Հետազոտություն

«Արևմտյան Ադրբեջան» խոսույթը․ տվյալահեն վերլուծություն

Ադրբեջանի «նարատիվային հավասարակշռության» քաղաքականությունը և դրա ռազմավարական նշանակությունը

Մինչև 2020 թվականը Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն ձգտում էին հասնելու նարատիվային հավասարակշռության Հայաստանի նկատմամբ։ Այդ նպատակով գործադրվում էին Ադրբեջանին որպես զոհ ներկայացնելու և այդ կերպարը ցայտուն դարձնելու շարունակական ջանքեր, մասնավորապես իրականացվում էին քարոզչական արշավներ,  որոնց միջոցով տարածվում էին Արցախյան առաջին պատերազմի ընթացքում հայերի կողմից ենթադրաբար կատարված ռազմական հանցագործությունների մասին կեղծ պատմույթներ։ Այս քայլի ռազմավարական նպատակն էր միջազգային կազմակերպություններին և առանձին պետություններին մղել «երկու կողմերի հավասարեցման» (both-sides-ism) մոտեցման որդեգրմանը։ Այդ կերպ փորձ էր արվում չեզոքացնելու այն բարոյական անհամաչափությունը, որը ձևավորվել էր 1988-1991 թվականներին Խորհրդային Ադրբեջանում հայերի դեմ իրականացված և լայնորեն փաստագրված ջարդերի և բռնի տեղահանությունների հետևանքով։

Այս համատեքստում «Արևմտյան Ադրբեջան»-ի նման իռեդենտիստական (տարածքային հավակնությունների վրա հիմնված) նարատիվները, նաև ուշ խորհրդային և վաղ հետխորհրդային շրջանում Հայաստանից հեռացած ադրբեջանցիների «վերադարձի իրավունքի» մասին պնդումները ծառայում էին երկու նպատակի․ սկզբնական փուլում դրանք նպատակ ունեին հակակշռելու Հայաստանի կողմից ներկայացվող էթնիկ զտումների մասին պնդումներին՝ փաստացի երկու հասարակություններին ներկայացնելով հավասար բարոյական հարթության վրա։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, սակայն, այս պնդումները միտումնավոր շարունակվեցին և դարձան ավելի ընդգծված՝ Հայաստանի նկատմամբ լրացուցիչ ազդեցություն և նարատիվային գերակայություն ապահովելու համար։

Նախ՝ դրանք օգտագործվում էին՝ լռեցնելու Ադրբեջանին ուղղված միջազգային հանրության քննադատությունը 2020 թվականին պատերազմի սանձազերծման, Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակման և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից շուրջ 110․000 հայերի բռնի տեղահանման համար։ Երկրորդ՝ դրանք սկսեցին օգտագործվել որպես էքսպանսիոնիստական (տարածքային ընդլայնման նպատակ ունեցող) գործիք՝ Հայաստանին նոր զիջումների մղելու նպատակով՝ «վերադարձի իրավունքը» վերաձևակերպելով ոչ միայն որպես հումանիտար կամ սիմվոլիկ հարց, այլև որպես հնարավոր հիմք՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանցիների բնակեցման համար։

 

Այս իմաստով՝ «երկու կողմերի հավասարեցման» (both-sides-ism) մոտեցմանը հետամուտ լինելը և հնարավորության դեպքում Հայաստանի նկատմամբ նարատիվային գերակայության հասնելը շարունակում են լինել Ադրբեջանի հետպատերազմյան տեղեկատվական արշավի հենասյուները։ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» (ԱԱՀ) մարմնավորում է այս մոտեցումը՝ համակարգված կերպով ակտիվացնելով երեք հիմնական դիսկուրսիվ ուղղություններ, որոնք ամրապնդում են պետական քարոզչական գիծը․

  • Զոհի կարգավիճակի ձևավորում․ պատմական հալածանքների և տեղահանությունների մասին պատմույթների տարածում։
  • Գործողություններ նախաձեռնելու կամ փոխհատուցման պահանջներ․ արդարության, իրավունքների և վերադարձի գաղափարների վկայակոչում։
  • Միջազգային դերակատարներին ուղղված կոչեր․ Ադրբեջանի՝ որպես տուժած կողմի ներկայացում, որը ձգտում է արդարության միջազգային իրավունքի շրջանակում։

 

