Հետազոտություն

Հետազոտական շարքի նախորդ մասը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ ՆԱՏՕ–ի «անհնազանդ» դաշնակիցը․ ինչո՞ւ Թուրքիան մշտական գլխացավ դաշինքի համար
ՀԱՄԱՍ-ի հարցը Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններում դարձյալ լարվածության աղբյուր է և բավականին բազմաշերտ։ Թուրքիա-ՀԱՄԱՍ հարաբերության մեջ Անկարան բացահայտ ռազմական օգնության մասին չի հայտարարում, բայց ՀԱՄԱՍ-ին ցուցաբերում է քաղաքական և դիվանագիտական աջակցություն, սակայն զգույշ մնալով, որ չխաթարի ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունները։ Թուրքիան պաշտոնապես չի ճանաչում ՀԱՄԱՍ-ը որպես ահաբեկչական կազմակերպություն, ինչպես ՆԱՏՕ-ի անդամ պետություններն են ճանաչում և ՀԱՄԱՍ-ին դիտում է որպես «պաղեստինյան ազատագրական շարժում», որի մասին Էրդողանը մասնավորապես 2023թ․ հոկտեմբերին հայտարարեց․ «ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն չէ, այլ «ազատագրական շարժում»։ Այս խոսքերին հետևեց Նեթանյահուի հայտարարությունը, որ «Թուրքիայի ղեկավարը աջակցում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին»։
Նաև շեշտենք, որ Անկարան պաշտոնապես ընդունում է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին, պաշտպանում է նրանց դիրքորոշումները միջազգային ասպարեզում։ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ դիտում են դա որպես անուղղակի լեգիտիմացում մի կազմակերպության, որը նրանք համարում են ահաբեկչական։ Թուրքիան ակտիվ աջակցում է նաև պաղեստինյան բնակչությանը՝ օգնություն ցույց տալով Գազայի հատվածին։ Անկարան ցուցաբերում է նաև տեղեկատվական և գաղափարական աջակցություն՝ քննադատելով Իսրայելին։ Այսպես, վերջերս համակուսակիցների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարեց․ «Նույնիսկ Իսրայելի ժողովուրդը, որ ամբողջ գիշերները անց է կացնում ապաստարաններում, ասում է, որ ամենամեծ ողբերգությունը որ ապրել են իրենք Հոլոքոստից հետո, է Նեթանյահուն է»։
Փորձելով ՀԱՄԱՍ-ին ներկայացնել որպես դիմադրության ուժ՝ Թուրքիան երբեմն փորձում է նաև հանդես գալ որպես միջնորդ։ Դրանով Անկարան փորձում է նաև պահպանել կապերը բոլոր կողմերի հետ և չգնալ առճակատման՝ կարևորելով իր դիրքը։
Կա նաև մի կարևոր հարց․ Թուրքիան արդյոք տարա՞ծք է հատկացնում ՀԱՄԱՍ-ին որոշ ծրագրերի իրականացման համար։ Այդպիսի ապացույցներ առայժմ չկան, պարզապես Թուրքիան աջակցում է ՀԱՄԱՍ-ին քաղաքականապես, բայց խուսափում է բաց ռազմական օգնությունից։
Իսրայելական և որոշ արևմտյան աղբյուրներ նաև հայտարարում են, որ Ստամբուլում գործում են ՀԱՄԱՍ-ի կապերի և համակարգման խմբեր, որոնք պլանավորում են որոշ գործողություններ։ Թուրքիան հերքում է՝ պնդելով, որ թույլ է տալիս միայն քաղաքական գործունեություն։ Որոշ միջազգային լրատվամիջոցներ պնդում են նաև, որ ՀԱՄԱՍ-ի մի շարք անդամներ ստացել են Թուրքիայի քաղաքացիություն և անձնագրեր։ Այս թեման մեծ լարվածություն է առաջացնում հատկապես Իսրայելի հետ հարաբերություններում։ Թուրքիային մեղադրում են նաև նրա համար, որ երկրում գործող որոշ ցանցեր կապ ունեն ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման հետ։
