Պարտադիր ծառայությունից հրաժարվելու գինը, կամ պրոֆեսիոնալ բանակի պատրանքը
17.09
2025
Այսօր աշխարհաքաղաքական իրավիճակը խառնված է․ պետությունները թարմացնում են զինանոցը, այն համալրում նորարար և ժամանակակից տեխնո-արդյունաբերությամբ, հրաժարվում հին սերնդի արսենալից, ընդհուպ՝ տիեզերքից են որսում հակառակորդի քայլերը, իսկ մեր երկրի իշխանություններն էլ կարծես այս երկրի վրա չեն ապրում և խաղաղության երազախաբությամբ են տառապում: Փաստ է, փոփոխվող աշխարհի ռազմական քարտեզի վրա հաղթում է նա, ով առաջ է անցնում տեխնոլոգիական դաժան մրցավազքում, ով կարողանում է արագ տեմպերով մոդեռնիզացնել զինանոցը, համակարգը դարձնել ավելի կարգապահ, տնտեսությունը՝ դիվերսիֆիկացված, պրոպագանդան էլ՝ հիմնավոր-արդյունավետ: Եթե քարոզչության տակ իրական ռեսուրսներ չլինեն՝ այն կդառնա փուչիկ, որի պայթեցնելն ընդամենը ժամանակի հարց է: Ուրեմը փուչիկ է նաև Հայաստանի գործող իշխանությունը. փուչիկ է պարունակությամբ, տարողությամբ, կերպարներով և քարոզչությամբ: Գիտեն միայն դատարկ դհոլի պես զրնգալ, խաբել, մոլորեցնել, պարծենկոտ աքլորի պես թփրտալով հոխորտալ, թե բա մեր նախընտրական ծրագրի մեջ կար դրույթ, որով Հայաստանում պիտի պրոֆեսիոնալ բանակ ստեղծենք, հիմա էլ դրան ենք լծված:
Չգիտակցելով ռեալ իրականությունը, փոքրիկ և օրեցօր ավելի փոքրացող Հայաստանի իշխանությունը մտադրվել է փոխել Հայաստանի ու ռեգիոնի անվտանգության միջավայրն ու համակարգի փիլիսոփայությունը, և ապրելով կեղծ խաղաղության տարփանքով, ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանն ու հայ ժողովուրդը երբևէ հնարավորություն չունենա վերականգնել բանակի երբեմնի մարտունակությունը, երբևէ չկարողանա անվտանգային խնդիր ձևակերպել և պատմաքաղաքական հարմար պահին կատարել օբյեկտիվ առաջադրանք, այն է՝ չեզոքացնել հայ ժողովրդի գոյութենական սպառնալիքները Հարավային Կովկասում: Սա աստիճանական և բազմափուլ քաղաքականություն է, որը ուզում են կյանքի կոչել՝ Հայաստանը մեկընդմիշտ թողնելով մեղքի ու արյան պատասխանատվության տակ: Շեշտենք, որ խոսքն ամենևին արհեստավարժ բանակ ստեղծելու մասին չէ, որովհետև կարծում եմ, որ ժամանակակից աշխարհի անվտանգային մարտահրավերներին դիմակայելու համար վաղ թե ուշ, պիտի առերեսվենք այդ հարցին և ունենանք խելացի ու պրոֆեսիոնալ բանակ՝ պատրաստվելով 5-րդ սերնդի կանխատեսելիք պատերազմներին։ Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր կուրորեն կհավատան խաղաղության դարաշրջանի անխուսափելիությանը կամ պատերազմի ավարտի միֆին, պարզապես մոլորության մեջ են, կամ էլ ինքնախաբեության զոհ: Շարքային քաղաքացին կարող է նման պատկերացում ունենալ, բայց որ իշխանությունն է նման լեգենդներ հյուսում ու հրամցնում հասարակությանը՝ արդեն ողբերգություն