Այս գործիքակազմը ոչ միայն շահարկում է մարդու իրավունքների դիսկուրսը, այլև փորձում է «յուրացնել» դրա կառուցվածքն ու բարոյական հեղինակությունը՝ արդարության, իրավունքների և վերադարձի գաղափարները ծառայեցնելով էքսպանսիոնիստական նպատակների օրինականացմանը։ Ընդօրինակելով զոհի կերպարի կառուցման տրամաբանությունը, ինչպես նաև միջազգային իրավունքում օգտագործվող բառապաշարը՝ «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը քաղաքական իռեդենտիզմը ներկայացնում է որպես հումանիտար հարց։ Այսպիսով՝ փորձ է արվում ջնջելու ագրեսորի և տուժողի միջև գոյություն ունեցող բարոյական տարբերությունը՝ պատմական հիշողությունը վերածելով համարժեքացման և ազդեցության պայքարի դաշտի։ Ինչպես նշում է Սապարովը (2024), «այս մեթոդների համակցված ազդեցությունը ստեղծում է տպավորություն, թե տեղի ունեցողը պարզապես սովորական տարածքային վեճ է երկու պետությունների միջև»։ Իրականում, սակայն, տեղի է ունենում պատմության և ընկալումների միտումնավոր վերակաձևակերպում՝ փորձ, որի նպատակն է արդարությունը վերականգնելու քողի տակ էքսպանսիոնիստական պնդումները ներկայացնել որպես նորմալ երևույթ։

Կիրառելով տվյալների համակարգված վերլուծության մեթոդաբանություն՝ հոդվածը վերլուծում է «Արևմտյան Ադրբեջանի» և «վերադարձի իրավունքի» շուրջ ձևավորված նարատիվները ԱԱՀ-ի և Ադրբեջանի կառավարության դիսկուրսում։ Ընդհանուր առմամբ, հետազոտության նպատակն է բացահայտել այս դերակատարների կողմից առաջ մղվող նարատիվներում օրինաչափություններն ու գերիշխող թեմաները, չափել իռեդենտիստական բովանդակություն պարունակող հրապարակումների հաճախականությունը, ինչպես նաև գնահատել, թե ինչպես են դրանք նպաստում Ադրբեջանի իռեդենտիստական օրակարգի ձևավորմանը։

 

Ի՞նչ նպատակով է ստեղծվել «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»

Ադրբեջանում գործող և պետական աջակցություն վայելող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» հասարակական կազմակերպությունը, որը պաշտոնապես հիմնադրվել է 2022 թվականի օգոստոսին (կազմակերպությունը պնդում է, որ այն 1989 թվականին հիմնադրված «Ադրբեջանի փախստականների հասարակություն» կազմակերպության իրավահաջորդն է), վերջին տարիներին գրավել է զգալի հանրային ուշադրություն և դարձել ինտենսիվ մեդիա լուսաբանման առարկա ինչպես Ադրբեջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Կազմակերպությունն իրեն ներկայացնում է որպես, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» շահերն ու իրավունքները պաշտպանող կառույց՝ առաջ մղելով հատկապես «վերադարձի հայեցակարգը», որը որպես իր առաջնային նպատակ սահմանում է «ներկայիս Հայաստանի տարածքից արտաքսված ադրբեջանցիների վերադարձը իրենց հայրենիք և վերադարձից հետո նրանց անհատական և կոլեկտիվ իրավունքների ապահովումը»։

Միևնույն ժամանակ, կազմակերպությունը հիմնադրման պահից ի վեր ստացել է Ադրբեջանի կառավարության հետևողական աջակցությունը։ 2022 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ԱԱՀ-ի ներկայացուցիչների հետ իր երկրորդ հանդիպմանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է… և արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան իրենց հայրենի հողերը»։ 2024 թվականի նոյեմբերի 23-ին Միլի Մեջլիսը հանդես եկավ հայտարարությամբ՝ խիստ քննադատելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Արևմտյան Ադրբեջանի ժողովրդի վերադարձի հարցի» շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ ԱԱՀ-ի կոչերն անտեսելու համար։ Այս մոտեցումն ավելի ամրապնդվեց հաջորդ տարում։ 2025 թվականի դեկտեմբերի 20-ին Ադալաթ Վալիևը՝ Ադրբեջանի Քաղաքական կուսակցությունների և օրենսդիր իշխանության հետ հարաբերությունների վարչության ղեկավարը, ԱԱՀ-ի հերթական ընդհանուր ժողովին  վերահաստատեց, որ «Արևմտյան Ադրբեջանի» հարցը Ադրբեջանի կառավարության «պետական քաղաքականության առաջնահերթություն» է։

