Genesis Armenia-ն Արցախում սկսում է կրթական նոր ծրագիր պատմության ուսուցիչների համար

Ստեփանակերտում մեկնարկել է Արցախի պատմության ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որը նպատակ ունի ժամանակակից դասավանդման մեթոդների վերաբերյալ գիտելիք, փորձ ու հմտություններ փոխանցել ուսուցիչներին՝ մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական, անվտանգային և տեղեկատվական ոլորտները ներկայացնելիս։

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված դասընթացը եռօրյա է։ Մասնակիցները Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների «Հայոց և համաշխարհային պատմություն» առարկաների ուսուցիչներն են՝ մոտ երկու տասնյակ։

«Արցախում արդեն հասցրել ենք բազմաթիվ ծրագրեր իրագործել, որոնց կարևորագուն բաղադրիչը կրթությունն է։ Հայ մնալու համար պետք է ամուր պահել մայրենի լեզուն ու հայոց պատմությունը, հետևաբար ուսուցիչների վերապատրաստման դասընթացը սկսում ենք պատմությունից։ Տիեզերքում ոչ մի ուժ չի ստիպելու մեզ Արցախին միայնակ թողնել, իսկ այս նախաձեռնությունը նոր ճյուղավորումներ է տալու»,- նշեց Genesis Armenia-ի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը։

Կարևորելով պատմության դերն ու նշանակությունը՝ Genesis Armenia-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Վարդանյանը նշեց, որ հենց պատմություն առարկայի միջոցով է աշակերտը դաստիարակվում։​

«Հայրենիքի պատմությունը ներկայացնելով՝ ուսուցիչներն աշակերտների մեջ հայրենասիրության կարևորագույն հիմքերն են դնում, ձևավորում արժեքներ ու ազգային նպատակների իրականացման կամք։ Իսկ թշնամուն ճիշտ ներկայացնելն այս համատեքստում չափազանց էական գործոն է»,- նշեց Սամվել Վարդանյանը՝ ընդգծելով, որ Genesis Armenia-ն անելու է ամեն բան՝ այս գործընթացը շարունակական ու ավելի մասշտաբային դարձնելու համար։

Վերապատրաստման ծրագիրը մշակել է պատմաբան, «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչ, Genesis Armenia-ի անդամ Սուրեն Թազայանը, որն արցախցի գործընկերների հետ հարց ու պատասխանի միջոցով, նախ, փորձեց վեր հանել  «Հայոց պատմություն» առարկայի դասաժամերի ու դասավանդման մեթոդների հետ կապված խնդիրները։

Արցախցի ուսուցիչները կարծում են` դասաժամերը համեմատաբար քիչ են, թեման ու բովանդակությունը` ծավալուն։ Մեկ այլ խնդիր էլ, ըստ նրանց, դասագրքերում տեղ գտած անճշտություններն են։​

«Վերջին պատերազմում պարտվելու գլխավոր պատճառներից մեկը կրթության ներկա վիճակն ու Արցախի մասին մակերեսային գիտելիքն է։ Սեփական պատմությունն իմանալու և կրթական ճիշտ համակարգ կառուցելու դեպքում միայն կհաջողենք»,- ասաց Թազայանը։

Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ողջունելով Genesis Armenia-ի հերթական կրթական նախաձեռնությունը, ասաց, որ գործակցության նման ձևաչափը շատ կարևոր է՝ հետպատերազմյան Արցախում որակյալ կադրերի պատրաստման ու նրանց միջոցով որակական լուրջ փոփոխություն իրականացնելու առումով։

​Նախարարը շնորհակալություն հայտնեց ուղեղային կենտրոնին՝ Արցախը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և արհեստավարժ աշխատանքի միջոցով նրա զարգացմանը նպաստելու համար։

​Վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակից ուսուցիչները կստանան հավաստագրեր։

 

Կարդացեք նաև