է: Չի՞ հասկանում իշխանությունը, որ պաշտոնական Բաքուն ամեն առիթ օգտագործելու է Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնությունները կյանքի կոչելու՝ թքած ունենալով միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա։ Իհարկե հասկանում է և գործում միտումնավոր, որպեսզի Հայաստանը երբևէ որևէ հավակնություն չունենա։ Այս ամենի դիմաց Ադրբեջանն ու Թուրքիան պարտավոր են օգնել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս պահի իր իշխանությունը և շարունակի կատարել Բաքվի ու Անկարայի պահանջները՝ Սահմանադրության փոփոխությունից մինչև հայկական ազգային ցանցերի հեղինակազրկում, ազգային գործիչների բանտարկում, նրանց գործունեության սահմանափակում և այլն: Ազգային ամենամեծ ու քիչ թե շատ կենսունակ ցանցը բանակն է, որի դերն էլ ցանկանում է սահմանափակել, բայց իրականում Հայաստանի իշխանությունը փորձում է քվե կորզել՝ մեր անվտանգության հաշվին:
Իշխանությունը 2026թ․ խորհրդարանի ընտրությանն ընդառաջ անում է հերթական քայլերը անվտանգության հաշվին՝ լավամարդ դուրս գալով զինակոչիկ ունեցող ընտանիքների մոտ, որոնք սոցիալական ամենամեծ խավն են, ծառայությունը երկու տարուց դարձնելով 1.5 տարի: Եթե նման բան կյանքի կոչվի, ուրեմն Հայաստանի անվտանգության ապամոնտաժումը կհասնի տրամաբանական ավարտին՝ անկախ փաստից, թե մասնագիտորեն որքան է հիմնավորված արհեստավարժ բանակի անցնելը և մենք ունե՞նք արդյոք համապատասխան ենթակառուցվածքներ, կրթական հենք, ֆինանսներ ու մտածողություն անցնելու պրոֆեսիոնալ ծառայության, բայց և միաժամանակ չխաթարելով մեր անվտանգությունը, թե՞ պատերազկմական իրավիճակում Հայաստանի սահմանները պիտի հսկեն սահմանապահները և շարունակեն պարեկին ու խայտաբղետ բերետներին եռակի ավելի վարձատրել, քան խրամատում մեզ պահող զինվորին ու սպային: Իշխանության նպատակը հենց սա է՝ արժեզրկել զինվորի, հրամանատարի վաստակը, հեղինակազրկել նրանց և արժանապատիվ կեցության համար պահանջվող վարձատրության փոխարեն՝ նրանց դարձնել երկրում հեռանկար չունեցող ու չտեսնող մարդիկ:
Փորձեմ մանրամասն վերլուծել վերոհիշյալ քայլը, համեմատեմ պրոֆեսիոնալ բանակի անցած պետությունների փորձի ու հնարավորությունների հետ, ներկայացնեմ այդ անցման առավելությունները, անհրաժեշտ սկզբունքներն ու պահանջները, ֆինանսական և կառուցվածքային անհրաժեշտ փոփոխությունները, ռիսկերը, խոչընդոտները, պարզ ասած՝ ի՞նչ կշահենք և որտե՞ղ կտուժենք՝ հրաժարվելով պարտադիրից և անցնելով պրոֆեսիոնալ զինծառայության: Եվ այսպես․ պրոֆեսիոնալ բանակի պարագայում ծառայությունը չի լինում ընդհանուր պարտադիր, զինծառայողները ներգրավվում են պայմանագրային հիմունքով, ծառայությունը դառնում է կարիերայի և մասնագիտական գործունեության ուղի, զինվորն ու սպան