Այնուամենայնիվ, այս վերլուծությունը բացահայտում է կազմակերպության ուղերձների հիմքում ընկած ավելի խորքային թեմաներ և այն, թե ինչպես է կազմակերպության գործունեությունը կապված պետական ​​ քարոզչության հետ։

 

Մեթոդաբանություն

Հոդվածում կիրառվել է տվյալների համակարգված վերլուծության մոտեցում՝ վերծանելու կազմակերպության հռետորաբանությունը, բացահայտելու դրանց հիմքում ընկած խորքային թեմաները և գործունեության ինտենսիվությունը։ Ուսումնասիրությունը վերլուծում է ԱԱՀ-ի բոլոր հայտարարությունները, որոնք հրապարակել է Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող Azeri Press Agency (APA) լրատվական գործակալությունը՝ ընդգրկելով 2023 թվականի հունվարի 9-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածը։

Մեկնարկային ամսաթիվը համապատասխանում է APA-ի կայքի «Արևմտյան Ադրբեջան» բաժնում առաջին հրապարակման ամսաթվին, իսկ ավարտական ամսաթիվը՝ տվյալների հավաքման գործընթացի ավարտի ամսաթվին։ Քանի որ լրատվական գործակալության հրապարակումները հասանելի են ինչպես ադրբեջաներենով, այնպես էլ անգլերենով, տվյալները (հրապարակման վերնագիր, հրապարակման ամսաթիվ, ամբողջական տեքստ և հղում) հավաքվել են անգլերեն տարբերակից։ Ընդհանուր առմամբ վերլուծվել է 296 հրապարակում, որոնց թվում են ԱԱՀ-ի պաշտոնական հայտարարությունները, հարցազրույցները, կոնֆերանսների, սեմինարների ժամանակ հնչած ելույթները, միջազգային կազմակերպություններին ուղղված նամակները, ինչպես նաև սոցիալական ցանցերում արված գրառումները և պետական կառույցների ներկայացուցիչների հայտարարություններ, որոնք աջակցում են կազմակերպության գործունեությանը։

Հավաքված հայտարարությունները նախնական մշակման են ենթարկվել. հեռացվել են չեզոք բառերը (դերանուններ, նախդիրներ, շաղկապներ և այլն), կրկնությունները, ինչպես նաև ոչ տեղեկատվական տարրերը։ Այնուհետև իրականացվել է բիգրամային վերլուծություն (տեքստային տվյալների վերլուծության քանակական մեթոդ, որը թույլ է տալիս բացահայտել տեքստում ամենահաճախ հանդիպող հաջորդական երկբառ համադրությունները)։ Մեթոդը կիրառվել է՝ բացահայտելու ԱԱՀ-ի կողմից առաջ մղվող հիմնական թեմաները։ Առավել հաճախ հանդիպող 50 բիգրամները ներկայացվել են բառային ամպի (word cloud) տեսքով։ Հրապարակումների ամսաթվերի հիման վրա հայտարարությունները հաշվարկվել են ըստ ամիսների և վիզուալացվել գծային գրաֆիկի տեսքով՝ ցույց տալու այն ժամանակահատվածները, երբ կազմակերպությունը համեմատաբար ավելի ակտիվ է եղել։

Նույն մոտեցումն ու ժամանակահատվածն են կիրառվել նաև APA-ի վերահրապարակած պաշտոնական հայտարարությունների (վերնագիրը, հրապարակման ամսաթիվը, ամբողջական տեքստը և հղումը) հավաքման համար՝ մեթոդաբանական հետևողականությունն ու տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով։

