Հետազոտություն

Ի՞նչ խաղ է խաղում Թուրքիան

Հետազոտական շարքի նախորդ մասը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ Արևմուտքի դաշնակի՞ց, թե՞ ՀԱՄԱՍ-ի քաղաքական հովանավոր. Թուրքիայի երկակի խաղը:

 

Թուրքիան դիտարկվո՞ւմ է արդյոք ՆԱՏՕ-ի վստահելի դաշնակից։

Այսօր, շատ քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ փորձում են քննարկել կարևոր նշանակություն ունեցող վերոհիշյալ այս հարցը։

Ունենալով ՆԱՏՕ-ի հետ մի շարք հակասություններ՝ այնուամենայնիվ, նախագահ Էրդողանը, խոսելով ՆԱՏՕ-ի հեռանկարների մասին, նշում է, որ 2026թ․ հուլիսի 7-8-ին Անկարայում նախատեսվող դաշինքի գագաթաժողովը կարող է դառնալ դաշինքի պատմության կարևորագույն իրադարձություններից մեկը և հնարավորություն՝ ԱՄՆ-ՆԱՏՕ լարված հարաբերությունների համակարգային կարգավորման համար։

Թուրքիան ՆԱՏՕ-ում շարունակում է լինել պաշտոնապես վստահելի անդամ, բայց իրականում նրա դիրքորոշումը շատ դեպքերում  քննադատության ու անհանգստության առարկա է դարձել դաշինքի անդամների համար։

Պաշտոնապես Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է 1952թ․-ից, մասնակցում է ռազմական համագործակցության ծրագրերին, միացյալ զորավարժություններին  և աջակցում է ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերին։ Այս տեսակետից նա վստահելի անդամ է, քանի որ լուրջ խախտումներ չի կատարել  անդամակցության իրավական պարտավորություններում։

Սակայն, հանուն իր շահերի, Թուրքիան փորձում է հավասարակշռություն պահպանել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, որոնք պատերազմի մեջ են Ուկրաինայի տարածքում։ Եվ ճշմարտությունը պահանջում  է  ասել, որ Անկարային առայժմ հաջողվում է այս բալանսավորված քաղաքականությունը։

Վերջերս արտաքուստ սրվել են Թուրքիայի և ԱՄՆ դաշնակից Իսրայելի հարաբերությունները, բայց, գոնե առայժմ, չեմ կարծում, որ դրանք կվերածվեն իրական հակադրության։ Իսրայելը փորձում է ներթափանցել Միջին Արևելքի այն տարածքները, որտեղ Թուրքիան ունի լուրջ ազդեցություն, այդ թվում՝ նաև Հարավային Կովկասում։ Հետաքրքիրն այն է, որ Իսրայելը փորձում է դա անել Ադրբեջանի միջոցով։ Այս գործընթացը  դեռ սկզբնական շրջանում է, և շարունակությունը կախված է նաև Իրանում չավարտված պատերազմից և տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր վերաբաժանումից։

Չնայած Թուրքիան վաղուց մտահոգված էր Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերով և, անշուշտ, չէր ցանկանում, որ Իրանը հզորանա, Թուրքիան նաև մտահոգված է, որ Իրանի հնարավոր մասնատումն աննախադեպ անկայունություն կստեղծի տարածաշրջանում։

Եթե Իրանն այս պատերազմից կարողանա դուրս գա ուժեղացած ռազմական և քաղաքական առումներով, Թուրքիայի դերակատարությունը լրջորեն փոփոխության կենթարկվի՝ ավելի շատ վերաձևակերպման ուղղությամբ։

 

ՆԱՏՕ-ի համար առանց Թուրքիայի տարածաշրջանային շատ խնդիրներ դժվար են լուծելի, և, օգտվելով տարածաշրջանային իր դիրքից, Թուրքիան փորձում է դիրքավորվել այնպես, որ կարողանա խոսել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Միաժամանակ Թուրքիայի նպատակներից մեկն է դառնալ սուննի մահմեդական աշխարհի առաջնորդ։ Սակայն ուժեղ Իրանը միանշանակ կլինի հակակշիռ Թուրքիայի համար՝

  • որոշ չափով կնվազի Թուրքիայի վերահսկիչ դերը տարածաշրջանում
  • կսահմանափակվի Ադրբեջանի միջոցով ազդեցությունը
  • Ռուսաստանը հնարավոր է նպաստի Իրանի ուժեղացմանը Միջին Արևելքում՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի։

 

Թուրքիան ամեն ինչ անում է Իրանի պատերազմից դուրս մնալու համար՝ ջանասիրաբար պահպանելով իր չեզոքությունը։ Թուրք քաղաքական գործիչների սերունդները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Անկարայի կողմից կատարված՝ բարձր խաղադրույքներով հավասարակշռման գործողությունը համարում են որպես թուրքական դիվանագիտության ոսկե գլուխներից մեկը։ Այդ ժամանակ Թուրքիայի առաջնորդները խորապես գիտակցում էին երիտասարդ հանրապետության աշխարհաքաղաքական մեկուսացումը և ռազմական խոցելիությունը ու վճռականորեն տրամադրված էին չկրկնել իրենց օսմանյան նախորդների սխալը, որոնք Առաջին համաշխարհային պատերազմում սխալ կողմ էին ընտրել։

Արևմուտքի քննադատությունն այս պահին հիմնականում ընդունվում է նախազգուշացման և զսպման տրամաբանությամբ, իսկ Թուրքիայի դիրքորոշումը հաշվարկված ռազմավարական և իր համար առավելագույն ճկուն հարթություն ապահովող քաղաքականություն է։

Թուրքիան կարող է որոշ խնդրահարույց հարցեր ստեղծել ՆԱՏՕ-ի և Արևմուտքի համար, բայց երբեք չի անցնի բաց հակադրության։ Անկարան «անփոխարինելի», բայց  որոշ չափով դժվար կառավարելի գործընկեր է ՆԱՏՕ-ի համար։

Այս իրավիճակում աքսիոմ է․ Հայաստանին պետք է արտաքին քաղաքականության հայեցակարգ՝ լի բովանդակությամբ, որը կպարունակի միջինարևելյան ստրատեգիա՝ ակտիվորեն զարգացնելով քաղաքական, տնտեսական և այլ կապերը տարածաշրջանի հետ։