պարբերաբար վերապատրաստվում են, ստանում մրցունակ աշխատավարձ, բարելավված սոցիալական պայմաններ, զորահավաքներն էլ լինում են նպատակային: Որպես կանոն պրոֆեսիոնալ զինծառայողները ստանում են բարձր աշխատավարձ, կրթաթոշակներ, առողջապահական նպաստներ և այլ առտոնություններ։ Այն, որ պրոֆեսիոնալ բանակին անցնելը միանշանակ ճիշտ է՝ աքսիոմ է, բայց խնդիրն այն է, թե ե՞րբ պետք է անցնել պրոֆեսիոնալ բանակի ձևավորմանը, այլապես ոչ ճիշտ պայմաններում, եթե անցնենք պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը, դա երկրի համար կլինի կործանարար և պոպուլիստական քայլ՝ հանուն սեփական իշխանության ամրապնդման։ Ուրեմն փորձեմ պատմական էքսկուրս կատարել։ Այսպես՝
1․ ԱՄՆ-ը 1973 թ․, Վիետնամի պատերազմից հետո ամբողջովին անցավ կամավորական բանակի։ Հիմքը սոցիալական դժգոհությունն էր, զինվորների որակական ու բարոյահոան ոչ մարտունակ վիճակը: ԱՄՆ կառավարությունը զինվորներին ապահովեց բարձր աշխատավարձերով, կրթաթոշակներով, առողջապահության բնագավառում տարբեր արտոնություններով, կարիերայի ուղիով։
2․ Մեծ Բրիտանիան պրոֆեսիոնալ բանակին սկսեց անցնել 1960-ականների սկզբներին, և 1963թ․-ին դադարեցվեց պարտադիր զինծառայությունը։ Դա կատարվեց այն ժամանակ, երբ ավարտվեց սառը պատերազմի տրամաբանությունը, գաղութատիրության ավարտը: Փաստորեն, կայուն գաղութատիրական բանակը վերակազմավորվեց, բյուջեն կրճատվեց և ապահովվեց բարձր վարձատրություն:
3․ Գերմանիայում 2011թ․ հուլիսի 1-ից պարտադիր ծառայությունը «սառեցվեց»։ Դա կատարվեց Բեռլինի պատի քանդումից հետո անվտանգության միջավայրի փոփոխության, ՆԱՏՕ և ԵՄ ինտեգրման, միջազգային խաղաղապահ առաքելությունների առաջնահերթության ապահովման պայմաններում։ Այդ պայմաններում պարտադիր ծառայությունը համարվում էր ոչ արդյունավետ ու թանկարժեք։ Բանակի անձնակազմը կրճատվեց 250․000-ից՝ 185․000 զինծառայողի։ Իրավական առումով զորակոչի համակարգը չվերացվեց, այլ «սառեցվեց», որպեսզի հնարավոր լինի վերականգնել սպառնալիքների դեպքում։ Խնայված միջոցները ուղղվեցին տեխնոլոգիական արդիականացման։
4․ Կանադայում 1944թ-ից հետո պարտադիր զինծառայությունը աստիճանաբար դադարեցվեց, պրոֆեսիոնալ բանակի անցումը ավարտվեց 1950-ականներին։ Դրան նպաստեց նաև այն, որ 1944-ի conscription crisis (Ֆրանսախոս–անգլախոս բաժանումը) լրջորեն խարխլեց հասարակական համերաշխությունը։ Սոցիալական հակասությունները ստիպեցին կառավարությանը հրաժարվել պարտադիր զորակոչից։ Ներդրվեց խրախուսող սոցփաթեթների համակարգ՝ կրթաթոշակներ, աշխատավարձի բարձրացում, վետերանների աջակցություն։ ԶՈՒ ինստիտուտը դարձավ ավելի փոքրաքանակ, բայցև՝ մոբիլ և մասնագիտացված։