Ի տարբերություն ԱԱՀ-ի հայտարարությունների՝ պաշտոնական հայտարարությունների պարագայում անհրաժեշտ էր իրականացնել մանրակրկիտ զտում՝ հայտնաբերելու այն հրապարակումները, որոնք պարունակում են Հայաստանի վերաբերյալ իռեդենտիստական տրամադրություններ (բառեր/արտահայտություններ) և վերաբերում են «Արևմտյան Ադրբեջան»-ի և «վերադարձ»-ի համատեքստին։ Հետևաբար, որպեսզի հնարավոր լինի զտել տվյալների բազան, նախապես սահմանվել է իռեդենտիստական բովանդակություն մատնանշող բանալի բառերի շարք, որոնց մեծ մասը կազմվել է ԱԱՀ-ի հայտարարություններում նախապես բացահայտված առավել հաճախ հանդիպող իռեդենտիստական արտահայտությունների հիման վրա։ Ցանկը ներառում է հետևյալ բանալի բառերը/արտահայտությունները՝ «Արևմտյան Ադրբեջան», «Զանգեզուր», «նախնիների հող(եր)», «նախնիների հայրենիք», «պատմական հող(եր)», «պատմական հայրենիք», «բնիկ հող(եր)», «վտարված», «էթնիկ զտում», «ցեղասպանություն», «մեծ վերադարձ», «անվտանգ վերադարձ», «արժանապատիվ վերադարձ», «խաղաղ վերադարձ», «վերադարձի գործընթաց», «ՀՀ Սահմանադրություն», «սեփականության իրավունքներ», «Հայաստանը ոչնչացրեց», «Հայաստանը վերացրեց», «հայկական վանդալիզմ», «հակաահաբեկչական գործողություն(ներ)», «հակաադրբեջանական»։ Ի տարբերություն բանալի բառերի՝ արտահայտությունների օգտագործումը զգալիորեն մեծացնում է ավելի ճշգրիտ համընկնումների հավանականությունը։ Բացի այդ՝ նշված հիմնաբառերից մի մասի նկատմամբ կիրառվել է կանոնահեն արտահայտությունների որոնման մեթոդը (regular expressions, regex՝ տեքստում որոշակի օրինաչափությունների որոնման կանոնների համակարգ), ինչը թույլ է տալիս նույնականացնել դրանց երկու կամ ավելի տարբերակները, օրինակ՝ «նախնիների հող/նախնիների հողեր» կամ «հակա-ադրբեջանական/հակաադրբեջանական/հակա-Ադրբեջան» և այլն։ Մասնավորապես, «վերադարձ» բառի նկատմամբ կիրառվել է բառերի մոտիկության վրա հիմնված (proximity-based) զտում՝ regex օրինաչափությունների միջոցով (մեթոդ, որն օգնում է հայտնաբերելու այն նախադասությունները, որտեղ որոշ բառեր հանդիպում են իրար կողքի կամ իրար մոտ)՝ հայտնաբերելու այն նախադասությունները, հետևաբար նաև ամբողջական հայտարարությունները, որտեղ այդ բառն օգտագործվել է «ադրբեջանցիների կամ վտարված/տեղահանված փախստականների վերադարձի» համատեքստում և բացառելու դրա կիրառման բոլոր մյուս դեպքերը։

Այս մոտեցումների կիրառմամբ ընտրվել են այն պաշտոնական հայտարարությունները, որոնք պարունակում են առնվազն մեկ նախապես սահմանված բանալի բառ։ Արդյունքում ստացվել է 602 համընկնում։ Ինչպես ԱԱՀ-ի հայտարարությունների պարագայում, զտված պաշտոնական հայտարարությունները ներկայացվել են ըստ ամիսների գծային գրաֆիկի տեսքով։

Կայքերից տվյալների ավտոմատ հավաքումը (web scraping) և մշակումը իրականացվել են RStudio ծրագրային միջավայրում, որը նախատեսված է վիճակագրական վերլուծության և տվյալների վիզուալացման համար։

 

Արդյունքներ

Պատկեր 1․ Բառային ամպը (word cloud) արտացոլում է բիգրամային վերլուծության արդյունքները։ Այն ներկայացնում է ԱԱՀ-ի հայտարարություններում ամենահաճախ հանդիպող 50 արտահայտությունները։ Որքան մեծ է արտահայտությունը  բառային ամպում, այնքան ավելի հաճախ է այն հանդիպում կազմակերպության հայտարարություններում։

Պատկեր 1

Ի՞նչ են վկայում այս արտահայտությունները կազմակերպության հիմնական ուղերձների մասին։ Չնայած բառային ամպի առաջին հայացքից բարդ կառուցվածքին՝ դրանց խմբավորումն ըստ թեմաների հնարավորություն է տալիս բացահայտելու կազմակերպության հայտարարությունների հիմքում ընկած հիմնական գաղափարները։ Արտահայտությունների առաջին խումբը ներկայացնում է ենթադրյալ խտրականության և բռնի տեղահանման պատմություններ, որոնց, ԱԱՀ-ի անդամների ու դրա աջակիցների պնդմամբ, իրենք նախկինում ենթարկվել են։ Դրանց թվում են՝ «վտարված ադրբեջանցիներ», «էթնիկ զտում», «բռնի վտարված», «ռասայական խտրականություն», «հակաադրբեջանական», «օկուպացված տարածքներ» և այլն։ Արտահայտությունների երկրորդ խումբը վերաբերում է կազմակերպության հիմնական նպատակներին, ինչպիսիք են՝ «արժանապատիվ վերադարձ», «վերադարձի գործընթաց», «նախնիների հողեր», «Արևմտյան Ադրբեջան», «ադրբեջանական տարածքներ» և այլն։ Կազմակերպությունը նաև առաջ է քաշում «քաղաքական իրավունքների», «մշակութային իրավունքների» և «մշակութային ժառանգության» վերաբերյալ պահանջներ։ Արտահայտությունների երրորդ խումբը, կարծես, ուղղված է միջազգային հանրությանը՝ ներառելով այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են՝ «Միավորված ազգերի կազմակերպություն», «Անվտանգության խորհուրդ», «Եվրոպական միություն», «միջազգային իրավունք», «Համընդհանուր հռչակագիր» (հավանաբար նկատի ունենալով «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը»), «միջազգային դաշնագիր» և այլն։ Պատկերի ավելի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս նաև, որ բացակայում են հաշտեցմանն ուղղված ձևակերպումներ, օրինակ՝ չեն հանդիպում հակամարտությունների կարգավորմանն ուղղված համագործակցությանը կամ դիվանագիտությանը առնչվող արտահայտություններ։

