Թուրքիայի հարավկովկասյան ռազմաքաղաքական մուտքի հնարավորությունը՝ Սիրիայում քրդական գործոնի քաղաքականացման համատեքստում. Մաս 1
27.01
2025
2025թ-ը հեշտ տարի չի լինելու: Բոլորը շնչները պահած սպասում էին և սպասում են, որ ամերիկյան նոր վարչակազմը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ բեկում կմտցնի միջազգային գործընթացներում: Բեկում, իհարկե, կլինի, բայց ողջամիտ ժամանակ է անհրաժեշտ՝ նվազագույնը 6-8 ամիս: Ամերիկյան վարչակազմի փոփոխությունները միշտ էլ լուրջ ազդեցություն են ունենում համաշխարհային գործընթացների վրա. Թրամփի վարչակազմին ժամանակ է պետք ռազմավարությունը ճշգրտելու, առաջնահերթությունները հստակեցնելու և միջազգային դերակատարների հետ շփումները վերաիմաստավորելու համար։ Առաջիկայում տեսնելու ենք հայտարարություններ և նախնական գործողություններ, որոնք ուղղված են լինելու ներքին և արտաքին քաղաքական հավասարակշռությանը, և միայն դրանից հետո պետք է ակնկալել փոփոխությունը։ Հարց՝ որքա՞ն է Հայաստանը պատրաստ այդ «տեղափոխության փուլին», ինչպե՞ս պիտի օգտագործենք այդ հնարավորությունը։ Աներկբա է՝ Հայաստանում առանց իշխանափոխության հնարավոր չէ՛ պատկերացնել պետական կուրսի էական փոփոխություն։ 2018-2025 թթ. որդեգրված և շրջանառվող իշխանական գաղափարախոսությունը, որը փիլիսոփայական և տեսահայեցակարգային առումով բացակայում է, տեսլականն ու արժեքները հակառակն են ապացուցում։ Պետության ռազմաստրատեգիական ուղղությունները վերաիմաստավորելու փոխարեն կոսմետիկ փոփոխություններ են, որոնք ուղղված են ընտրազանգվածի քվեի հետագա ապահովմանը: ՀՀ-ին անհրաժեշտ են խորքային բարեփոխումներ՝ տնտեսական քաղաքականության, անվտանգության ռազմավարության և արտաքին հարաբերությունների ոլորտներում, ընդ որում՝ իշխանափոխությունը չպետք է ենթադրի «դեմքերի փոփոխություն», այլ գաղափարների, սկզբունքների և մոտեցումների արմատական վերանայում։ Այն պետք է զուգակցվի հասարակական լայն համախմբմամբ և իրական ծրագրերով, ոչ թե անորոշ կարգախոսներով։ ՀՀ-ն պետք է պատրաստ լինի համառ ջանքերով դիմակայել պետության ինքնիշխանության ամբողջական կորստին, խուսափել ուկրաինական կամ սիրիական սցենարներից: Սիրիան դառնալու է Մեծ Մերձավոր Արևելքի նոր քարտեզի կամ ճարտարապետության էպիկենտրոնը: Բաշար Ասադի փախուստից հետո վիճակ է փոխվել. Ահմադ Ալ-Շարան, կամ՝ Մուհամմադ Ալ-Ջոլանին, որը տարիներ շարունակ` 2017թ-ից առաջնորդում էր Սիրիայում ընդդիմադիր ծայրահեղ զինյալ խմբավորումներն ու անվերապահ աջակցություն ուներ Թուրքիայից, քաղաքական ազդանշաններ է ցույց տալիս, որ չի պատրաստվում Սիրիայի մասնատման կամ ֆեդերալիզացիայի քաղաքականությունը դարձնել առաջնային, օրակարգային, որքան էլ նեոօսմանիզմի քաղաքականության առաջնորդ Անկարան փորձի պարտադրել սիրիական նոր վարչակազմին: Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականության սիրիական դրսևորումներին դեմ է սուննիական աշխարհի կոնսոլիդացիայի գլխավոր հավակնորդ Սաուդյան Արաբիան, ինչը նշանակում է, որ ԱՄՆ նույնպես ունի վերապահումներ Սիրիայում Անկարայի ռազմաքաղաքական նկրտումների և դոմինանտության հարցում: Թուրքիան ցանկանում է զինել Սիրիայի նոր բանակը, մինչև օրս միլիարդներ է ծախսել Բաշար Ասադին տապալելու և սիրիական զինված ուժերում իր գաղափարախոսությունը, լեզուն, կրոնական ուղղվածությունն ու ցանցերը տարածելու համար: Սա, բնականաբար, հանդիպում է Ծոցի արաբական երկրներից Արաբական միացյալ էմիրությունների և Սաուդյան Արաբիայի ակնհայտ դիմադրությանը, որովհետև Միջին Արևելքի` հիմնականում Սիրիայի և Լիբանանի տնտեսական, ռազմաքաղաքական և համայնքային խաղաղ համակեցության ապահովման հարցերում Ալ-Ռիյադն ու Աբու Դաբին ունեն այլ ծրագրեր, որոնք ուղիղ և անուղղակի հակասում են թուրքական ծավալապաշտական ծրագրերին և դրանց սպասարկու Քաթարի հավակնություններին: Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն հետպատերազմյան Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինյան ինքնավարության Գազայի հատվածի վերականգնման ամենամեծ դոնորներն են և փորձելու են սահմանափակել թուրքական ֆինանսների անսանձ շարժն այս երկրներում՝ կանխելով դրա քաղաքական կապիտալացումը: Սիրիայում և Լիբանանում Իրանի