5․ Ֆրանսիայում 1996 թ․ նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ ընդունվեց ծրագիր, իսկ 2001 թ․ պարտադիր ծառայությունը դադարեցվեց։ Հիմք հանդիսացավ Սառը պատերազմի ավարտը, միջազգային կոնֆլիկտներում միջամտությունների նոր դոկտրինը (Աֆրիկա, Բալկաններ)։ Պարտադիր զորակոչի կարճաժամկետ ծառայությունը արդյունավետ չէր բարդ օպերացիաների համար։ Վերոհիշյալ փոփոխությունից հետո կատարվեց բյուջեի ավելացում, ռեզերվային համակարգի զարգացում։ Պետությունը մեծացրեց պաշտպանության բյուջեն՝ ապահովելով բարձր աշխատավարձ, սոցիալական երաշխիքներ և հզոր տեխնիկական վերազինում։ Բանակը դարձավ ավելի ճկուն ու հարմարեցված արտաքին առաքելություններին:
Վերջին տարիներին, գունավոր հեղափոխություններից հետո, երբ խնդիր էր առաջացել՝ եվրոպական հասարակության մտածողության մեջ սերմանել Ռուսաստան թշնամու կերպարը, որոշ երկրներ վերանայեցին իրենց ռազմական դոկտրիններն ու զորակոչի պայմանները։ Ոմանք նույնիսկ վերականգնեցին պարտադիր զինծառայությունը: Օրինակ, Բալթյան երկրներում, մասնավորապես՝ Լատվիայում, ուրվագծվել է այսպես կոչված անվտանգային սթրես և Ռիգայում աշխատում են պարտադիր զինծառայությանը վերադառնալու ուղղությամբ: 90-ականների կեսերին, երբ լատերին համոզեցին, որ Սառը պատերազմն ավարտվել է և Ռուսաստանը վտանգ չի ներկայացնում, ուստիև այս պետություններին ՆԱՏՕ-ում ընդգրկելը կերաշխավորի անվտանգությունը, Լատվիան անցավ պրոֆեսիոնալ բանակի, իսկ հիմա, կարծես, դարձ ի շրջանս յուր: Բալկաններում նույնպես վիճակը խառն է, հատկապես կոնֆլիկտներից ուշքի չեկող Սերբիայում։ Համեմատաբար ավելի հանգիստ Խորվաթիայում նույնպես նկատվում է միտում՝ վերադառնալու պարտադիր ծառայության: Ասել կուզի, պրոֆեսիոնալ բանակի ինստիտուտի հարցն այս պետությունները դիտարկում են ռեգիոնի քաղաքական ու անվտանգության կոնտեքստի մեջ: Եթե Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունները՝ Լեհաստանը, Չեխիան, Ռումինիան, Բուլղարիան, Սլովակիան, Հունգարիան, հիմնականում 2000-ականներին անցան ՆԱՏՕ/ԵՄ ինտեգրման, ապա նույն Եվրոպայի Սկանդինավյան երկրներում մի քանիսը հրաժարվեցին պրոֆեսիոնալ բանակից և վերադարձան պարտադիրին, օրինակ՝ Շվեդիան, Նորվեգիան՝ մասամբ, իսկ Դանիան պահպանեց կարճաժամկետ ծառայությունը։
Բացի արտաքին գործոններից, կան նաև հստակ օրինաչափություններ, որոնք առնչվում են պետության ներքին գործընթացներին, և կան սկզբունքներ ու պահանջներ, որոնցով իրականացվում է այդ անցումը: Առանձնացրել եմ 6 քայլ, առանց որոնց հնարավոր չէ հաջողության հասնել: Դրանք են՝
1․ Հստակ իրավաքաղաքական նորմավորում․ անհրաժեշտ է ընդունել օրենքներ, սահմանել պարտադիր/ազատված ռեժիմների օրինական կարգավորումը և պահեստային/ռեզերվային հավաքին փոխարինող մեխանիզմները։ Ուսումնասիրել ԱՄՆ Gates Commission-ի փորձը:
