Քվեարկե՛ք. մասնակցություն, որը փոխում է ամեն ինչ Անտարբերությունից դեպի գործողություն

Բարձր մասնակցությունն ընտրողների շրջանումհամարվում է ժողովրդավարական լեգիտիմությանանկյունաքար, քանի որ այն ազդարարում է լայնհանրային ներգրավվածության մասին և նվազեցնում է այն ռիսկը, որ ընտրություններիարդյունքները որոշվում են հասարակության նեղշերտերի կողմից: Երբ մասնակցությունը ցածր է, արդյունքները ձևավորվում են անհամաչափորեն՝ հաճախ խեղաթյուրելով բնակչության քաղաքականառաջնահերթությունները: Ավելին, ընտրական ցածր մասնակցությունն ապահովում ու երաշխավորում է իշխանության լճացումն ու որոշումների ընդունման ավտորիտար մեխանիզմների հաստատումը։ Եվ հակառակը, բարձր մասնակցությունը, հատկապես 70%-ից բարձրը, հակված է արտացոլելու ընտրազանգվածի ավելի ներառական շերտ, ամրապնդելով ընտրված կառավարությունների մանդատը և բարձրացնելով գործընթացի ընկալվող արդարությունը:

Քաղաքագիտական բազմաթիվ հետազոտություններն ընդգծում են, որ ավելի բարձր մասնակցությունը կապված է ժողովրդավարական ավելի ուժեղ կոնսոլիդացիայի և ինստիտուտների նկատմամբ վստահության հետ: Իսկ ցածր մասնակցությունն ստեղծում է նաև քաղաքական լեգիտիմության ճեղք, ինչը կարող է խթանել իշխանության ոչ ֆորմալ հովանավորությունը վայելող մարգինալ խմբերի ուղղորդվող գործունեությունը։

Վառ օրինակ է այս ապրիլին կայացած Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները, որոնք գրանցեցին չապազանց բարձր մասնակցություն: Զեկույցներ ցույց են տալիս, որ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 79.6 %-ը, ինչը ռեկորդային է այս նախկին կոմունիստական պետության ընտրական ​​​​պատմության մեջ: Մասնակցության այս աճը համընկավ վճռական քաղաքական տեղաշարժի հետ, որն ավարտեց Օրբանի 16-ամյա կառավարման շրջանը: Այս մասշտաբը կարևոր էր. դա ոչ միայն ընթացակարգային վիճակագրություն էր, այլև ընդլայնեց ներկայացվածությունը՝ մասնավորապես երիտասարդ և քաղաքային ընտրողների շրջանանակներում և մեծացրեց քաղաքական փոփոխությունների պահանջարկը: Ընտրություններին բարձր մասնակցությունն էապես փոխում է ընտրությունների արդյունքները և վերաձևավորում քաղաքական հետագծերը:

Նմանապես, այլ ժողովրդավարություններում, օրինակ Շվեդիայում, մշտապես լայնմասնակցությամբ ընտրությունները (հաճախ 80%-ից բարձր), կապված են եղել կայուն կառավարման հետ: Թեև պետություններում ինստիտուցիոնալ և մշակութային գործոնները տարբերվում են, օրինաչափությունը հաստատուն է. երբ մասնակցությունը հասնում կամ գերազանցում է 70-80% շեմը, ընտրություններն ավելի հավանական է, որ ունենան արդյունքներ, որոնք արտացոլում են հանրային նախասիրությունների ամբողջական բազմազանությունը, այդպիսով բարձրացնելով նաև լեգիտիմությունը: Այս իմաստով, բարձր մասնակցությունը ոչ միայն քանակական չափանիշ է, այլև ժողովրդավարական առողջության որակական ցուցանիշ:

Հայաստանի համար 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններում բարձր մասնակցության խնդիրն ունի գոյաբանական հարթություն։ Այսընտրությունները տեղի կունենան քաղաքական սաստիկ բևեռացման, անվտանգության հետ կապված մտահոգությունների, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ շարունակվող ոտնձգությունների պայմաններում և չկողմնորոշված ​​ընտրողների մեծ մասի համատեքստում (վերջին հարցումներում գնահատվել է մինչև 40%), ինչը մասնակցության մակարդակը որոշիչ է դարձնում արդյունքի համար:

Պատմականորեն, մասնակցությունը Հայաստանում չափավոր է եղել՝ մոտ 49.4% 2021 թ․ խորհրդարանական ընտրություններում և 48.6% 2018 թվականին, իսկ  2023 թ․ Երևանի քաղաքապետարանի ընտրություններում՝ 28.4%:

Սա ենթադրում է, որ հունիսին մասնակցության նույնիսկ 20-25 տոկոսային կետով աճը կներգրավի ընտրողների բոլորովին նոր խմբեր գործընթացում: Հաշվի առնելով, որ մոտ 2.4 միլիոն քաղաքացիներ իրավունք ունեն քվեարկելու, մոբիլիզացիայի մասշտաբն ուղղակիորեն կորոշի, թե արդյունքում ձևավորված կառավարությունն արդյոք արտացոլում է նեղ գավառական բազա, թե՞ իսկապես լայն հասարակական կոնսենսուս: Խորը ներքին պառակտումների և արտաքին ճնշումների առջև կանգնած երկրում բարձր մասնակցությունը կամրապնդի քաղաքական համակարգի լեգիտիմությունն ու կայունությունն առաջիկա կարևոր տարիներին։

 

Արսեն Գասպարյան

քաղաքական գիտությունների դոկտոր

 

Կարդացեք նաև