ռազմաքաղաքական և դավանաբանական՝ շիական գործոնը չեզոքացնելուց հետո դժվար թե նշյալ պետությունները ցանկանան առաջացած անվտանգային, տնտեսական և գաղափարաբանական վակուումը լրացնել թուրքականով: Քարտեզը խճճված է, վիճակը՝ մեղմ ասած՝ ծայրահեղ ծանր. օղակը որքան հնարավոր է սեղմվում է Իրանի շուրջ, որն այս թնջուկի առանցքում է: Ընթացիկ հունվարին Հարավային Կովկաս էր այցելել Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը, որի այցի հիմնական քաղաքական ուղերձն այն էր, որ Թեհրանը կոշտ հարված կհասցնի այն երկրին կամ երկրներին, որոնց կփորձեն Արևմուտքի հնարավոր ռազմագործողություններում ցամաքային կամ լոգիստիկ հնարավորություններ տրամադրել հակաիրանյան օպերացիաներում: Արևմուտքը հաջողեց չեզոքացնել Իրանին Սիրիայում և Լիբանանում, հերթը քաղաքական շիիզմի դերի սահմանափակմանն է կամ «արտաքսմանը» Իրաքից ու Եմենից. պարտադրված «Անակոնդայի քաղաքականությանը» Իրանը հակազդելու է իր հյուսիսային սահմաններում, որն առայժմ միակ տարածքն է, որտեղ բացակայում է Արևմուտքի ռազմական ներկայացվածությունը: Անկարայում և Բաքվում հաշվարկում են և հասկանում, որ Իրանի դեմ ցանկացած ոտնձգություն կամ ակտիվ մասնակցությունը ամերիկյան կամ իսրայելական հնարավոր գործողություններին՝ ծանր հետևանքներ է ունենալու, ընդհուպ՝ դիվանագիտական գործիքակազմի բացակայությամբ: Ի՞նչ դիրքորոշում ունեն Երևանն ու Բաքուն այս հարցում. ակնհայտորեն՝ բացահայտ ոչ մի նկրտում: Եթե ՀՀ համար Իրանի դեմ հնարավոր ռազմագործողություններում մասնակցությունը լինելու է ինքնիշխանության և սուբյեկտայնության ամբողջական կորստի վտանգը, ինչի հարցում պաշտոնական Երևանը մինչև 2018թ-ը բազմիցս է հայտարարել` չի մասնակցի հակաիրանյան գործողությունների, ապա Բաքվի դեպքում հաշվարկներն այլ են: Ադրբեջանին Սյունիքի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային ճանապարհ կամ «միջանցք» տրամադրելու հարցում պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը կոշտ է ու կտրուկ, ինչի մասին 2022թ-ից Իրանի քաղաքական, ռազմական և հոգևոր բարձրագույն իշխանությունը խոսում է ու սպառնում՝ նման միջանցքի ստեղծումը սպառնում է Իրանի ազգային անվտանգությանը, և Թեհրանը կդիմի ռազմական գործողությունների: Այս առումով հետաքրքիր կլինի դիտարկել հավանական սցենարը, որով ՀՀ գործող վարչակարգն ու Ադրբեջանի իշխանությունը կարող են գնալ այնպիսի տարբերակի, որտեղ կկնքվի «խաղաղության համաձայնագիր», որի համատեքստում էլ կապաշրջափակվեն ճանապարհներն ու կոմունիկացիաները և ՀՀ ճանապարհ կամ Բաքվի սպառնալիքներին չդիմադրելու դեպքում՝ «միջանցք» կարող է տրամադրել Ադրբեջանին՝ բացառելով Իրանի ռազմական հակազդեցությունը: Նման դեպքում ճանապարհի կամ «միջանցքի» խնդիրը կլուծվի Իրանի սահմաններից նվազագույնը 100 կմ հեռավորության վրա, այսինքն՝ ոչ Մեղրիով, Սիսիանով, և բնական է, որ ռազմավարական այս խորության վրա Իրանը չի կարող միջամտել ռազմական առումով: Ի՞նչ կանի այս դեպքում ՀԱՊԿ-ն կամ Ռուսաստանը. եթե ՀՀ չդիմի ռազմաքաղաքական կառույցին, ոչ մի արձագանք էլ չի լինի, իսկ դիմելու դեպքում ՌԴ-ն պաշտոնապես դիմելու է ՀՀ իշխանությանը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը իրականացնելու համար: ՀՀ-Իրան սահմանին ռուս սահմանապահներ չկան և հսկողությունը մեր կողմից իրականացնում են հայկական սահմանապահ ուժերը, ավելին՝ Հայաստանի գործող իշխանությունը, առերևույթ, իսկ խորքային առումով բավականին խուսանավելի մարտավարությամբ` ոչ մի կերպ չի ցանկանում ռուսական կողմին ներգրավել սահմանային հսկողության հարցերում, որպեսզի չդառնան կոնֆլիկտը հարթող կողմ, անկախ փաստից՝ այդ միջամտությունը հայկական կողմի համար կլինի դրական, թե բացասական. սա նշանակում է, որ եթե Երևանն ու Բաքուն բանակցում են առանց երրորդ կողմի մասնակցության, ինչն ակնհայտորեն այդպես չէ, որովհետև Ադրբեջանը Երևանի հետ բանակցում է Անկարայի հետ համատեղ օրակարգով՝ առանց վերջինիս պաշտոնական մասնակցության, իսկ Հայաստանը՝ առանց դաշնակցի կամ գործընկերոջ, այս պարագայում Հայաստանն ակնհայտորեն հայտնվում է թյուրքական առանցքի աքցանի արանքում և Բաքուն ու Անկարան հանգիստ կշարունակեն թելադրողի դերում լինել և նախապայմաններով առաջնորդվել։