 

Պատկեր 2-ը ցույց է տալիս Հայաստանի վերաբերյալ Ադրբեջանի պաշտոնական և ԱԱՀ-ի իռեդենտիստական հայտարարությունների հաճախականությունը ամսական կտրվածքով։

Պատկեր 2

Ակնհայտ է, որ 2023 թվականը թե՛ պաշտոնական քարոզչության, թե՛ ԱԱՀ-ի համար համեմատաբար ակտիվ շրջան է եղել։ 2024 թվականից սկսած՝ ԱԱՀ-ի ամսական հայտարարությունների թիվը զգալիորեն նվազել է, մինչդեռ պաշտոնական հայտարարությունների ընդհանուր մակարդակը շարունակել է լինել կայուն բարձր։

 

Պատկեր 3

Հատկանշական է, որ, ինչպես ցույց է տալիս Պատկեր 3-ը, ժամանակահատվածները, երբ երկու կողմերն էլ համեմատաբար ավելի մեծ թվով իռեդենտիստական հայտարարություններ են արել, համընկնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմնական ռազմաքաղաքական իրադարձությունների հետ։ Օրինակ՝ 2023 թվականի հունվարը՝ 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի շրջափակումից մեկ ամիս անց, իռեդենտիստական հայտարարությունների տարածման համեմատաբար ակտիվ ժամանակաշրջան էր, որն էլ ավելի ակտիվացավ նույն թվականի մարտին, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն ու փոխադարձ մեղադրանքները սրվեցին։ Ինչպես ցույց է տալիս գրաֆիկը, ԱԱՀ-ն առավել ակտիվ է եղել Արցախի դեմ 2023 թվականի ադրբեջանական հարձակումից առաջ, ընթացքում և հետո ընկած ամիսներին, ինչը լավ տեսանելի է նաև Պատկեր 2-ում։ Բարձր ակտիվությունը պահպանվել է նաև 2023 թվականի դեկտեմբերին, երբ Հայաստանը և Ադրբեջանը հանդես եկան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։ Ընդհանուր առմամբ, ի տարբերություն ԱԱՀ-ի ակտիվության, պետական քարոզչությունը 2024 և 2025 թվականներին մնացել է կայուն բարձր մակարդակի վրա, հատկապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի առաջնորդների կողմից եռակողմ հռչակագրի ստորագրումից հետո։

Կետագիծը գրաֆիկում նվազեցնում է տվյալների կարճաժամկետ տատանումները՝ ընդհանուր միտումը հստակ ցույց տալու նպատակով։ Ինչպես երևում է, իռեդենտիստական հայտարարությունների մեծ մասը գրանցվել է 2023 թվականին։ Միտումն աստիճանաբար նվազել է 2024 թվականից սկսած, սակայն տարվա վերջում և ամբողջ 2025 թվականի ընթացքում կրկին պահպանվել է կայուն բարձր մակարդակի վրա (միջինում՝ ամսական ավելի քան 15 իռեդենտիստական հայտարարություն)։

Ամսական միջին ցուցանիշերի հաշվարկը և դրանց ներկայացումը տարեկան կտրվածքով ավելի են հստակեցնում այս միտումը։ Ինչպես ցույց է տալիս Պատկեր 4-ը, ԱԱՀ-ի հայտարարությունների ամսական միջին թիվը կտրուկ նվազել է՝ 2023 թվականին միջինում 19-ից հասնելով  4-ի՝ 2024 թվականին, և 2-ի՝ 2025 թվականին։ Մինչդեռ պաշտոնական հայտարարությունները 2024 թվականի ընթացքում էականորեն չեն նվազում (2023 թվականին ամսական կտրվածքով միջինում 21-ից մինչև 13-ի՝ 2024 թվականին), սակայն 2025 թվականին այս ցուցանիշը կրկին աճել է՝ հասնելով միջինում 16 հայտարարության։