2․ Մրցունակ երկարաժամկետ ֆինանսավորում․ պրոֆեսիոնալ զինծառայողին պետք է առաջարկել բարձր աշխատավարձ, կենսաթոշակային երաշխիքներ, ընտանիքի սատարում, առողջապահության ապահովագրություն, բնակարանային ծրագրեր և այլն։
3․ Հավաքագրման ռազմավարություն․ պահել պրոֆեսիոնալ բանակ նշանակում է՝ հասկանալ աշխատաշուկայի տրամաբանությունն ու հեռանկարը, մարդկային ռեսուրսը պետք է հավաքագրել, կրթել, կատարելագործել, ունենալ երկարաժամկետ կարիերայի ճանապարհային քարտեզ:
4․ Կազմակերպչական-կառուցվածքային փոփոխություններ․ անձնակազմի աստիճանական կրճատում, այնպես որ չազդի մարտունակության վրա:
5․ Պահեստազորի ամբողջական ինտեգրում․ հենվել պրոֆեսիոնալ ռեզերվների և պարտադիր պահեստային մեխանիզմի վրա, եթե ստեղծվի պատերազմական վիճակ: Սա թույլ է տալիս փոքրացնել մշտական կազմը, բայց պահպանել արագ ընդլայնման հնարավորություն:
6․ Խիստ գնահատման մեխանիզմներ և սոցիալական համաձայնություն․ հասարակության լայն աջակցությունը շատ կարևոր է, հատկապես այն երկրներում, որտեղ անվտանգության զգայունություն կա: Առանց հասարակական լեգիտիմացման անցումը բարդ կլինի։
Հիմա այս ամենին գումարենք ֆինանսական ծախսերը, բյուջետային ավելացումները, բնակարանային ու կրթական նպաստները, բոնուսները, ուսումնական կենտրոնների վերակազմավորումն ու վերապատրաստման ծախսերը, տեխնոլոգիական ու մասնագիտական ներդրումները՝ ավելի թանկ, սակայն ավելի արդյունավետ զինատեսակները, որոնք պահանջում են երկարաժամկետ մասնագիտական անձնակազմի պատրաստում, ռեզերվների ֆինանսավորում՝ վարորդներ, մեխանիկներ, տեխնոլոգներ, թվային պլատֆորմներ, բուժսպասարկում, ընտանիքի աջակցություն և այլն։ Այս ամենը գումարենք՝ կստացվի վախեցնող թիվ, բայց դա միայն առաջին հայացքից: Միաժամանակ նշենք՝ այնպես չէ, որ պարտադիր զինծառայությունն ավելի էժան է, քան պրոֆեսիոնալ բանակ պահելը: Երկու դեպքում էլ ահռելի ծախսեր են պահանջվում, բայց կա ընդհանուր օրինաչափություն․ պարտադիր բանակի համեմատ պրոֆեսիոնալ բանակն ավելի թանկ է, որովհետև պետությունը պետք է վճարի լիարժեք աշխատավարձեր, սոցիալական փաթեթներ, բնակարանային և կենսաթոշակային ապահովագրություն։ Միաժամանակ նշենք, որ եթե արևմտյան երկրներում ժամկետային զինծառայողի միջին ծախսը տատանվում է տարեկան 5-10 հազար դոլարի միջակայքում, որի մեջ հիմնականում մտնում է՝ սնունդը, հանդերձանքը, ուսուցումը, ապա պրոֆեսիոնալ կամավորականի դեպքում ծախսը ներառում է նաև աշխատավարձ, ապահովագրություն, բնակարանային և կրթական փաթեթներ, և կազմում է տարեկան միջինը 40-60 հազար դոլար՝ մեկ զինվորի հաշվով, այսինքն՝ թվային արտահայտությամբ, մեկ զինծառայողի «արժեքը» 4-6 անգամ բարձրանում է, բանակի ընդհանուր թիվը փոքրանում է թվաքանակով, բայց որակապես այլ տեսք է ստանում։ Ներկայացնեմ ֆինանսական ծախսերի պատկերը մի շարք երկրներում․
