանապատվության ճգնաժամը և բարձրացնելու է պայքարի ոգին։
Քաղաքական մանիպուլյացիայի և արտաքին ճնշման վտանգ։ Ինչպես նշեցինք, Ադրբեջանը երկար տարիներ իր արտաքին քաղաքականությունը կառուցել է ոչ թե փոխշահավետ համագործակցության, այլ քաղաքական շանտաժի սկզբունքի վրա։
Այս մոտեցումը կրկին կկիրառվի Հայաստանի նկատմամբ․ օրինակ՝ Արցախից հրաժարվելու, կամ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների փոփոխության դիմաց, որն էլ կատարվում է։
Այսպիսով, առանց քաղաքական հավասարության, բաց սահմանը կվերածվի մշտական ճնշման մեխանիզմի, այլ ոչ թե խաղաղության երաշխիքի։
Հասարակական և ազգային անվտանգության հարցեր։ Ադրբեջանի պետական գաղափարախոսությունը հիմնված է հակահայկական քարոզչության վրա, որը շարունակվում է մինչ այսօր։ Նույնիսկ խաղաղության հայտարարությունների ֆոնին ադրբեջանական պետական մեդիան և կրթական համակարգը շարունակում են թշնամական քարոզչությունը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։
Այս պայմաններում, առանց Ադրբեջանի կողմից գաղափարական արմատական փոփոխության, սահմանների բացումը կարող է հանգեցնել հասարակական լարվածության, ազգային արժանապատվության ճգնաժամի և հոգեբանական անպատրաստության խաղաղ գոյակցության համար։
Ամփոփ եզրակացություն։
1․ Տնտեսական հետևանքներ։ Հայ-ադրբեջանական սահմանի բացումը կարող է ներկայացվել որպես տարածաշրջանային խաղաղության քայլ, սակայն իր բովանդակությամբ այն պարունակում է բազմաշերտ վտանգներ։ Եթե գործընթացը չուղեկցվի միջազգային երաշխիքներով, սահմանազատման հստակ իրավական հիմքերով, անվտանգության վերահսկման մեխանիզմներով և Արցախի հարցի արդար լուծման երաշխիքներով, ապա այն կարող է հանգեցնել Հայաստանի ինքնիշխանության աստիճանական նվազեցման և տնտեսական կախվածության խորացման։
Պատմականորեն՝ Հայաստանի անկախությունը եղել է ոչ միայն ռազմական կամ տնտեսական, այլև ինքնության պահպանման հարց։ Եթե ներմուծվող ապրանքների 70–80 տոկոսը կախված լինի թշնամական պետություններից, ապա ցանկացած սահմանափակում նրանց կողմից կարող է ստեղծել լուրջ ճգնաժամ։ Սահմանների բացումը կարող է Հայաստանին բերել որոշ կարճաժամկետ տնտեսական օգուտներ, բայց երկարաժամկետ հեռանկարում՝ առանց հստակ պետական ռազմավարության, դա կարող է մեծացնել արտաքին կախվածությունը և թուլացնել ազգային անվտանգությունը։
2․ Քաղաքական հետևանքներ։ Տնտեսությունը երբեք զուտ տնտեսական գործոն չէ․ այն արագորեն վերածվում է քաղաքական ազդեցության գործիքի։ Երբ պետության հիմնական ոլորտները՝ գազը, տրանսպորտը, էներգետիկան կամ ներդրումները, կախված են արտաքին աղբյուրներից, այդ աղբյուրներն ի վերջո սկսում են ձևավորել նաև քաղաքական վարքագիծը։
Հայաստանի դեպքում սա արդեն նկատելի է մի քանի ուղղություններով՝
- Ռուսաստանի նկատմամբ գազային և տնտեսական կախվածությունը հաճախ սահմանափակում է Երևանի արտաքին քաղաքական ազատությունը։
- ԵՄ և ԱՄՆ հետ հարաբերությունները այս պահին փորձում են պայմանավորվել ժողովրդավարական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերի քողի տակ, սակայն իրականում գործում են իրենց շահերը։
- Չինաստանի ներդրումները և վարկերը այս պահին դեռ այդքան չերևացող են, բայց ունեն երկարաժամկետ ազդեցության նպատակ՝ հատկապես ենթակառուցվածքների և տեխնոլոգիական ոլորտներում։
Եթե բացվեն նաև թուրքական և ադրբեջանական ուղղությունները, ապա այդ կախվածության շղթան կդառնա ավելի բարդ և վտանգավոր․ Թուրքիան և Ադրբեջանը իրենց տնտեսական ներկայությունը կվերածեն քաղաքական ճնշման լծակի, օրինակ՝
- պահանջելով որոշակի դիրքորոշումներ միջազգային հարթակներում,
- սահմանափակելով ապրանքաշրջանառությունը ներքին կամ արտաքին քաղաքական պատճառներով,
- խոչընդոտել հայկական ռազմավարական նախագծերին։
Այս ամենը նշանակում է, որ տնտեսությունը դառնում է արտաքին քաղաքական ազդեցության հիմնական դաշտը, և նորից շեշտենք, առանց պաշտպանական մեխանիզմների Հայաստանը հեշտությամբ կարող է հայտնվել տնտեսական և քաղաքական քաոսի մեջ։
2․ Հայաստանի ինքնիշխանության և անկախության հարցը
Տնտեսական հարաբերությունները ուղղակիորեն կապված են պետական ինքնիշխանության հետ։ Երբ ռազմավարական ենթակառուցվածքներն ու ֆինանսական հոսքերը վերահսկվում են արտաքին դերակատարների կողմից, ինքնիշխանությունը դառնում է ոչ թե իրավական, այլ գործնական խնդիր։
Այսպիսով, հայ–ադրբեջանական սահմանների բացման տնտեսական ազդեցությունները բազմաշերտ են։ Հայաստանի համար այս պահին զարգացման գործոնը թույլ է, իսկ նոր կախվածությունների ռիսկը՝ բարձր, հատկապես եթե հաշվի առնենք, որ ցանկալի տնտեսական գործընկերները՝ Իրանը և Ռուսաստանը, արդեն առկա են։
Սահմանների բացմանը զուգահեռ պետությունը պարտավոր է ապահովել տեղական արտադրության պաշտպանական մեխանիզմներ՝ սուբսիդիաներ, ճիշտ հարկային քաղաքականություն և մաքսային պաշտպանություն։ Սահմանների բացումը ինքնանպատակ չէ։ Առանց տնտեսական պաշտպանության և անվտանգության համակարգի ուժեղացման, «բաց սահմանը» կդառնա ոչ թե զարգացման, այլ կախվածության աղբյուր։ Հետևաբար, այս իրավիճակում աբսուրդ է թմբկահարել սահմանների բացման հարցը՝ առանց անվտանգության համակարգի ուժեղացման և բազմաշերտ հարցերի լուծման։
Սասուն Դավիդյան Արմեն Սարգսյան
տնտեսագետ պատմաբան


