Հետազոտություն

Հետազոտական շարքի առաջին մասը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ Երկակի խաղ․ ինչպե՞ս է Թուրքիան շահում Իրանի շուրջ ճգնաժամից:
Չնայած Թուրքիան շարունակում է մնալ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցներից մեկը, դաշինքի և Անկարայի հարաբերություններում առկա են մի շարք խորքային հակասություններ ու ռազմավարական տարաձայնություններ, որոնք պարբերաբար լարվածության պատճառ են դառնում։
Դրանցից առանձնացնենք մի քանիսը։
Հիմնական խնդիրներից մեկը ՆԱՏՕ-Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների հարթությունն է։
Խնդիրն այն է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, տարբեր ուղղություններով համագործակցում է Ռուսաստանի հետ՝ ներառյալ էներգետիկայի, առևտրի, նավաշինության, տուրիզմի բնագավառներում, իսկ ռազմական ոլորտում ուշագրավ է S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը։
Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին անդամ պետությունն է, որը զենք է գնում ոչ ՆԱՏՕ-ի անդամ պետությունից, ընդ որում ՆԱՏՕ-ի կանոնադրությամբ նման գործարքներն արգելված են, քանի որ կարող են վտանգել ՆԱՏՕ-ի միասնական պաշտպանական համակարգը։
Որպես պատասխան, Թուրքիային դուրս թողեցին F-35 ծրագրից։ ԱՄՆ-ն և դաշինքը որոշեցին, որ Թուրքիան չի կարող միաժամանակ ունենալ և՛ S-400, և՛ մասնակցել F-35 ծրագրին։ Արդյունքում, Թուրքիան չստացավ նախօրոք պատվիրած ինքնաթիռները։ Երկրորդ. ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության և որոշ պաշտոնյաների նկատմամբ։ Երրորդ. հարց առաջացավ՝ Թուրքիան լրիվ հավատարի՞մ է արդյոք դաշինքի ռազմավարական գծին։
ՆԱՏՕ-ի և Թուրքիայի միջև որոշ լարվածություն առաջացավ նաև Ուկրանիայի հարցում մի քանի առանցքային հարցերի պատճառներով, երբ Թուրքիան «երկակի» մոտեցում ցուցաբերեց։ Ճիշտ է, Թուրքիան աջակցեց Ուկրաինային և այդ գործողությունները համընկան ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը, նաև մատակարարեց Bayraktar TB2 անօդաչու սարքեր, բայց չմիացավ Արևմուտքի պատժամիջոցներին Ռուսաստանի դեմ։
ՆԱՏՕ-ի և Թուրքիայի հարաբերություններում լարվածություն առաջացավ նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցում, երբ որոշվեց այս երկրները ընդգրկել ՆԱՏՕ, սակայն Թուրքիան արգելափակեց գործընթացը՝ պահանջելով կոշտ քայլեր Շվեդիայում և Ֆինլանդիայում քրդական կառույցների դեմ և քուրդ որոշ անձերի հանձնում Անկարային։ Սա ընկալվեց որպես ներքին օրակարգը դաշինքի վրա պարտադրելու փորձ, չնայած Թուրքիան փորձում էր խնդիրը ներկայացնել որպես «անվտանգության մտահոգությունների լուծում»։
Փաստորեն, Թուրքիան ձգձգեց ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը և այն կատարվեց միայն, երբ իրականացվեցին Թուրքիայի որոշակի պահանջները, մասնավորապես, ավելի կոշտ մոտեցում ցուցաբերել PKK-ի նկատմամբ, սահմանափակել նրա հետ կապ ունեցող շրջանակների գործունեությունը և քննարկել որոշ անձանց արտահանձնումը Թուրքիայի պահանջով։
Եռակողմ հուշագրով ՆԱՏՕ-ն, Շվեդիան, Ֆինլանդիան ընդունեցին, որ Թուրքիան ունի լեգիտիմ անվտանգության խնդիրներ, և դրանք պետք է հաշվի առնվեն դաշինքի ներսում։ Այսինքն, ՆԱՏՕ-ն ստացավ նոր անդամներ, իսկ Թուրքիան լուծեց կոնկրետ քաղաքական և ռազմավարական հարցեր։
Ժամանակ առ ժամանակ խնդրահարույց հարցեր են առաջանում նաև ՆԱՏՕ-ի երկու անդամ պետությունների՝ Թուրքիայի և Հունաստանի միջև, առանձնապես Կիպրոսի հարցով, չնայած այդ հակադրությունը գալիս է պատմականորեն։ Այդ հարաբերությունները նույնիսկ երբեմն այնքան են սրվում, որ դաշինքի մեջ լարվածություն են ստեղծում։ Այդ լարվածությունը հիմնականում առաջանում են հետևյալ խնդիրների շուրջ․
Արդյունքում ՆԱՏՕ-ն փորձում է կանխել բախումները և պահել «կառավարվող լարվածությունը»։ Այսպիսով, Թուրքիա-Հունաստան հակասությունները ՆԱՏՕ-ի ներսում «ներքին ճեղքվածք» են, որոնք մշտապես ներքին խոչընդոտներ են ստեղծում դաշինքի միասնականության համար։
ՆԱՏՕ-ի և Թուրքիայի միջև որոշ հակասություններ կան նաև Սիրիայում ու Իրաքում, հիմնականում հետևյալ հարցերի շուրջ․
Այսպիսով, Սիրիայում և Իրաքում հիմնական հակասությունը հետևյալն է՝ ՆԱՏՕ-ի առաջնահերթությունը ահաբեկչության դեմ պայքարն է, իսկ Թուրքիայինը՝ քրդական զինված ուժերի չեզոքացումը։
ՆԱՏՕ-ն Թուրքիայի հետ լարվածություն ունի նաև ՀԱՄԱՍ-ի հետ հարաբերություններում, որին կանդրադառնանք հաջորդիվ։