ԱՄՆ
- Վիետնամի պատերազմից հետո հաշվարկները ցույց տվեցին, որ պրոֆեսիոնալ բանակի անցումը բարձրացնելու է ծախսերը 10-15%-ով պարտադիր բանակի համեմատ։
- 1974թ․-ին զինծառայողի միջին աշխատավարձը բարձրացվեց մոտ 100%-ով, որպեսզի մրցակցի քաղաքացիական շուկայի հետ։
- Ներկայումս ԱՄՆ ռազմական բյուջեն մոտ $840 մլրդ դոլար է (2024), որից աշխատավարձերի և սոցիալական ապահովության վրա ծախսվում է շուրջ 25-30%։
Ֆրանսիա (1996–2001 անցում)
- Նախնական հաշվարկները ցույց էին տալիս՝ անցումը կավելացնի տարեկան բյուջեն մոտ 5-7 մլրդ եվրոյով։
- 2001-ին պաշտպանության բյուջեն կազմեց մոտ 30 մլրդ եվրո, որից մոտ 40% ուղղվեց աշխատավարձերին և սոցիալական ապահովությանը։
- Զորակոչից հրաժարվելուց հետո բանակի թվաքանակը կրճատվեց, բայց յուրաքանչյուր զինծառայողի ծախսը զգալիորեն աճեց։
Գերմանիա (2011-ից)
- Պարտադիր ծառայության ժամանակ մեկ զորակոչվածի տարեկան պահման արժեքը մոտ 8-10 հազսր եվրո էր։
- Պրոֆեսիոնալ զինծառայողի դեպքում այդ թիվը հասավ 40-50 հազար եվրոյի՝ աշխատավարձերի, բնակարանային և սոցիալական փաթեթների պատճառով։
- Այսօր Գերմանիայի պաշտպանության բյուջեն (2024) մոտ €72 մլրդ է, որի կեսից ավելին ծախսվում է աշխատավարձերի և սոցիալական ծախսերի համար։
Լեհաստան (2009-ից)
- Պայմանագրային զինծառայողի աշխատավարձը միջինում կազմում է 1000–1200 եվրո/ամիս (2020 տվյալներով), մինչդեռ նախկինում զորակոչվածը ստանում էր խորհրդանշական 50-100 եվրո։
- Ընդհանուր բյուջեն աճեց մոտ 20–25% անցման առաջին տարիներին։
Իհարկե պաշտպանական ծախսերի մասին չեմ խոսում, դա առանձին թեմա է՝ մեծ հաշվապահությամբ: Թեև խոստովանեմ, որ քիչ առաջ նշածս պետություններն անընդհատ ավելացնում են ռազմական ծախսերը և կրճատում սոցիալական աջակցության փաթեթները:
Նկատեցիք, որ ամբողջ վերլուծության ընթացքում խուսափում էի մեր բանակի վերաբերյալ գնահատականներ տալ կամ խոսել ներկա վիճակի մասին: Ինձ համար բանակը կարմիր գիծ է՝ անկախ իշխանության ղեկին նստած անձից կամ իշխանության նկատմամբ իմ վերաբերմունքից։ Շատ փակագծեր չեմ բացի, որովհետև օտարական ու թշնամական լսարաններն էլ պիտի հասկանան, որ հայկական բանակի հարցում հայությունն ունի միասնական մոտեցում՝ անկախ այն կոտրել փորձող փաշինյանականների կամ նրանց տերերի ցանկությունից: Մեր երկիրը կանգնած է իրական, անմիջական տարածքային սպառնալիքի առջև, և հիմա պրոֆեսիոնալ բանակի անցնելու հարցն ակտիվացնելը պարունակում է լրջագույն ռիսկեր, որոնք կարող են հանգեցնել անդառնալի ծանր կորուստների: Այլ պայմաններում, այլ որակներով ու ազգային տեսլականով իշխանության պայմաններում՝ երկու ձեռքով կողմ եմ կամավորական, մոբիլ, տեխնոլոգիապես զարգացած, արժեքներով, բարոյահոգեբանական ու