Արցախյան հարցը 1945-2023թթ․ (մաս 3)

Խորհրդային պետության կազմում 1920-ական թթ․ արցախցիների պայքարը Հայաստանին վերամիավորվելու համար կարող ենք բնութագրել որպես զինված պայքարի շրջան։ Սակայն ստալինյան ռեժիմի պայմաններում դա վերջին պայքարը չէր։

1945թ․ Խորհրդային Հայաստանի Կ(բ)Կ առաջին քարտուղար Գ․ Հարությունյանը դիմեց  Ստալինին՝ ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորելու համար։ Այն պայմանավորված էր նաև 1945թ․ մեծ հայրենադարձության հետ և հայրենադարձներին տեղավորելու անհրաժեշտությամբ։ Դիմումում հիմնավորվում են նաև ԼՂԻՄ-ի տնտեսական ու մշակութային զարգացման հեռանկարները և Հայաստանի հետագա վերելքի համար Ղարաբաղի կարևորագույն նշանակությունը։ Քչերին է հայտնի, որ ՀամԿ(բ)Կ կենտկոմի քարտուղար Գ․ Մալենկովն այն ուղարկում է Ադրբեջանի Կ(բ)Կ առաջին քարտուղար Մ․Ջ․ Բագիրովին՝ որպես առաջարկ։ Բագիրովի պատասխանը բաղկացած էր երկու մասից․

1․ Նա ժխտեց Գ․ Հարությունյանի բոլոր փաստարկները, բայց դրսևորեց հատուկ ճկունություն և համաձայնվեց ԼՂԻՄ-ը միացնել հայկական ԽՍՀ-ին՝ պայմանով, որ Ադր․ ԽՍՀ-ին միացվեն Շուշիի շրջանը և Ադրբեջանին սահմանակից հայկական ԽՍՀ ևս երեք շրջաններ։ Բնական է, որ Գ․ Հարությունյանը չհամաձայնեց՝ նշելով, որ հայկական հողերը չի փոխանակի հայկական հողերի հետ, և հարցը նորից մտավ փակուղի։

ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու 4-րդ փորձը կատարվեց 1960-ական թթ․, երբ նորից սկսվեց ազգային զարթոնքը։ 1962թ․ Ստեփանակերտի ավտոշարասյան 300 աշխատակիցներ բողոք-նամակ գրեցին ԽՍՀՄ ղեկավարությանը՝ ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական, մշակութային ծանր կացությունը, ազգային իրավունքների ոտնահարումը և խնդրեցին ԼՂԻՄ-ը վերամիավորել ՀԽՍՀ-ին։ Նույն թվականին մի շարք մտավորականներ ևս նմանատիպ նամակներով դիմեցին դարձյալ ԽՄԿԿ կենտկոմին։ Մոսկվան և Բաքուն փորձեցին «լռեցնել» արցախցիներին և սկսեցին սոցիալ-տնտեսական վերափոխումներ անել ԼՂԻՄ-ում՝ ժողովրդի ուշադրությունը հիմնական պայքարից շեղելու համար։ Սակայն մեկ տարի անց՝ 1963թ․, դարձյալ նույն պահանջով  նամակ հղվեց ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ն․ Ս․ Խրուշչովին։ Նամակի տակ դրված էր 2500 ստորագրություն, իսկ պահանջն էր՝ ԼՂԻՄ-ը միացնել Հայաստանին, իսկ անհնարինության դեպքում՝ ՌԽՍՖՀ-ին։ 

1965թ․ նույն ոգով ԼՂԻՄ-ի 13 ղեկավարներ և մտավորականներ նամակ գրեցին ԽՍՀՄ ղեկավարությանը, որը պատմության մեջ հայտնի է «13»-ի նամակ անունով։ Հետաքրքիր է, որ հարցը քննարկվեց Ադրբեջանի նախարարների խորհրդում և, բնական է, մերժվեց, բայց նաև 42-կետանոց որոշում ընդունվեց՝ ԼՂԻՄ–ում սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար, որն այդպես էլ մնաց թղթի վրա։ Նույն թվականի դեկտեմբերին ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու պահանջով 45 000 ստորագրությամբ դարձյալ նամակ ուղարկվեց ԽՍՀՄ ղեկավարությանը, իսկ 1966թ․ հուլիսին նմանատիպ նամակի տակ ստորագրեցին 50 000 քաղաքացիներ։ Այն լայն արձագանք գտավ ամբողջ Խորհրդային Միության հայերի մոտ։ Օր․՝ 1966թ․ օգոստոսին Երևանից 2000 հայ մտավորականների, այդ թվում՝ Մ․ Սարյանի, Պ․ Սևակի, Հ․ Սահյանի ստորագրությամբ նույն պահանջով նամակ հղվեց ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Լ․ Բրեժնևին։ Սեպտեմբերի 30-ին նույն նպատակով ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա․ Քոչինյանը դարձյալ նամակով դիմեց ԽՄԿԿ կենտկոմին։ Ի դեպ, նշենք, որ մինչև այդ Արցախի հարցը բարձրացրել էր նաև Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը։ ԼՂԻՄ-ում սկսվեցին ազգամիջյան ընդհարումներ, ժողովրդական հուզումներ, որոնք ուղեկցվում էին ձերբակալություններով ու դատական գործերի հարուցմամբ։ Շարժումը նորից ճնշվեց։

