Տարվա առանցքային նախագիծը «Կրթություն և աշխատատեղ վիրավոր զինվորի համար» ծրագիրն էր
21.12
2021
Այսօրվանից ամեն օր՝ մինչև տարեվերջ, Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը ներկայացնելու է հաշվետվություն անցած մեկ տարում կատարած աշխատանքի, իրականացրած ծրագրերի ու նախագծերի վերաբերյալ։
Տարվա առանցքային նախագիծը «Կրթություն և աշխատատեղ վիրավոր զինվորի համար» ծրագիրն էր, որի իրականացման համար Genesis Armenia-ն կազմակերպեց իր առաջին դրամահավաքը․ անհրաժեշտ 30 մլն դրամից հավաքեց 15 մլն դրամը։
Նախագծի նպատակն է հնարավորություն տալ Արցախի վերջին պատերազմին մասնակցած և հաշմանդամություն ձեռք բերած տղաներին անվճար կրթություն ստանալ կամ ուսումը շարունակել։
Հանգանակված գումարն ամբողջությամբ հատկացվելու է ֆորմալ (բակալավրիատի կամ մագիստրոսական կրթական ծրագրերով) կամ ոչ ֆորմալ կրթական ծրագրով սովորել ցանկացող շահառուին, որին կգումարվի նաև Genesis Armenia-ի կադրային բազայում գտնվող կամավոր մասնագետների աջակցությունը՝ ամբողջ ուսումնառության ընթացքում անցկացնել վարպետության դասեր, թրեյնինգներ, հմտությունների զարգացման դասընթացներ: Ուսումնառության ընթացքում շահառուն հնարավորություն կունենա օգտվել նաև օտարերկրյա առաջատար բուհերի կամ գիտատեխնիկական կենտրոնների կրթական օնլայն ծրագրերից։
Ծրագիրը մեկնարկելու է 2022թ-ի հունվարից։