 

Պատկեր 4

Ինչպես երևում է, «Արևմտյան Ադրբեջան»-ի շուրջ ձևավորված նարատիվները, որոնք առաջ են մղվում Ադրբեջանի կառավարության և ԱԱՀ-ի կողմից, խորապես հիմնված են Հայաստանի նկատմամբ իռեդենտիզմի՝ հարևան ինքնիշխան պետությանը տարածքային պահանջներ ներկայացնելու քաղաքականության վրա, որի աջակիցները այդ տարածքները համարում են «պատմականորեն» կամ «իրավամբ» իրենցը։ Ներկայացվում են նաև «քաղաքական» և «մշակութային» իրավունքների վերաբերյալ լրացուցիչ պահանջներ։ Ավելին՝ տվյալները ցույց են տալիս, որ իռեդենտիստական տրամադրությունների սրացումները հիմնականում համընկնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր ռազմաքաղաքական զարգացումների հետ։ Այլ կերպ ասած՝ որքան ավելի լարված կամ անկայուն են երկու երկրների միջև հարաբերությունները, այնքան ավելի ընդգծված է դառնում Ադրբեջանի կառավարության և ԱԱՀ-ի իռեդենտիստական հռետորաբանությունը։

 

Եզրակացություն

Տվյալները բացահայտում են մի շարք հստակ և մտահոգիչ միտումներ վերջին տարիներին ԱԱՀ-ի ակտիվացման և ազդեցության զգալի աճի վերաբերյալ` պետական ավելի լայն իռեդենտիստական հռետորաբանության ֆոնին։

Ինչպես ցույց են տալիս տվյալները, իռեդենտիստական հայտարարությունները կտրուկ սրվել են 2023 թվականի ընթացքում՝ համընկնելով Լաչինի միջանցքի շրջափակման և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայկական բնակչության էթնիկ զտման հետ։ Այս համընկնումը ցույց է տալիս, թե ինչպես է «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը կիրառվել իրականացվող բռնի գործողություններն արդարացնելու կամ դրանք որպես նորմալ երևույթ ներկայացնելու նպատակով։

2024 թվականի սկզբին սկսեց նկատվել ԱԱՀ-ի հանրային ակտիվության զգալի անկում, մինչդեռ պաշտոնական հայտարարությունների մակարդակը շարունակում էր մնալ կայուն բարձր։ Պաշտոնական իռեդենտիստական հայտարարությունների բարձր հաճախականությունը, որը պահպանվել է նաև 2025 թվականին, ամենայն հավանականությամբ արտացոլում էր Ադրբեջանի կառավարության՝ «հաղթանակի» ընկալումը, հատկապես 2025 թվականի մարտին խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունից և նույն թվականի օգոստոսին Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումից հետո, որոնք հանրային դիսկուրսում ներկայացվում են որպես Ադրբեջանի ռազմավարական նպատակների հաջող իրագործում։

Այս ամբողջ ժամանակահատվածում ԱԱՀ-ն գործել է որպես պետության կողմից ուղղորդվող քողարկված գործիք՝ նպատակ ունենալով ստեղծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բարոյական համարժեքության պատրանք։ Հակամարտությունը ներկայացնելով որպես համաչափ, որտեղ «երկու կողմերն էլ» ունեն պատմական դժգոհություններ և «վերադարձի իրավունք»՝ Ադրբեջանի կառավարությունը կիրառում է քաղաքացիական հասարակությունների հարթակը՝ միջազգային դիվանագիտական դաշտում «երկու կողմերի հավասարեցման» (both-sides-ism) թեզն առաջ մղելու և ամրապնդելու համար։

Սակայն փաստերը ցույց են տալիս, որ «Արևմտյան Ադրբեջան» հռետորաբանությունը որևէ կապ չունի մարդու իրավունքների իրական դիսկուրսի հետ։ Ադրբեջանի՝ 2020 թվականի ռազմական հաղթանակից, 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայերի էթնիկ զտումից և հայկական մշակութային հետքերը ջնջելուն ուղղված պետական ​​քաղաքականությունից հետո այս հռետորաբանությունը վերածվեց էքսպանսիոնիստական քաղաքականության գործիքի՝ ուղղված հենց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ։ Մեկնաբանելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահը բացահայտ հայտարարեց, որ կազմակերպությունը շարունակելու է «նախնիների հողեր վերադարձին» ուղղված իր գործունեությունը՝ նկատի ունենալով Հայաստանի ինքնիշխան տարածքը։