1970-ական թթ․ սկսվեց ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու 5-րդ հանգրվանը։ Շարժման վերսկսման հիմնական շարժառիթ հանդիսացավ 1976թ․ համաժողովրդական քննարկման դրված ԽՍՀՄ նոր սահմանադրության նախագիծը։ Հետաքրքիր է, որ ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը ճիշտ գնահատեց ստեղծված իրավիճակը, և 1977թ․ նոյեմբերի 23-ին ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահության նիստում որոշվեց, որ պատմական մի շարք հանգամանքների հետևանքով Լեռնային Ղարաբաղը արհեստականորեն միացվել էր Ադրբեջանին, և հաշվի չէին առնվել մարզի պատմական անցյալը, ազգային կազմը, ժողովրդի ցանկությունը և տնտեսական շահերը։ Արձանագրվեց, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղը միացնել հայկական ԽՍՀ-ին։ Սակայն այս անգամ էլ Հ․ Ալիևի,  Մ․ Սուսլովի և նրանց համախոհների ջանքերով հարցը հանվեց օրակարգից։ Չնայած դրան՝ արցախահայությունն այդպես էլ չհաշտվեց ստեղծված իրավիճակի հետ։

Մայր հայրենիքին վերամիավորվելու համար արցախյան շարժման 6-րդ հանգրվանը սկսվեց 1988թ․ փետրվարի 20-ին, երբ օգտվելով ԽՍՀՄ կոմկուսի գլխավոր քարտուղար Մ․ Գորբոչովի հռչակած վերակառուցման կուրսից՝ համաժողովրդական հզոր հանրահավաքների պայմաններում 1988թ․ փետրվարի 20-ին Ստեփանակերտում գումարվեց ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը։ Նիստի քննարկման դրված միակ հարցը՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու և Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու համար Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ ԳԽ-ներին դիմելու հարցն էր։ Հենց փետրվարի 20-ն էլ համարվեց շարժման սկիզբ։ Այս հանգրվանը ռազմավարական իմաստով անցել է երկու էտապ՝ 1988-1991թթ․, երբ շարժումն ընթանում էր ԽՍՀՄ պետության ներսում՝ մայր հայրենիքին միավորվելու համար, և 1991-2023 սեպտեմբերը, երբ ԽՍՀՄ կազմալուծվելուց հետո, խորհրդային և միջազգային օրենքների համաձայն, Ղարաբաղը հռչակվեց անկախ պետություն (ԼՂՀ, ԱՀ)՝ իրականացնելով անկախ պետությանը հատուկ բոլոր գործառույթները։ Կանգ չառնելով ԱՀ քաղաքականության մանրամասնությունների վրա, որոնց մասին շատ է գրվել, շարունակվում է գրվել և դեռ  ուսումնասիրությունների և հետևությունների լուրջ կարիք կա, միայն նշենք, որ այս հանգրվանը ևս բաժանվում է երկու էտապի՝ 1991թ․-ից մինչև 2018թ․, երբ ԱՀ թիկունքում կանգնած էին Հայաստանի Հանրապետության իշխանությունները, և 2018թ․-ից առ այսօր, երբ ՀՀ իշխանությունները թողեցին Արցախին միայնակ թշնամիների դեմ, ավելին՝ համագործակցեցին թշնամիների հետ մի շարք հարցերում, և 2020թ․ 44-օրյա պատերազմի և 2023թ․ սեպտեմբերի 19-ի պատերազմի արդյունքում Արցախն իր պատմության մեջ առաջին անգամ հայաթափվեց։

2023թ․ սեպտեմբերի 19-ից սկսվեց Արցախյան շարժման ծանրագույն հանգրվանը, որը, մեր կարծիքով, պետք է բնութագրել որպես Արցախը վերադարձնելու հանգրվան, որին հասնելու համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալիզմ, համարձակություն, ոչ օրինաչափ գործելակերպ։ Այս հանգրվանում մեր առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին՝ հաջորդ հոդվածում, որը կարելի է բնութագրել հետևյալ կերպ՝ «Վերադարձ բնօրրան»։

Կարդացեք նաև