Առանձնպես Իսրայել-Թուրքիա լարվածությունն ուժեղացավ Գազայի պատերազմից հետո՝ 2023-2024թթ։ Այդ պատերազմից հետո Էրդողանը կտրուկ հայտարարություններ արեց Իսրայելի դեմ և բացահայտ պաշտպանեց ՀԱՄԱՍ-ի քաղաքական դիրքերը, որի հետևանքով հարաբերություններն Իսրայելի հետ դարձյալ սրվեցին։ Սա ցույց է տալիս Թուրքիայի պատրաստակամությունը գնալ ավելի հեռու, որն արտացոլվում է առայժմ քաղաքական հռետորաբանության մեջ։ Այսպես, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ Իսրայելը կարող է իր ռազմավարական ուշադրության կենտրոնը տեղաշարժել դեպի Թուրքիա իր քաղաքական հակառակորդ Իրանից հետո՝ միաժամանակ նշելով, որ իսրայելական քաղաքականությունն ավելի շատ կախված է արտաքին քաղաքական հակառակորդ գտնելուց՝ ավելացնելով, որ «Իսրայելը չի կարող գոյություն ունենալ առանց թշնամու»։
Ավելացնենք, որ դեռևս 2023թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Գազայի պատերազմի մեկնարկից հետո՝ Անկարայում հանրահավաքների ժամանակ Էրդողանը հայտարարեց․ «Արևմուտքը խոսում է Հիտլերի մասին, բայց ինչո՞վ է Նեթանյահուն տարբերվում Ադոլֆ Հիտլերից», իսկ նույն թվականին Թուրքիայի խորհրդարանում ելույթի ժամանակ նա նշեց․ «Իսրայելը իրականացնում է ցեղասպանություն Գազայի հատվածում»։ Այդ նույն ոճով ելույթներ հնչեցին նաև հետագա հայտարարություններում, մասնավորապես շեշտելով, որ «Նեթանյահուն պատմության մեջ կհիշվի որպես Գազայի մսագործ»։
Բնական է՝ իր հերթին Նեթանյահուն անպատասխան չթողեց Էրդողանի խոսքերը։ Օրինակ՝ 2023թ․ հոկտեմբերին նա հայտարարեց, որ «Էրդողանը վերջին մարդն է, որ կարող է մեզ բարոյականություն սովորեցնել»։ Ընդհանրապես, այս մակարդակի հռետորաբանությունը լինում է, երբ հարաբերությունները հասնում են գրեթե բաց թշնամանքի, բայց դեռ առանց պատերազմի։ Մեր կարծիքով սա պարզապես հռետորական փոխհրաձգություններ են, որը չի վերանա մոտ ժամանակներում և չի վերածվի ուղիղ պատերազմի, այլ կմնա որպես երկարաժամկետ լարվածություն։
Այսպիսով, Թուրքիա-ՀԱՄԱՍ հարաբերություններում հաստատված է Թուրքիայի քաղաքական և հումանիտար աջակցությունը ՀԱՄԱՍ-ին։
Կասկածներ կան, որ Թուրքիան կազմակերպչական և ֆինանսական ներգրավվածություն ունի ՀԱՄԱՍ-ի գործունեության մեջ և Թուրքիայի տարածքում հնարավոր են զինված գործողությունների նախապատրաստան տարբերակներ։
Այսպիսով՝ Թուրքիան վարում է հաշվարկված քաղաքականություն, ունենում է որոշակի քաղաքական ազդեցություն, բայց ոչ ուղղակի բախում, այսինքն վարում է «ոչ լիակատար չեզոքություն», որպեսզի «չփչանան» Արևմուտքի հետ հարաբերությունները։ Թուրքիային առայսօր այդ ամենը հաջողվում է, չնայած շատ դեպքերում խնդիրներ է ունենում ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի հետ՝ միաժամանակ փորձելով չթուլացնել իր դիրքը ՆԱՏՕ-ի կազմում։
Եզրակացնենք՝
Հաջորդ հոդվածում կանդրադառնանք շատ կարևոր մի հարցի, թե Թուրքիան դիտարկվու՞մ է արդյոք ՆԱՏՕ-ի վստահելի դաշնակից։