Ավելին՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը և գիտական հաստատությունները՝ ԱԱՀ-ի հետ միասին, Նախիջևանում 2026 թվականի հունիսի 18-19-ին կազմակերպեցին «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով փառատոն-համաժողով։ Ինչպես հայտարարվել էր, ծրագրում ներառված էին «Արևմտյան Ադրբեջանի պատմական ժառանգությունը և վերադարձի հեռանկարները» թեմայով զեկույցներ, ինչը ցույց է տալիս, որ պաշտոնական, ակադեմիական և քաղաքացիական հասարակության մակարդակներում ձևավորված իռեդենտիստական խոսույթները սերտորեն  փոխլրացնում են միմյանց՝ այդպիսով ամրապնդելով դրա քաղաքական նշանակությունը։

«Զանգեզուրի միջանցք» գաղափարը, որն առաջին անգամ պաշտոնապես ձևակերպվել է 2021 թվականի հունիսի 16-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված Շուշիի հռչակագրում և այդ ժամանակվանից ի վեր պարբերաբար կիրառվել հանրային-քաղաքական դիսկուրսում, էքսպանսիոնիստական տրամաբանության ևս մեկ դրսևորում է, որը աշխարհագրությունը, ինքնիշխանությունը և տարածաշրջանային հաղորդակցությունը միակողմանիորեն՝ ադրբեջանական հավակնություններին համապատասխան վերաիմաստավորելու փորձ է։

Ի վերջո, 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումից հետո ձևավորված քաղաքական էյֆորիան չպետք է ստվերի իռեդենտիստական և էքսպանսիոնիստական հռետորաբանությունը։ Ինչպես ցույց են տալիս տվյալները, միայն թղթի վրա ձեռք բերված համաձայնությունները սահմանափակ կարողություն ունեն զսպելու էքսպանսիոնիստական մտադրությունները, եթե քաղաքական մտածողությունը կառուցված է պատմական դժգոհությունների, գերակայության և հաղթականության գաղափարների վրա։ Թուրքիայի հետ դաշինքով ամրապնդված Ադրբեջանի հետպատերազմյան ռազմավարությունն ուղղված է թերևս ոչ թե երկկողմ հաշտեցմանը, այլ Հայաստանի նկատմամբ ռազմական, քաղաքական և տնտեսական ազդեցության ընդլայնմանը։

Ընդհանուր առմամբ, ստացված արդյունքները հաստատում են, որ ԱԱՀ-ն  հանդես է գալիս է ոչ թե որպես քաղաքացիական հասարակության անկախ դերակատար, այլ պետության աջակցությամբ գործող նարատիվային պայքարի գործիք։ Այն միավորում է քարոզչությունը, դիվանագիտությունը և իռեդենտիզմը՝ վերածելով դրանք մեկ միասնական քաղաքական գործիքի։ Այս կառույցի գործունեությունը ցույց է տալիս, թե ինչպես են ավտորիտար կառավարություններն օգտագործում քաղացիական հասարակությունների հարթակը՝ իրենց գործողությունները լեգիտիմացնելու և պատմական իրողությունները վերաիմաստավորելու համար։

Հայկական համատեքստից դուրս այս դեպքը դիտարկելով՝ տեսնում ենք, թե ինչպես են ժամանակակից ավտորիտար ռեժիմները օգտագործում քարոզչական մեխանիզմներ՝ բարոյական համարժեքություն ստեղծելու, միջազգային իրավունքը շահարկելու և ագրեսիան որպես «արդարության վերականգնում» ներկայացնելու համար։ Նման նարատիվային մանիպուլյացիայի ճանաչումն ու բացահայտումը կարևոր են ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության ներկա փուլը հասկանալու, այլև մարդու իրավունքների դիսկուրսի շահարկման միջոցով ռևիզիոնիստական և էքսպանսիոնիստական քաղաքականությունների նորմալացման դեմ գլոբալ մեխանիզմների ամրապնդման համար։

 

Հղումների ցանկ

  1. Azerbaijani Press Agency. (16 August 2025). Community will continue its activities aimed at return of Western Azerbaijanis to their homeland – Chairman. https://en.apa.az/western-azerbaijan/community-will-continue-its-activities-aimed-at-return-of-western-azerbaijanis-to-their-homeland-chairman-475254
  2. Azertag. (13 March 2025). FM Bayramov: Negotiations on draft peace agreement between Armenia and Azerbaijan completed. https://azertag.az/en/xeber/fm_bayramov_negotiations_on_draft_peace_agreement_between_armenia_and_azerbaijan_completed-3461439
  3. European Parliament. (10 March 2022). European Parliament resolution of 10 March 2022 on the destruction of cultural heritage in Nagorno-Karabakh (2022/2582(RSP)). https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-9-2022-0080_EN.html
  4. European Parliament. (9 February 2023). EU action to stop Azerbaijan’s blockade of the Lachin corridor. https://www.europarl.europa.eu/doceo/document/E-9-2023-000405_EN.html
  5. Grimmer, J., Roberts, M. E., & Stewart, B. M. (2022). Text as Data: A New Framework for Machine Learning and the Social Sciences. Princeton University Press. 160, 284-286.
  6. MFA of Armenia. (05 March 2023). Statement of the foreign ministry of Armenia on the ambush by Azerbaijan in Nagorno-Karabakh. https://www.mfa.am/en/interviews-articles-and-comments/2023/03/05/azerbaijani_ambush/11906
  7. MFA of Armenia. (08 March 2023). Statement of the MFA of Armenia on the disinformation spread by Azerbaijan. https://www.mfa.am/en/interviews-articles-and-comments/2023/03/08/statement_azdisinformation/11912
  8. MFA of Armenia. (16 March 2023). Statement of MFA of Armenia regarding the false claims and bellicose statements of the President of Azerbaijan. https://www.mfa.am/en/interviews-articles-and-comments/2023/03/16/mfa_statement_/11926
  9. MFA of Armenia. (18 March 2023). Statement of the ministry of foreign affairs of the Republic of Armenia. https://www.mfa.am/en/interviews-articles-and-comments/2023/03/18/mfa_statement/11929
  10. MFA of Azerbaijan. (13 March 2025). Statement on conclusion of the negotiations on the text of the draft agreement on peace and the establishment of interstate relations between Azerbaijan and Armenia. https://mfa.gov.az/en/news/no10525
  11. Report.az. (20 April 2026). Nakhchivan to host ‘Return to Western Azerbaijan’ event. https://report.az/en/domestic-politics/nakhchivan-to-host-return-to-western-azerbaijan-event
  12. The Milli Majlis of the Republic of Azerbaijan. (23 November 2024). News: The announcement by the Initiative Group for the Return to Western Azerbaijan of The Milli Majlis of the Republic of Azerbaijan. https://meclis.gov.az/news.php?id=2045&lang=en
  13. The Prime Minister of the Republic of Armenia. (7 December 2023). Press releases: Joint statement of the Office of the Prime Minister of the Republic of Armenia and the Presidential Administration of the Republic of Azerbaijan. https://www.primeminister.am/en/press-release/item/2023/12/07/Announcement/
  14. President of the Republic of Azerbaijan. (16 June 2021). Shushi Declaration on Allied Relations between the Republic of Azerbaijan and the Republic of Turkey. https://president.az/en/articles/view/52122
  15. Report.az. (10 April 2026). Nakhijevan to host “Return to Western Azerbaijan” event. https://report.az/en/domestic-politics/nakhchivan-to-host-return-to-western-azerbaijan-event
  16. Saparov, A. (2024). Normalizing conflict – concealing genocide? Expert neutrality in the Armenian–Azerbaijani conflict. Journal of Postcolonial Writing. https://www.tandfonline.com/doi/full/10.1080/14683857.2024.2384138#d1e682
  17. US Department of State. (8 August 2025). Joint declaration between the Republic of Azerbaijan and the Republic of Armenia. https://www.state.gov/wp-content/uploads/2025/08/2025JointDeclaration.AzerbaijanArmenia.pdf
  18. Western Azerbaijan Community. (24 December 2022). Banner/Mr. President Ilham Aliyev’s meeting in Western Azerbaijan Community. https://westaz.org/en/banner/cenab-prezident-ilham-eliyevin-qerbi-azerbaycan-icmasinda-gorusu
  19. Western Azerbaijan Community. (2025). General information. https://westaz.org/en/%C4%B0CMA/umumi-melumat
  20. Wickham, H., & Grolemund, G. (2017). R for data science: Import, tidy, transform, visualize, and model data. O’Reilly Media. 327.
  21. Media.AZ. (20 December 2025). Прошло общее собрание Общины Западного Азербайджана. https://media.az/politika/proshlo-obshee-sobranie-obshiny-zapadnogo-azerbajdzhana