մարտական բարձր պատրաստվածությամբ, ազգային պետական մտածողությամբ սպայակազմով պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը, որին զուգահեռ կգործի հզոր աշխարհազոր: Պետությունը պիտի հարստացնենք, որպեսզի գոնե սկզբնական փուլում կարողանանք կայուն ֆինանսավորել արհեստավարժ այդ բանակը, հավաքագրել ամբողջ աշխարհով մեկ սփռված մեր պրոֆեսիոնալ զինվորականներին, հնարավորություն ստեղծել նրանց հայրենիք վերադարձին ու բանակում փայլուն կարիերային։ Պոտենցիալը կա, խելացի բանակ ստեղծելու ռեսուրսն ունենք՝ թե՛ մարդկային, թե՛ գիտամտավոր, թե՛ ինժեներական։ Փողը հաստատ կստեղծենք: Կարծում եմ՝ համաշխարհային փորձը կարելի է հարմարեցնել մեր հնարավորություններին և խաղալ երկարաժամկետ, այսինքն՝ փուլ առ փուլ հասնել պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը, սկզբնական շրջանում մեծացնել պայմանագրային ծառայողների թիվը, բարձրացնել մասնագիտական ստորաբաժանումների պրոֆեսիոնալացումը, միաժամանակ պահպանել ռեզերվային մեխանիզմը։ Սա կամրապնդի արագ արձագանքման կարողությունը, միաժամանակ թույլ կտա ֆինանսները ծախսել խելացի և նպատակային: Մենք այդ համակարգին լիարժեք կարող ենք անցնել նվազագույնը՝ 5-10 տարում, եթե ոչ՝ մի փոքր էլ ավելի: Այս տրամաբանությունից դուրս ցանկացած հապճեպ, չհաշվարկված քայլ կործանարար է լինելու: Փաշինյանի իշխանությանը հետաքրքիր չէ հայի ու Հայաստանի ճակատագիրը, նա այլ օրակարգով է ապրում, որը կապ չունի մեզ հետ: Նա պոպուլիստ ու քվե մուրացող է, որին թվում է խաղաղություն է բերել մեր տարածաշրջան՝ մոռանալով, որ Վաշինգտոնում ստորագրած թղթի կտորի նման հարյուրավոր փաստաթղթեր կարելի է ստորագրել, որոնք ոչ մի գրոշի արժեք չունեն և չեն կարող ունենալ, եթե դրա տակ չունես անվտանգությունդ պահող ու հակառակորդիդ զգաստացնող, մինչև ատամները զինված բանակ: Նիկոլն ընդամենը նախընտրական էժան մանիպուլյացիաների ցիկլի մեջ է, որից դուրս նա չի կարող ունենալ քաղաքական կյանք: Այս ծանրագույն վիճակից դուրս գալու համար աշխատանք է պետք, կրթության որակ փոխել է պետք, ազգային արժեհամակարգի գիտակցում ու աշխարհայացքի ձևավորում է պետք, ոչ թե պետք է Արևմտյան Հայաստան ու Արցախ բառերից վախենալ։ Ասել կուզի՝ մինչև անվտանգային միջավայր փոխելն ու պրոֆեսիոնալ բանակ ձևավորելը պիտի ներազգային օրակարգը ձևավորենք, բայց քանի սրանք իշխանությունում են, մեզ լավ բան չի սպասվում, քանզի սրանք ներկայացնում են Հայաստանը, հայն ու Հայաստանը լավ օր չեն տեսնելու։ Սրանց պիտի փոխենք, և միայն դրանից հետո հնարավորություն կունենանք գիշեր-ցերեկ աշխատելու և կյանքի կոչելու մեր նպատակները: Սա նաև Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի մոտեցումն է՝ կամավորական արհեստավարժ բանակ ունենալու հարցում: